Լրահոս
Օրվա լրահոսը

Հուսով ենք՝ 2020-ին ՀՀ-ն եւ ՌԴ-ն կհատեն 2 միլիարդ դոլարի շեմը. Ալեքսեյ  Սինեգուբով

Դեկտեմբեր 21,2019 13:25

2019-թվականի վիճակագրությամբ, Հայաստանի ապրանքաշրջանառության 27 տոկոսը բաժին է ընկնում ՌԴ-ին, ինչը բացարձակ ֆինանսական արժեքով հասնում է երկու միլիարդ դոլարի շեմին: ՌԴ-ում հուսով են, որ եկող տարի Հայաստանին եւ ՌԴ-ին կհաջողվի հատել ապրանքաշրջանառության երկու միլիարդ դոլարի շեմը: Այս մասին այսօր ասաց ՌԴ դեսպանի խորհրդական Ալեքսեյ  Սինեգուբովը` «Հայ-ռուսական հարաբերությունները 2019 թվականին. Հնարավորությունների նոր պատուհան» թեմայով քննարկման ժամանակ: Եվրասիական փորձագիտական ակումբի կազմակերպած ամենամյա քննարկումը թվով վեցերորդն էր:

Դեսպանի խորհրդականն անդրադարձավ Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո հայ-ռուսական հարաբերությունների զարգացման դինամիկային՝ նկատելով, որ անցնող տարում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հինգ հանդիպում են ունեցել: Չորս հանդիպում էլ եղել է ՀՀ վարչապետի եւ ՌԴ վարչապետի մակարդակով: Երեկ էլ երկու երկրների լիդերները հանդիպել են Սանկտ Պետերբուրգում:  Ինտենսիվ շփումների համատեքստում դեսպանի խորհրդականը կարեւորեց արտաքին քաղաքական, ներքաղաքական, առեւտրատնտեսական հարցերով երկկողմ խորհրդատվությունները: Ալեքսեյ  Սինեգուբովը հատուկ ընդգծեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որ Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազան Հայաստանի համար կարեւոր նշանակություն ունի:

Նա նկատեց նաեւ, որ ռուսական կապիտալով Հայաստանում աշխատող ընկերությունները`«Գազպրոմ Արմենիա», Հարավկովկասյան երկաթուղիներ, էլեկտրական ցանցեր եւ այլն, Հայաստանի բյուջեի խոշոր հարկատուներն են:

ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավար Միքայել Մելքումյանն էլ, ընդհանուր առմամբ, դրական գնահատեց ԵԱՏՄ-ի շրջանակներում հարաբերությունների զարգացման դինամիկան: ԵԱՏՄ-ի շրջանակներում համագործակցությունները Միքայել Մելքումյանը կարեւորում է միասնական շուկաների ձեւավորման  համատեքստում: ԵԱՏՄ համագործակցության շրջանակներում, ըստ նրա, դեռ  խոչընդոտներ պարունակող 51 հարց կա, որոնք ուղղակի ՌԴ-ի հետ հարաբերությունների տիրույթում են եւ առաջիկա 3-4 տարիների աշխատանքի արդյունքը պետք է լինի դրանց հաղթահարումը:

Միքայել Մելքումյանն ասաց, որ Հայաստանում ռուսական կապիտալով աշխատող 2000 ընկերություն կա եւ մենք շահագրգիռ ենք հայկական տնտեսությունում ռուսական ներդրումներով: Ըստ նրա, Հայաստանը պետք է դառնա արդյունաբերական երկիր, որտեղ դոմինանտ պետք է լինի նաեւ IT ոլորտի զարգացումը, իսկ ԵԱՏՄ-ն մեզ համար ոչ միայն սպառման շուկա պետք է լինի, այլ Հայաստան ներդրումների ներգրավման հարթակ, այդ թվում նաեւ ՌԴ-ից:

Նա դրական գնահատեց նաեւ երկու երկրների խորհրդարանական համագործակցությունները: Հիշեցրեց, որ հենց այդ համագործակցությունների եւ բարձրացված հարցերի արդյունքում վերջերս ՀՀ եւ ՌԴ կառավարությունները համաձայնագիր ստորագրեցին`Վերին Լարսի անցակետում Հայաստանի մաքսային ներկայացուցիչ ունենալու մասին:Նա կարեւորեց նաեւ ԵԱՏՄ-ում խորհրդարանական հարթակի ստեղծումը, որը իր պնդմամբ զերծ է լինելու քաղաքական տարրերից եւ նպաստելու է բացառապես տնտեսական համագործակցությունների խորացմանը:

Քննարկմանը ներկա, իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովն էլ մանրամասն անդրադարձավ ՀԱՊԿ շրջանակներում համագործակցություններին` կարեւորել դրանց խորացումը Հայաստանի անվտանգային հարցերի համատեքստում:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031