Սննդի անվտանգության հազար ու մի խստացումները հօդս են ցնդում, երբ օրը ցերեկով այսպիսի հակասանիտարական պայմաններով միս է տեղափոխվում եւ ամենայն հավանականությամբ՝ մատակարարվում սննդի օբյեկտներին: Լուսանկարն արվել է մի քանի օր առաջ Արամի փողոցում` դեպի Սարյան տանող հատվածում, որտեղ եւս սննդի օբյեկտ է տեղակայված:
Չենք կարող պնդել, որ միսը հենց այդ օբյեկտի համար էր նախատեսված, գուցե սեփական սպառման համար էր, բայց, դատելով «բաց դռներից», կարելի է ենթադրել, որ այն մատակարարման փուլում էր: Եթե նույնիսկ սեփական միջոցառումների համար էր գնված, սննդի անվտանգության տարրական կանոնները թույլ չեն տալիս նման պայմաններում միս տեղափոխել: «Առավոտի» հարցմանն ի պատասխան, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից էլ հաստատեցին, որ այս մեքենան չի համապատասխանում թարմ միս-մսեղիքի տեղափոխման համար սահմանված սանիտարահիգիենիկ նորմերին:
«Այսպիսի պայմաններից միսն ընդունել չի կարելի: Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն անպայման կմիջամտեր ու կարգելեր դրա իրացումը: Հնարավոր է, որ այն գնվել է նորմալ պայմաններից՝ անձնական օգտագործման համար: Նման դեպքերում պատասխանատվությունը կրում է անհատը: ՍԱՏՄ-ն դրան անդրադառնալու որեւէ լիազորություն, որեւէ գործիք չունի: Սա թող առիթ լինի եւս մեկ անգամ խոսելու սպանդանոցային մորթի կարեւորության մասին, հիշեցնելու, որ 2020թ. հունվարի 15-ից սննդի շղթայի բոլոր օղակներում, տեղական թարմ մսի իրացման-օգտագործման դեպքում, դրա սպանդանոցային ծագումը եւ այն հավաստող փաստաթղթի առկայությունը լինելու է պարտադիր»,-նշեցին տեսչական մարմնից:
Կարդացեք նաև
Լուսանկարը` Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ, 21․12․2019 թ․