Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հոգեբանը՝ ձախլիկների մասին. «Ծնողը ի վիճակի չէ փոխել բնության կողմից երեխային ի ծնե տրվածը»

Դեկտեմբեր 21,2019 16:35

Մերիլին Մոնրո, Մորգան Ֆրիման, Հանս Քրիստիան Անդերսեն, Ջիմ Քերի և այլք … այս բոլոր հայտնի մարդկանց միավորում է մեկ բան.  բոլորը եղել են ձախլիկներ: Յուրաքանչյուրս էլ մեր շրջապատում կունենանք մարդիկ, որոնք ձախլիկ են: Ըստ գիտնականների` ձախլիկները յուրահատուկ և խելացի մարդիկ են լինում: Հայաստանում ևս քիչ չեն ձախլիկները: Սակայն այլ խնդիր է, երբ ծնողները, երեխայի ձախլիկությունը վաղ տարիքում նկատելով, ստիպում են նրան դառնալ աջլիկ: Այդպիսի դեպք եղել է նաև 23-ամյա Արմինե Սարիբեկյանի կյանքում, որը նույնպես ծնողների հորդորով այժմ բացառապես աջ ձեռքով է գրում. «Երբ ես նոր-նոր փորձում էի գրիչ բռնել, մայրս նկատեց, որ ձախ ձեռքով եմ գրում մասնիկները ու տատիկիս հետ որոշեցին, որ քանի շուտ է, փոխենք (ժպտում է-Օ.Պ.)»:

Արմինեն հավելեց նաև, որ սկզբնական շրջանում, երբ դեռ ձախով էր  գրում, դպրոցում մենակ էր նստում . «Չգիտես ինչու, ինձ անընդհատ թվում էր,  թե ես ձախով գրելիս խանգարում եմ կողքիս նստողին, որը աջլիկ էր, ու էդպես նախընտրում էի միայնակ նստել»։ Տարիներ անց Արմինեն դարձավ աջլիկ և այժմ գրում է բացառապես աջ ձեռքով. «Հիմա այլև չեմ կարողանում ձախ ձեռքով վարժ գրել, և իմ շրջապատում ինչքան ձախլիկների եմ հանդիպում, մանկությունս աչքիս առաջ է գալիս»:

19-ամյա Լիլի Հարությունյանի դեպքում այլ էր: Մանուկ հասակում Լիլիի ծնողները նկատեցին, որ նա ձախլիկ է, սակայն այդ փաստը նրանց այդքան էլ չզարմացրեց. «Երբ դեռ մանկապարտեզ էլ չէի հաճախում, բոլորն էլ հասկացան, որ ձախլիկ եմ, ու դա նրանց համար նորմալ էր, որովհետև հայրս էլ էր եղել ձախլիկ, բայց ի տարբերություն ինձ` նրան պարտադրել են փոխել»: Լիլին հիմա ոչ միայն ձախլիկ է, այլև նույնքան վարժ կարողանում է աջ ձեռքով գրել. «Ես երբ հաճախեցի դպրոց, բոլորը զարմանքով էին նայում այդ փաստին, ուստի սկսեցի փորձեր կատարել աջ ձեռքով գրելու։ Սկզբից դժվար էր, բայց հետո դարձավ այնպես` ասես ամբողջ կյանքում հենց աջով էլ գրել եմ: Հիմա, երբ անցել են շատ տարիներ, ես իմ երկու ձեռքն էլ օգտագործում եմ ցանկացած ժամանակ ու ոչ ոք ինձ երբեք չի հորդորել այս կամ այն ձեռքով գրել։ Եթե հանկարծ լինեին այդպիսի դեպքեր` անշուշտ կընդդիմանայի», -եզրափակեց Լիլին:

Հոգեբան Տիգրանուհի Աճեմյանի խոսքով` հնում ձախլիկներին ստիպում էին աջլիկ դառնալ՝ միմյանց նման լինելու համար. «Խորհրդային ժամանակաշրջանում մանկապարտեզներում և դպրոցներում ձախլիկ երեխաներին ստիպում էին գրել աջ ձեռքով՝ բոլորին իրար «նմանեցնելու» համար: Սակայն ժամանակակից մասնագետները՝  հոգեբանները, նյարդաբանները, լոգոպեդներն ու մանկավարժները համարում են, որ չի կարելի փոփոխել երեխայի առաջատար ձեռքը, քանի որ դա կարող է իր մեջ կրել մի շարք վտանգներ, ինչպիսիք են՝  վախերը, նևրոզները, կակազությունը և այլն:  Ոչ մի ծնող կամ մանկավարժ ի վիճակի չէ փոխել  բնության կողմից ի ծնե տրվածը»:

Հոգեբանը եզրափակեց, որ ձախլիկ երեխայի պարագայում ծնողներն ունեն կարևոր 2 խնդիր. առաջինը՝ աջակցել, քանի որ նրա կյանքում գրեթե ամեն ինչ տեղի է ունենում «հայելային ձևով», և երկրորդը՝ ցուցաբերել զգոնություն և չփորձել փոփոխել  երեխայի առաջատար ձեռքը:

 

Օֆելյա ՊՈՂՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031