Լրահոս
Օրվա լրահոսը

Ողջ աշխարհում նվազում է ծխախոտ օգտագործողների թիվը․ ԱՀԿ

Դեկտեմբեր 22,2019 23:00

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) օրերս հանդես է եկել զեկույցով, որը վերջին 2 տասնամյակի կտրվածքով առաջին անգամ դրական տեղաշարժ է կանխատեսում «ծխախոտային գլոբալ համաճարակի» դեմ պայքարում։ ԱՀԿ-ի փորձագետների կազմած զեկույցի համաձայն՝ ծխողների թիվը գնալով նվազում է, ընդ որում վերջին տարիներին ոչ միայն կանայք, այլև տղամարդիկ են սկսել ավելի քիչ ծխել։

«Շատ տարիների ընթացքում մենք նկատում էինք ծխող տղամարդկանց թվի անընդհատ աճ։ Սակայն այժմ առաջին անգամ այդ ցուցանիշը նվազման միտումներ է ցուցաբերում»,- հայտարարել է կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեիսուսը։

Բժիշկ Թեդրոս Ադանոմ Գեբրեիսուս

ԱՀԿ-ի ղեկավարի խոսքերով՝ ծխողների թվի նվազման հիմնական պատճառը ծխախոտային արդյունաբերության նկատմամբ գործադրվող ավելի խիստ  միջոցներն են, որոնք կիրառվում են աշխարհի շատ երկրներում։

«Ավելի խիստ, համակարգային ու գիտականորեն հիմնավորված միջոցների ընդունումը կառավարություններին իրենց քաղաքացիներին ու հասարակությունը պաշտպանելու հնարավորություն է ընձեռում»,-նշել է ԱՀԿ-ի Առողջության ամրապնդման դեպարտամենտի տնօրեն Ռյուդիգեր Կրեքը։

Այժմ այս վնասակար սովորության տարածվածության առումով առաջատար են գաճաճ կղզի-պետություններ Նաուրուն և Կիրիբատին․ այդ երկրներում ծխում է բնակչության կեսից ավելին (52%)։

Այդ երկրներին հաջորդում են Թուվալուն (49%), Մյանման (45%), Չիլին (45%), Լիվանը (43%) և Սերբիան (41%)։

Ռուսաստանում ծխողների թիվը կազմում է բնակչության 28,3%-ը, սակայն ռուսաստանցիների շրջանում ծխող կանանց թիվը գրեթե 2 անգամ ավելի է, քան միջինում ամբողջ աշխարհում։

«Ծխախոտային ժուժկալության» հարցում ամենալավ վիճակը տիրում է Հյուսիսային և Հարավային Ամերիկայում․ այնտեղ միանգամից 15 երկրներում, դատելով տվյալներից, մինչև 2030 թ․-ը ծխողների թիվը կնվազի 3 անգամ։

Որքան էլ ԱՀԿ-ի զեկույցի տվյալները հուսադրող են, ծխախոտի օգտագործումն աճում է հետևյալ 5 երկրներում՝ Եգիպտոսում, Կոնգոյում, Լեսոտոյում, Նիգերիայում և Օմանում։

Վերջին տվյալների համաձայն՝ այսօր ծխում կամ ծխախոտն այլ տեսքով օգտագործում է մոլորակի գրեթե ամեն 4-րդ բնակիչը։ Նրանցից 80% -ը տղամարդիկ են։

Ընդհանուր առմամբ աշխարհում հաշվվում է ծխախոտ և ծխախոտային այլ արտադրատեսակներ (նարգիլե, ծխամորճ, սիգար, «անծուխ ծխախոտային միջոցներ») օգտագործող մոտ 1 միլիարդ 337 միլիոն մարդ։ Ընդ որում ԱՀԿ վիճակագրությունը չի ներառում էլեկտրոնային սիգարետները։

2000 թ․-ից աշխարհում ծխախոտ օգտագործողների թիվը նվազել է մոտավորապես 60 միլիոնով, սակայն այդ անկումը տեղի է ունեցել բացառապես չծխող կանանց թվի ավելացման հաշվին։

Ծխողների ընդհանուր թիվը նվազել է մոտավորապես 100 միլիոնով, սակայն տղամարդ ծխողների թիվը միաժամանակ աճել է 40 միլիոնով (նրանց թիվը սկսել է նվազել միայն նախորդ տարվանից)։

Զեկույցում հատուկ ընդգծվում է, որ կանոնավոր ծխողներից 43 միլիոնը 13-15 տարեկան երեխաներ են։

Այնուամենայնիվ վերջին երկու տասնամյակի միտումն ակնհայտ է՝ աշխարհում սկսել են ավելի քիչ ծխել։

Եթե 2000 թ․-ին միջինը ծխախոտ էր օգտագործում մոլորակի 15 տարեկանից բարձր յուրաքանչյուր երրորդ բնակիչը, ապա 2025 թ․-ին, ԱՀԿ-ի կանխատեսումներով, կծխի միայն յուրաքանչյուր 5-րդը (նշենք, որ այս վիճակագրությունը հաշվի է առնում նաև բնակչության գլոբալ աճը)։

Ծանուցում․ Ամեն տարի ծխելու հետ կապված հիվանդություններից ողջ աշխարհում մահանում է ավելի քան 8 միլիոն մարդ, որոնցից 1,2 միլիոնը պասիվ ծխողներ են։

 

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Աղբյուր՝ ԱՀԿ ԶԵԿՈՒՅՑ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031