«Դավիթ Խաժակյանի հետ կապված ԼՀԿ-ի ներսում որեւէ խնդիր գոյություն չունի: Խնդիրը «Լույս» դաշինքի ուժերի հանրային ընկալման մեջ է: Ըստ այդ ընկալման՝ դա մի ուժ է»,-«Լուսավոր Հայաստան» կուսակցության 4-ամյակի առթիվ այսօրվա միջոցառման ժամանակ հայտարարեց կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով փաստին, որ ԼՀԿ-ն քննարկում է Երեւանի ավագանու կազմում «Լույս» դաշինքից Դավիթ Խաժակյանին հետ կանչելու հարցը: Հիշեցնենք, որ դաշինքի կազմում են նաեւ «Հանրապետություն» կուսակցության երկու ավագանիները՝ Անի Խաչատրյանն ու Թեհմինա Վարդանյանը:
«Դավիթ Խաժակյանն ասել է, որ խնդիր կա, եթե լուծվի՝ կմնա: Այնպես չէ, որ ասել եմ՝ դուրս արի, ինքն էլ դիմադրում է: Տպավորություն է, թե նա ԼՀԿ-ի հետ խնդիր ունի, բայց նման բան չկա: Տխմար վերլուծություն եմ տեսել, թե իշխանությունը մեզ ճնշում է, որ մենք Խաժակյանին հետ կանչենք ավագանուց: Հա՛մ մեզ չեն ճանաչում, հա՛մ իշխանությանը, եթե նման բան են մտածում: Գիտեն, թե այն ժամանակներն են, երբ ինչ-որ մեկին էին զանգում՝ ինչ-որ բան անելու համար: Հիմա ո՛չ զանգողները կան, ո՛չ անողները: Ո՛չ իշխանությունն է մեզ զանգող, ո՛չ էլ մենք՝ անող, եթե անգամ զանգի: Ինչ-որ մեկը կարող է մեզ զանգել եւ ասել՝ մեզ քննադատողին հանե՞ք ավագանուց: Նման կերպ ասողը ո՛չ ինձ է ճանաչում, ո՛չ Նիկոլին»,-հավելեց Էդմոն Մարուքյանը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ