«Տեսնենք՝ տոներն անցնեն, նոր կգնահատենք: Մեկը մյուսի հետ կապ չունի: Նա էլ ենք անում, նա էլ: Բոլորն էլ պետք է արվի: Զուգահեռ աշխատանքի մեջ է գաղտնիքը, ոչ թե մեկ անելիքի վրա կենտրոնանալու»,- Հանրապետության գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողության ժամանակ լրագրողների հետ ճեպազրույցում այսօր պատասխանելով հարցին՝ «քաղաքացիները դժգոհում են, որ վերելակ սարքելու փոխարեն տոնական միջոցառումների վրա է Քաղաքապետարանը մեծ գումարներ ծախսում», ասաց Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
Նա վստահեցրեց, որ եկող տարում Երեւանում մեծ փոփոխություններ են սպասվում. «Ինձ համար առաջնահերթությունը տրանսպորտն է, որի առնչությամբ այս տարի արդեն մեծ աշխատանք է արվել: Քննարկումների փուլն անցել ենք, իրագործման փուլում ենք, կոնկրետ աշխատանքների ենք անցել: Ծրագրի իրականացումը 2-4 տարի կտեւի»:
Ինչ վերաբերում է ընդդիմադիր ավագանի Դավիթ Խաժակյանի հայտարարությանն այն մասին, որ Հայկ Մարությանն անցել է պաշտոնեական լիազորությունները, Մարությանն արձագանքեց. «Վայ, լավ էլի, նման բան գոյություն չունի բնականաբար: Ինչի՞ մասին է խոսքը»:
Անդրադառնալով «Լույս» խմբակցությունից Դավիթ Խաժակյանին հետ կանչելու վերաբերյալ «Լուսավոր Հայաստանի» քննարկումներին՝ Հայկ Մարությանը նշեց. «Դա իրենց գործն է, կուսակցական հարց է»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ