«Խորհրդային շրջանում Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի ու նրա հարեւանությամբ գտնվող եւս երկու մանկապարտեզ ներքին սահմաններ չեն ունեցել, որովհետեւ բնակավայրի բնակիչների տեղաշարժի հարց չի եղել»,- այսօր կրթահամալիրի դիմաց բողոքի ցույցի ժամանակ պատմում էր Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը: Ըստ նրա՝ իրենք շարունակել են ցույց տալ, որ կարելի է ընդարձակել այդ անցանկապատ միասնական տարածքը ու ապահովել այս բնակավայրի բնակիչների համար անվտանգության ավելի բարձր մակարդակ՝ լուծելով լուսավորության, անցումների հարցերը: Բողոքի ցույցն ընդդեմ թիվ 93 մանկապարտեզի և կրթահամալիրի Հյուսիսային դպրոցի-Գեղարվեստի միջև ցանկապատի շինարարական աշխատանքների էր:
«Դադարեցրեք, էս ի՞նչ խուլիգանությամբ եք զբաղված»,- դիմելով «Մխիթար Սեբաստացի» կրթական պարտեզի տարածքում ցանկապատ կառուցող շինարարներին՝ ասաց կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը:
«Մենք նորից կստեղծենք կենդանի պատնեշ, կպաշտպանենք մեր իրավունքները… Այսինքն պատահական մարդիկ կարող են գալ, քանդել ու ավիրե՞լ: Ես ձեզ շատ խիստ զգուշացնում եմ»,- ասաց կրթահամալիրի տնօրենը:
Շինարարներից մեկն էլ արձագանքեց, թե. «Նույն պատմությունն ա, էս մարդն եկել ասում ա, գնացեք»:
Կարդացեք նաև
«Էս մարդը չի է, Բլեյան Աշոտն ա»,- հակադարձեց Աշոտ Բլեյանը:
Ցանկապատ կառուցելու, չկառուցելու հարցով կրթահամալիրի տարածք էին եկել նաեւ ոստիկաններ, ավագանու անդամներ: Աշոտ Բլեյանը նաեւ ավագանու անդամին դիմեց, բացատրություն պահանջեց. « Գծագիրը ցույց տվեք. միասին շրջել ենք, այն ժամանակ ասում էիք՝ նոր ենք, սպասեք, լավ ինչ պատահեց ձեզ, մի հատ բացատրություն կա՞, ոչ փողոց կա, ոչ բան, երկու մանկապարտեզի միջեւ է, սահմանազատելը կարե՞լի է, չէ մի հատ նշան դրվի, ոչ թե ցանկապատ»: Կրթահամալիրի աշխատակիցները կենդանի պատ են կազմել կրթահամալիրի դիմաց, Աշոտ Բլեյանն էլ աշխատակիցների կողքին նստեց՝ ոստիկաններին բացատրելով միշտ հիշել, որ խաղաղ ցույցի նկատմամբ հիմքեր չունեն խառնվելու, նա հորդորեց միշտ հիշել, որ ինքը Բլեյան Աշոտն է: Նա ասաց, որ դեմ ճաղավանդակներին ու ասաց, որ իրենք սպասում են ավագանիներին, իսկ նրանցից յուրաքանչյուրը մանդատը վայր դնելու խնդիր ունի:
Աշոտ Բլեյանին ընդդիմացող քաղաքացիներից մեկն էլ նկատեց՝ եթե Աշոտ Բլեյանը տարածքի «կռիվ» չունի, ինչպես է բացատրում, որ իր աշակերտներին ասել է՝ հարակից տարածքը պետք է քանդվի ու դառնա ֆուտբոլի դաշտ:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Լուսանկարը՝ Աշոտ Բլեյանի ֆեյսբուքյան էջից