Լրահոս
Օրվա լրահոսը

Սիրով, պայծառամտությամբ ու պայծառատեսությամբ

Դեկտեմբեր 22,2019 10:30

Թավշյա հեղափոխության օրերին Փաշինյանականներն ու «իմքայլականներն» ավելի քան աչքի էին ընկնում միասնականությամբ ու գաղափարական մոնոլիտությամբ, եւ թավշյա հեղափոխության օրերին որեւէ մեկիս մտքով չէր անցնի, որ «իմքայլականները» երբեւէ կպառակտվեն եւ երբեւէ իրար դեմ ելույթներ կունենան: Առավել եւս չէինք պատկերացնի, որ իրենք, որ տեղի-անտեղի հպարտանում ու պարծենում էին հակահեղափոխականների ու իրենց հակառակորդների հանդեպ ունեցած իրենց «թավշյա» վերաբերմունքով, նման վերաբերմունք հանդես չեն բերի նույնիսկ իրենց թիմակիցների ու գաղափարակիցների վերաբերմամբ: Բայց ահա զարմանքով տեսնում ենք: Զարմանքով տեսնում ենք բաներ, որոնք մտքներովս անգամ չէին անցնում: Օրինակ, որեւէ մեկիս մտքի ծայրով անգամ չէր կարող անցնել, որ թավշյա հեղափոխության հաղթանակից մի տարի էլ չանցած՝ իրենց պաշտոններից հրաժարական կտան Նոր Հայաստանի ամենանվիրյալ պաշտոնյաներ, ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանը կամ, ասենք, ոստիկանապետ Օսիպյանը, ովքեր, բոլորիս է հայտնի՝ ինչպիսի նվիրվածություն էին հանդես բերում թե՛  թավշյա հեղափոխության ողջ ընթացքում եւ թե՛ հեղափոխությունից հետո՝ արդեն Նոր Հայաստանի կայացման ընթացքում:

Մինչ մենք զարմանքով ենք հիշում  Նոր Հայաստանի բարձրագույն իշխանությունների եւ Արթուր Վանեցյանի ու Վալերի Օսիպյանի միջեւ առաջացած ու գոյություն ունեցող հակասություններն ու տարաձայնությունները, որոնք հանկարծակի ու անսպասելի հանգեցրին վերջիններիս հրաժարականներին, հիմա էլ, ահա, նույնքան անսպասելի ու նույնքան հանկարծակի հակասություններ ու տարաձայնություններ են առաջացել եւ շարունակում են առաջանալ Նոր Հայաստանի բարձրագույն իշխանության եւ նույն իշխանության ամենասիրված ներկայացուցիչներից մեկի՝ քաղաքապետ Հայկ Մարությանի միջեւ, որոնք նույնպես, ըստ ասեկոսեների, կարող են հանգեցնել վերջինիս հրաժարականին՝ շարունակելով զարմացնել հեշտ զարմացողներիս:

Զարմացողներս զարմանում ենք, որ Նոր Հայաստանի բարձրագույն իշխանություններին Արթուր Վանեցյանը, օրինակ, պիտի զարմացներ, բայց չզարմացրեց դեռ այն ժամանակ, երբ թավշյա հեղափոխության բազմաբարդ ու դժվարին հաղթանակից հետո, ստանձնելով ԱԱԾ պատասխանատուի բազմաբարդ ու դժվարին գործը, ոչ թե իրեն էդ գործին նվիրեց, այլ միանգամայն այլ գործի՝ ֆուտբոլին, եւ, բոլորիս համար անսպասելի, ստանձնելով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը՝ շուտով մեր ֆուտբոլին այնպիսի ծանր ու աննախադեպ հարված հասցրեց, ինչպիսին էր իտալացիներից ստացած ապտակը՝ 9:1 հաշվով:

Կարճ ասած՝ թավշյա հեղափոխության պատվաբեր ու դժվարին հաղթանակից հետո Նոր Հայաստանի իշխանություններն առանձնապես միասնական թիմի տպավորություն չեն թողնում, եւ չեն կարող միասնական թիմի տպավորություն թողնել, որովհետեւ իրականում ու իրապես միասնական չեն, ու հիմնականում դա է պատճառը, որ հակահեղափոխականներն ու հականիկոլականներն աջուձախ լիահույս հայտարարում են, որ Նոր Հայաստանի իշխանություններին ու անձամբ Նիկոլ Փաշինյանին ընդամենը հաշված ամիսներ են մնացել:

Չենք ուզում հավատալ իրենց ասածին, բայց հավատում ենք, որ այս ասելու համար իրենց համար հիմք է հանդիսացել հեղափոխականների ու «իմքայլականների»՝ միմյանց հանդեպ բացասական վերաբերմունքը, որը, ցավոք սրտի, շարունակվում է եւ ավարտվելու ու դադարելու միտում չունի, եւ եթե այսպես շարունակվի, հակահեղափոխականները հավելյալ հույսերով կտոգորվեն:

Մեզ մնում է հիշել ու նման հույսերով ներշնչվողներին ու ապրողներին հիշեցնել, որ  Նիկոլի հետ ու Նիկոլի հետեւից «քայլարած» ջահելներն էին, որ հաճելիորեն զարմացրին ողջ աշխարհին եւ ողջ աշխարհին հիմնավորապես համոզեցին ու հավատացրին, որ մեր ջահելներն իսկապես նորովի են մտածում եւ նորովի մտածելով՝ հաստատապես տրամադրվել են միանգամայն Նոր Հայաստան կառուցել: Եվ իրենք այնքան վստահ էին հավատում, որ իրենց հավատով նաեւ մեզ էին վարակում: Եվ մենք բարորակ այդ հավատով վարակվելով՝ համոզված էինք, որ իրենց հաստատապես կհաջողվի իրենց ու ամենքիս երազած Նոր Հայաստանը կառուցել: Եվ այդ հավատով տոգորված՝ սկսեցինք ապրել ու «քայլ անել»՝ իբրեւ Նոր Հայաստանի լիարժեք քաղաքացի: Եվ հեշտ հավատացողներս սկսել ու շարունակում ենք «մեր քայլը», որի վերջն ու ավարտը մեր չուզողներն ու մեր թշնամիք են փափագում՝ Նոր Հայաստանի չուզողներն ու Նոր Հայաստանի թշնամիները:

Մնացածներս հույսով ու հավատով «մեր քայլն» ենք անում: «Մեր քայլը»՝ Նոր ու նորակառույց մեր Հայաստանում, որի հիմքերը բոլորս ենք դրել: Բոլորս: Սիրով, պայծառամտությամբ ու պայծառատեսությամբ:

Այնպես որ, ես միանգամայն համաձայն եմ քաղաքագետ Ստեփան Սաֆարյանի հետ, ով քաղաքապետ Հայկ Մարությանի ու «Կամազ»-ների պատմության մասին հետեւյալն է ասել. «Այս աղմուկը կանցնի. այն քաղաքապետի աթոռից չի պոկի Հայկ Մարությանին: Հայկ Մարությանը հրաժարական չի տա»:

Ոսկան ԵՐԵՎԱՆՑԻ

«Առավոտ» օրաթերթ
20.12.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031