Լրահոս
Օրվա լրահոսը

Վիկտոր Սողոմոնյան. Հիմա ինչ-որ մեկի «հանճարեղ» գաղափարով ստացվում է, որ նա բանտում է, իր աջակիցներն ավտոմատներով ազդում են վկաների վրա. «Հրապարակ»

Դեկտեմբեր 21,2019 11:50

Ոստիկանությունը նախօրեին տեսանյութ հրապարակեց, որտեղ բացահայտում է, թե Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից մեկը փորձում է կաշառել Մարտի 1-ի գործով տուժողներից մեկին, որ նա ցուցմունքը փոխի։ Քոչարյանի շրջապատը եւ անձամբ նրա կրտսեր որդին՝ Լեւոն Քոչարյանը, ոստիկանության տարածած այդ տեսանյութը համարեցին սադրանք ու շոու՝ նշելով, որ իրենք որեւէ մեկին չեն խնդրել կաշառել որեւէ տուժողի։ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը երեկ մեզ հետ զրույցում ասաց, որ ինքն անձամբ չի ճանաչում մարդուն, որը երեւում է տեսանյութում, բայց այն էժանագին բեմադրության տպավորություն է առաջացնում։

«Նաեւ այն պատճառով, որ ոստիկանության ցուցադրած պատմությունը փոքր-ինչ ծիծաղելի է՝ հաշվի առնելով, որ նյութը տարածում է պետության հիմնական իրավապահ ինստիտուտներից մեկը։ Այսինքն՝ ցույց են տալիս մարդու, որն առանձնապես ոչինչ չի ասում, երկրորդը՝ ցույց են տալիս մարդու, որը գլուխ է գովում, թե ինչ-որ զենք ունի էնտեղ դրված, հետո դրա հետ կապված որեւէ գործողություն, փաստորեն, տեղի չի ունենում, հետո պարզ չի՝ ինչու է աջակիցը փորձում, եթե փորձում է, իհարկե, քանզի նյութից դա չի բխում, ինչ-որ տուժածի համոզել, որ ինքն ինչ-որ ցուցմունք փոխի, այն դեպքում, երբ գործի բոլոր 80 հատորներում չկա որեւէ ցուցմունք, որը լինի Ռոբերտ Քոչարյանի դեմ։ Իսկ եթե ոչ թե սահմանադրական կարգի տապալման գործով է, այլ Մարտի 1-ի «մայր գործով» է, ապա ի՞նչ կապ ունի դա Ռոբերտ Քոչարյանի հետ, եւ ինչո՞ւ պետք է աջակիցն այդ ուղղությամբ գործողություններ կատարեր»,- ասաց Սողոմոնյանը՝ ցավ հայտնելով, որ սա ոչ թե օպերատիվ նյութ է հիշեցնում, այլ կոմիքս, որը ցուցադրում են վերաքննիչ դատարանի վճռի հրապարակումից մի քանի ժամ առաջ։

Իսկ վերաքննիչ դատարանը երեկ մերժեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը՝ Քոչարյանին թողնելով կալանքի տակ։ Ըստ Սողոմոնյանի՝ միակ անհեթեթ պատճառը, որով Քոչարյանին պահում են կալանքի տակ, այն է, թե, իբր, նա կարող է ինչ-որ վկաների վրա ազդել։ «Հիմա ինչ-որ մեկի «հանճարեղ» գաղափարով ստացվում է, որ նա բանտում է, իր աջակիցներն ավտոմատներով ազդում են վկաների վրա, բա որ ազատության մեջ լինի, ի՞նչ կլինի։ Սա ուղղակի ողբալի մտածելակերպ է, բայց ունենք այն, ինչ ունենք»,- ասաց Վիկտոր Սողոմոնյանը։

– Այսինքն՝ Դուք հիմա հերքո՞ւմ եք, որ նման աջակից ունեք ձեր շարքերում։

– Ես էսպես ասեմ․ ես բոլոր աջակիցներին չեմ ճանաչում՝ ամբողջ իմ հարգանքով յուրաքանչյուր աջակցի հանդեպ, բայց ես չեմ կարողանում հասկանալ՝ ինչո՞ւ պետք է մեր որեւէ աջակից գնա, ինչ-որ մեկին համոզի, որ նա ինչ-որ ցուցմունք փոխի։ Հանուն ինչի՞։ Ուզում եմ հասկանալ։ Այսինքն՝ նույն հաջողությամբ կարող էր գնալ եւ որեւէ այլ քրեական գործով համոզեր եւ որեւէ բան պնդեր, եւ ասեին, որ, ահա, Քոչարյանի աջակիցներից մեկն այսպիսի բան է անում։ Տրամաբանական կապը ես, ճիշտն ասած, հասկանում եմ, բայց չեմ տեսնում։ Ես էստեղ տեսնում եմ մղում՝ ներկայացնել Ռոբերտ Քոչարյանի որեւէ աջակցին որպես մեկի, որն ավտոմատը թիկունքում դրած՝ փորձում է Մարտի 1-ի գործով ինչ-որ վկայի ինչ-որ ցուցմունք փոխել տա։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031