Շիրակի նախկին մարզպետ, Ազգային ժողովի պատգամավոր Կարեն Սարուխանյանն, Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով այն պնդումներին, որ ինքը թեկնածու ունի «Արփի լիճ ազգային պարկ»-ի տնօրենի պաշտոնի համար (ըստ այդ պնդումների՝ Շիրակի մարզպետարանի ներքին աուդիտի բաժնի պետ Մուշեղ Մուրադյանն է, որը համեմատաբար ցածր ձայներ է հավաքել մրցույթում, և ամեն ինչ անում է նրան նշանակել տալու համար), ասաց․ «Այո՛, ճանաչում եմ Մուշեղ Մուրադյանին, նրա հետ աշխատել եմ որպես Շիրակի մարզպետ, և ոչ միայն նրա հետ, այլ մնացած բոլոր բաժինների պետերին եմ ճանաչում, վարչության պետերին ու ողջ անձնակազմին։ Ես բավականին լավ հարաբերություններ ունեմ Մուշեղ Մուրադյանի հետ և ոչ միայն նրա, այնտեղ այլ թեկնածուներ ևս կան, որոնց հետ ևս լավ հարաբերությունների մեջ եմ։
Իմ կողմից որևէ հովանավորչություն չկա և չի կարող լինել որևէ մարդու համար։ Իսկ ընտրության մասով ասեմ՝ այո՛, տեղյակ եմ, որ նախարարն իրավունք ունի անցողիկ շեմը հաղթահարած ցանկացած թեկնածուի նշանակելու։ Իմ մարզպետ աշխատած ժամանակվանից եմ հիշում ՝ օրենքը թույլ է տալիս տվյալ դեպքում նշանակում կատարել՝ ըստ նախարարի ցանկության, ավելի ճիշտ նպատակահարմարության»։
Կարեն Սարուխանյանն անդրադարձավ նաև Մուշեղ Մուրադյանի՝ ազգային պարկի տարածքում մոտ 300 հեկտարի չափով վարձակալած հողատարածք ունենալուն։
«Գուցե իմ անունն էլ է այս հարցում շոշափվում, դրա համար պարզաբանեմ․ իմ մարզպետ աշխատած ժամանակ Մուրադյանի հողեր ունենալու թեման եղել է, իրականում հողերն այդ տարածքում Մուշեղի կողմից վարձակալությամբ վերցվել են մինչև ազգային պարկի հիմնադրումը և տրված են ենթավարձակալության։ Այսինքն՝ մոտ 17-18 տարի առաջ, հիմա հասկանում եմ՝ քաղաքական առումով շատերին ձեռնտու չէ,ցանկանում են կապել իմ անվան հետ՝ հաշվի առնելով այնտեղի վերջին բացահայտումները, հաշվի առնելով, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Շիրակի մարզից ես եմ ներկայացնում առաջնահերթ, կփորձեն նմանատիպ ամեն բան կապել ուղիղ իմ հետ, որպեսզի մեր թիմին կամ իշխանությանը հարված հասցնեն։
Կարդացեք նաև
Ես ուղիղ կապում եմ նախկին իշխանությունների կամ նախկին իշխանության կից լծակ կուսակցությունների հետ, որոնք կարող են որոշակի մարդիկ ունենալ նախարարությունում, այնտեղից ինչ-որ ինֆորմացիաներ իրենց հասցնեն՝ ինչ-ինչ լծակներով կամ փորձեն ուղղակի մինչև նշանակումը թեկնածուներից որևէ մեկին դեղին մամուլով սևացնեն»,-ասաց Կարեն Սարուխանյանը։
Պատգամավորը զրույցի վերջում հավելեց, որ որոշ ուժեր վախենում են՝ հանկարծ իրենց ոչ նախընտրելի թեկնածու նշանակվի ազգային պարկի տնօրեն ու ջրի երես դուրս գան չարաշահումներ, դրա համար էլ փորձում են սևացնել։ Նա նաև նշեց, որ թեև ինքն այս հարցում դերակատարություն չունի, սակայն այդ տարածքից ամենաշատ ձայներ հավաքած պատգամավորն է, և վստահ է, որ այդ տարածքը պիտի ծաղկի ու բարգավաճի։
Կարեն Սարուխանյանը նաև շեշտեց, որ Մուշեղ Մուրադյանի ղեկավարած բաժինը՝ իր մարզպետ լինելու ընթացքում մեծ արդյունք է տվել՝ չարաշահումների բացահայտման ու գողացված գումարը պետական բյուջե վերադարձնելու առումով։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ