Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՍԴ նախագահին եւ դատավորներին աննախադեպ բարձր կենսաթոշակ առաջարկելը հարկատուների հաշվին կատարվող անմիտ շռայլություն է․ «Ազգ»

Դեկտեմբեր 21,2019 10:27

Սահմանադրական դատարանի նախագահին եւ 6 դատավորներին հրաժարականի դիմաց առաջարկվող բարձր կենսաթոշակը քաղաքական դաշտում արդեն ստացել է «կաշառք` հրաժարականի դիմաց» բնորոշումը: Այն, որ այս առաջարկով ընդունված օրենսդրական փաստաթղթի նպատակը Սահմանադրական դատարանի զավթումն է գործադիր իշխանության կողմից, ակնհայտ է բոլորի համար: Բացի դրանից, նման առաջարկն իր բնույթով անպարկեշտ է: ՍԴ նախագահին եւ դատավորներին աննախադեպ բարձր կենսաթոշակ առաջարկելն ու նախարարների, փոխնախարարների առանց այն էլ բարձր աշխատավարձերի գաղտնի որոշմամբ կտրուկ բարձրացումը անարդարություն է: Ներկայացնենք, թե որքանո՞վ են նրանց եկամուտները ավելանալու մնացած բոլորի համեմատ:

Ահռելի տարբերություն ՍԴ անդամների կենսաթոշակի եւ միջին կենսաթոշակի միջեւ

Արդարադատության նախարարության տեղեկատվության համաձայն, ՍԴ դատավորի առաջարկվող կենսաթոշակը կկազմի 1 մլն 31 հազար դրամ, ՍԴ նախագահի համար առաջարկվող կենսաթոշակը` 1 մլն 375 հազար դրամ: Այս կենսաթոշակի չափը սահմանվել է` հիմք ընդունելով ՍԴ բոլոր անդամների աշխատավարձի չափը: Օրենքով նրանց կեսնաթոշակը սահմանվում է աշխատավարձի եւ հավելավճարի 75 տոկոսի չափով: Սակայն նոր ընդունված օրենքով այն սահմանվում է աշխատավարձի եւ հավելավճարի 100 տոկոսի չափ` այսինքն, բարձրացվում է 25 տոկոսով: Գումարային առումով ՍԴ դատավորի կենսաթոշակը բարձրացվում է մոտ 258 հազար դրամով, ՍԴ նախագահինը` մոտ 344 հազար դրամով:

Ազգային ժողովում այս օրենքի քննարկման ժամանակ տեղեկացվեց, որ ՍԴ վեց դատավորների եւ ՍԴ նախագահի կենսաթոշակների ընդհանուր գումարը տարեկան պետական բյուջեից կտանի 90 մլն 797 հազար դրամ (մոտ 190 հազար դոլար): Հիմա տեսնենք, թե այս ամենի համեմատ որքա՞ն է կազմում միջին կենսաթոշակը Հայաստանում:

Վիճակագրական կոմիտեի տվյալներով, միջին կենսաթոշակը Հայաստանում 2018 թ.-ի դրությամբ 40 478 դրամ է: 2020 թ.-ից կբարձրանա 10 տոկոսով կամ մոտ 4 հազար դրամով եւ կկազմի 44 525 դրամ: Դեռ մի կողմ դնենք այն հանգամանքը, որ կենսաթոշակների ավելի էական բարձրացում, քան 10 տոկոսն է, նախորդ իշխանությունը նախատեսում էր 2019 թ.-ի հունվարից եւ այն հետաձգվեց առնվազն մի տարով եւ կբարձրացվի նվազագույն չափով: Պարզապես համեմատենք միջին կենսաթոշակի բարձրացումը ՍԴ դատավորների համար նախատեսվող բարձրացման հետ եւ տեսնենք ստացվող կենսաթոշակների չափերը:

Այսպիսով, մի կողմից 463072 կենսաթոշակառուների միջին կենսաթոշակի մոտ 4 հազար դրամ բարձրացում, մյուս կողմից՝ ՍԴ դատավորների կենսաթոշակի բարձրացում 258 հազարով, ՍԴ նախագահինը՝ 344 հազար դրամով՝ միայն նրա համար, որ նրանք կենսաթոշակային տարիքը լրանալու ժամկետից շուտ հրաժարվեն իրենց աշխատանքից: Սա իշխանության կողմից հանուն սեփական քաղաքական շահերի, մեր բոլորիս՝ հարկատուների հաշվին կատարվող անմիտ շռայլություն է:

Այժմ 44,5 հազար դրամ եկող տարի դարձող միջին կենսաթոշակը համեմատենք ՍԴ դատավորի 1 մլն 31 հազար դրամ եւ ՍԴ նախագահի 1 մլն 375 հազար դրամ դարձած կենսաթոշակների հետ: Տարբերությունը առաջին դեպքում 23 անգամ է, երկրորդի դեպքում՝ գրեթե 31 անգամ: Թերեւս մեկնաբանությունների կարիք չկա: Մնում է միայն ավելացնել, որ ի պատիվ ՍԴ նախագահի եւ ՍԴ դատավորների, նրանք հրաժարվել են այդ քաղաքական առեւտրի մասնակիցը դառնալուց:

Մանուկ ԱՐԱՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031