Լրահոս
Օրվա լրահոսը

Առողջապահության նախարարը՝ երեխաների ապօրինի որդեգրման և գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգի ձերբակալման մասին

Դեկտեմբեր 21,2019 17:40

Այսօր Գյումրիում էր ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Նա շրջայց կատարեց «Գյումրու  մոր և մանկան ավստրիական հիվանդանոցում», եղավ այն տարածությունում, որտեղ շվեյցարահայ գործարար Վարդան  Սրմաքեշի աջակցությամբ նախատեսված է կառուցել ծննդատուն, այցելեց  նաև Գյումրի բժշկական կենտրոն,  լսեց գործադիր տնօրենների հաշվետվությունները, հիվանդասենյակներում էլ  հատ-հատ մոտեցավ ստացիոնար բուժում ստացողներին՝ հետաքրքրվելով նրանց առողջական վիճակով։

Լրագրողները նախարարին խնդրեցին հնչեցնել իր գնահատականը ՀՀ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանի՝ նորածինների ապօրինի որդեգրման կասկածանքով ձերբակալության մասին։

Հիշեցնենք, որ Ռազմիկ Աբրահամյանի հետ միասին ձերբակալվել են ևս երկու հոգի՝ «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲ ընկերության փոխտնօրեն Արշակ Ջերջերյանը, «Երևանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիանա Կարապետյանը:

Նախարար Թորոսյանն ասաց․ «Տեսեք, անմեղության կանխավարկածը չեմ ուզում խախտել և բնավ չեմ ուզում դատարանի դեր  ստանձնել։ Բազմիցս հայտարարել եմ, հիմա էլ կասեմ, որ ես, լինելով կառավարության անդամ, նաև մասնակցելով  երեխաների որդեգրման գործընթացին․ արտասահմանյան որդեգրումները կառավարության նիստով  էին անցնում, իսկ տեղական  որդեգրումների պրոցեսում մենք ունեինք համատեղ հանձնաժողով  սոցապ նախարարության հետ, և հաճախ ինքս էի անմիջապես զբաղվում որդեգրվող երեխաների առողջության գնահատման գործընթացով։ Ես ինքս, իհարկե, չէի նայում երեխաներին, բայց տեղեկանում էի պրոցեսի մասին, և քանի որ շատ վաղուց կար, այսպես կոչված, մի հարց, որի պատասխանը չէր տրվել՝ արդյոք որդեգրման պրոցեսում կա՞ որևէ օրինախախտում, որևէ չարաշահում դիրքի՝ կամ պաշտոնական, կամ մասնագիտական, կառավարությունում որոշվեց այդ հարցին ավելի լուրջ ընթացք տալ, ինչի արդյունքներին դուք բոլորդ տեղյակ եք։

Կարծում եմ՝ քննությունը պետք է տա այդ հարցի պատասխանը, թե ով ինչքանո՞վ է մեղավոր, ով ինչ տիպի մասնակցություն է ունեցել, ով է անմիջական մասնակից եղել, ո՞վ է, այսպես կոչված, հովանավոր, եթե նման բան է եղել։

Առնվազն գոհ եմ, որ պրոցեսները գնում են բացահայտման ուղղությամբ և ոչ թե պարտակման, ինչը, ես վստահ եմ, հնարավոր չէր լինի նախորդ իշխանությունների ժամանակ, որովհետև այդ հարցը՝ չպատասխանված, կար վաղուց, ոչ մեկ չէր էլ փորձում պատասխանել։

Մենք հիմա փորձում ենք այդ հարցին պատասխանել, մեր բոլորի համար  ցավալի է  լսել մեղադրանքի հիմքում ընկած հանգամանքները, որովհետև կարծես թե լինելով այսպես ազգային արժեքների կրող անձինք, բժիշկներն, ունենալով այդքան մարդասեր մասնագիտություն, գթասիրտ, պետք է որ չներգրավվեին պրոցեսների մեջ։

Եթե դատարանը որոշեց, որ կա նման ներգրավվածություն, մենք, իհարկե, բոլորս ցավ կապրենք։ Բացի եղած դեպքերի մեղավորներին պատժելուց, մենք ընդհանրապես խնդիր ունենք լուծելու, երեխայից հրաժարվելու դեմ գործընթացին քայլեր անելու, օգնելու այն մայրերին, որոնք և հնարավոր է, որ հրաժարվեն, որպեսզի չհրաժարվեն, եթե նույնիսկ երեխան ծնվել է առողջական խնդիրներով։  Ընդհանրապես պետք է  այնպես անել, որ երեխաները չհանձնվեն մանկատուն, որ հետո էլ  չգնան որդեգրման։ Սոցապնախարարության քաղաքականությունը հենց դրան  էլ է ուղղված, մենք էլ  մեր մասով՝ բժշկական հաստատությունների մակարդակում, մասնակցում ենք այդ պրոցեսին»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031