Լրահոս
Օրվա լրահոսը

Մեծ մարտահրավերներից է արտաքին քաղաքականությունը, գրում է «Թագեսշպիգելի» հեղինակը․ «Ազգ»

Դեկտեմբեր 21,2019 10:10

2018-ի հեղափոխությունից հետո վարչապետ Փաշինյանն ուզում էր երկիրը ժողովրդավարական ապագա առաջնորդել, երկրից հեռացած համերկրացիներին տուն վերադարձնել: Կհաջողվի՞: Դեկտեմբերի 16-ին «Թագեսշպիգելի» «Ինչո՞ւ է Հայաստանի նոր կառավարությունը սփյուռքին վերադարձնել կամենում» հրապարակման նախաբանում հարցնում է հոդվածագիր Օլիվեր Բիլգերը: Երբ հեղափոխությունը սկսվեց, գրում է Բիլգերը, Արամայիս Մադաթյանը 7000 կմ հեռու էր հայրենիքից: Ինտերներտի միջոցով էր հետեւում, թե հայրենակիցները Երեւանում ինչպես էին փողոց դուրս գալիս: Չինական Քսիամենում անգլերենի ուսուցիչ էր 2018-ի սկզբին: Տնտեսական վիճակը լավ չէր, ապագայի հույս չկար, նվազ աշխատատեղեր, առատ կոռուպցիա, ուստի հազարավորների նման նա էլ լքել էր երկիրը: Ամիսներ առաջ կանխատեսելի չէր, որ 30-ամյա Մադաթյանը պիտի նստեր Երեւանի համալսարանին կից սրճարանում ու իր պատմությունը բարձրաձայներ: 3 միլիոնը երկրում, 7- ը արտերկրում, փոքր երկրի համար մեծ խնդիր է: Նոր կառավարությունն ուզում է հայերին երկրում պահել, հեռվում գտնվողներին ետ բերել՝ ի շահ տնտեսուժի եւ ժողովրդագրության խնդիրները հարթելուն: Կառավարությունն առաջին հաջողություններից է խոսում, բայց թվերը…, գրում է «Թագեսշպիգելը»:

Մադաթյանը 2014- ին է երկրից դուրս եկել, սկզբում կրթաթոշակով Տալլին, ապա՝ Չինաստան: Լեզվի դպրոցում արագ առաջ անցավ, 15 ուսուցչի վերադաս դարձավ, հիմնեց իր սեփական փոքր ընկերությունը, ամսական մինչեւ 5000 դոլար էր շահում՝ Հայաստանում միջին աշխատավարձի 15-ապատիկը: Սկսվեց հեղափոխությունը:

Հոդվածագիրն այնուհետ վերհիշել է տալիս 2018- ի ապրիլյան իրադարձությունները, հարյուրհազարավորների բողոքի ցույցերն Սերժ Սարգսյանի դեմ, Փաշինյանի առաջնորդությամբ խաղաղ ցույցերի արդյունքում Սարգսյանի հրաժարականը, ընտրություններում նրան տրված 70 տոկոս վստահությունը: Բողոքի ցույցերն առիթ են դառնում, որ կարոտախտն զորանա, եւ Մադաթյանը տուն է վերադառնում, մասնակցում հեղափոխությանը: Հիմա Երեւանում է ապրում, չինարեն ուսուցանում, չինացի զբոսաշրջիկներին ծանոթացնում իր երկրին, ծրագրել է լեզվի սեփական դպրոց բացել: Սա Մադաթյանի ներդրումն է նոր Հայաստանում: «Հայաստանը վերագտնում է իրեն, «Իմ քայլը» իշխող դաշինքի 39-ամյա պատգամավոր Միքայել Զոլյանի խոսքն է ներկայացնում թերթը: «Պատմական պահ է երկրի համար, մենք պատասխանատու ենք հեղափոխության ճակատագրի համար: Գործադիրն ու օրենսդիրն ազատվել են կոռուպցիայից: Արդարադատության համակարգում դեռ հին կադրերն են, դատավորները կոռուպտ են ( կաշառված ), ժողովուրդը դատարաններին չի վստահում, ասում է Զոլյանը՝ հավելելով՝ տարիներ կտեւի կոռուպցիայից ամբողջովին ազատվելու համար:

«Հայաստանը ժողովրդավարության ուղղությամբ է շարժվում», Անվտանգության եւ միջազգային հարաբերությունների հայկական ինստիտուտի աշխատակից Արմեն Վարդանյանի կարծիքն է ներկայացնում «Թագեսշպիգելի» հոդվածագիրը: Նրա կարծիքով, Թավշյա հեղափոխությունից հետո առաջընթաց կա, բայց հանրության հուսախաբ հատված էլ կա, որ արմատական բարեփոխումներ էր ցանկանում: Մեծ մարտահրավերներից է արտաքին քաղաքականությունը, գրում է «Թագեսշպիգելի» հեղինակը՝ անդրադառնալով երկու հարեւանների հետ փակ սահմաններին: 2015-ին Հայաստանն անդամակցեց ԵԱՏՄ-ին, Փաշինյանն ուզում է եվրոպական արժեքների հանդեպ ամուր կողմնորոշում, ուզում է կենսամակարդակը եվրոպական չափանիշներին հասցնել: «Փորձում ենք երկու աշխարհների լավագույնը միավորել», նշում է Զոլյանը: Ռուսաստանի դերը երկրի անվտանգության համար է կարեւոր, միաժամանակ՝ Եվրոպայի նման նույն արժեքներն ունենք՝ իրավական պետություն, մարդու իրավունքներ, ժողովրդավարություն»: Երկրի արդիականացման հարցում կառավարության հույսը ԵՄ- ն է: Օլիգարխներն ու մենաշնորհը անցյալ տարի վերացել են, զբոսաշրջության, գյուղատնտեսության, ՏՏ-ի ոլորտը պիտի զարգանա, փոքր ձեռնարկությունների հիմնումը պիտի դյուրին դառնա, որ գայթակղիչ լինի արտերկրից վերադարձը, որ ուղեղների արտահոսքը կանգ առնի: «Մեր ցանկությունն է, որ վերադառնան»,- ասում է Զոլյանը:

Լուսանկարում՝ Արամայիս Մադաթյանը 

Անահիտ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031