«Այս տարիներին հասկացել եմ, որ երեւանցիները բացառիկ մարդիկ են: Այս տարում մենք՝ երեւանցիներս, եւս մեկ անգամ ապացուցեցինք դա: Մենք գիտենք միասին ուրախանալ, տարբեր երկրներից հյուրընկալել մեր քույրերին եւ եղբայրներին: Գիտենք նաեւ միասին դիմակայել դժվարությունները: Այս տարին երեւանցիների համար դժվար տարի էր: Դժվարությունները հաղթահարել ենք միասին»,-հանրապետության գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությանն այսօր հայտարարեց Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
Նա շնորհակալություն հայտնեց ճակատագրին՝ երեւանցիների հետ նույն քաղաքում ապրելու բախտին արժանացնելու համար. «Այս տարի լուծեցինք անցյալից մնացած մի քանի խնդիրներ: Մենք ստեղծել եւ ստեղծում ենք համակարգեր, որոնց միջոցով քաղաքը ծաղկելու է»:
Տոնական միջոցառմանը մասնակցում են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նրա տիկին Աննա Հակոբյանը, նախարարներ, ոստիկանապետը, ավագանու անդամներ եւ այլ պաշտոնյաներ:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ