Հարցազրույց ջութակահար, ՀՀ ժողովրդական արտիստ, Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի առաջին ջութակ Էդուարդ Թադեւոսյանի հետ
– Մաեստրո, աշխարհում ամենահին եւ առանց ընդմիջումների ստեղծագործող Կոմիտասի անունը արդեն 95 տարի կրող քառյակի գործունեությունը բնութագրվում է բարձր պրոֆեսիոնալիզմ, հուզականություն, անմիջականություն ու նման այլ որակումներով: Վերջապես՝ Կոմիտասի անունը կրել նշանակում է եթե ոչ նրա օրինակով գյուղից գյուղ, գավառից գավառ շրջել՝ հայ երաժշտական գոհարները գտնելու, ձայնագրելու, մշակելու համար, ապա գյուղից գյուղ, քաղաքից քաղաք, երկրից երկիր շրջել՝ կոմիտասյան, հայ եւ համաշխարհային երաժշտության նվաճումները բոլորին բարձրարվեստ մատուցելու համար, իհարկե, ամենից առաջ՝ սեփական ժողովրդին: Ափսոս, որ Գինեսի ռեկորդների գրքում որպես ամենատարեց քառյակ գրանցվելու համար պարտադիր պայման է, որ քառյակի երաժիշտներից գոնե մեկը հիմնադիրներից լինի:
– Կարծում եմ՝ այդ պայմանը պետք է վերանայվի: Իսկապես մենք ամենատարեցն ենք, երկրորդ հորիզոնականում Մոսկվայի Բորոդինի անվան լարային, մեզնից 20 տարով փոքր քառյակն է:
– Դուք քառյակում եք 1970թ.՝ դեռեւս ուսանողական տարիներից…
Կարդացեք նաև
– 70-ից քառյակի երկրորդ ջութակահարն էի, իսկ 74-ից՝ քառյակի գեղարվեստական ղեկավարն եմ ու առաջին ջութակը: 1969թ., երբ Մոսկվայում տոնում էին քառյակի 50-ամյա հոբելյանը, ինձ հրավիրեցին երեկոյին, հանդես եկա որպես մենակատար: Այդ երեկոյի ավարտից հետո էր, որ Ավետ Գաբրիելյանը ինձ հրավիրեց քառյակ՝ որպես երկրորդ ջութակ: Իսկ երբ ստանձնեցի գեղարվեստական ղեկավարի եւ առաջին ջութակի դերը, նա ինձ «կտակեց» հավուր պատշաճի նշել քառյակի 60 եւ 70-ամյակները: Գաբրիելյանը քառյակում ստեղծագործեց 52 տարի, իսկ ես՝ արդեն 50…
– Մոսկվայում հիմնված քառյակի առաջին ջութակ Ավետ Գաբրիելյանը հրավիրեց ձեզ կոլեկտիվ, երբ դուք ուսանում էիք Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայում՝ աշխարհահռչակ Լեոնիդ Կոգանի դասարանում: Խնդրում ենք մի բան պարզաբանել՝ հենց Մոսկվայո՞ւմ է կայացել ձեր եւ Ավետ Գաբրիելյանի ծանոթությունը:
– Մեծանուն երաժիշտն ինձ լսել էր դեռ Երեւանում, «Երեւան» հյուրանոցում, երբ ուսանում էի Չայկովսկու անվան երաժշտական մասնագիտական դպրոցի 6-րդ դասարանում՝ անվանի մանկավարժ Տատյանա Հայրապետյանի ղեկավարությամբ: Այսօրվա պես հիշում եմ՝ ըստ նախնական պայմանավորվածության, առավոտյան ժամը 8.30-ին Տատյանա Բագրատովնայի հետ հյուրանոցում էինք: Այդ օրն իմ մեջ անջնջելի հետք է թողել, բայց ոչ միայն նրա համար, որ նման մեծություն է ինձ լսել, այլ նրանով, որ հյուրանոցի իր համարում նա մեզ դիմավորեց ջութակը ձեռքին՝ գամմա նվագելիս: Այսինքն՝ այդ վաղ ժամին պարապում էր…
– Վերջերս «Արամ Խաչատրյան» համերգասրահում պետական մակարդակով նշվեց ձեր քառյակի հոբելյանը: Իհարկե, կրկին բարձրարվեստ կատարումներ, թույլ տվեք փոխանցել մասնագետների, այդ թվում՝ կոնսերվատորիայի ձեր գործընկեր մեկ-երկու պրոֆեսորների խոսքը՝ «Էդիկը հիանալի մարզավիճակում է»: Բայց երեկոյի ժամանակ ձեր խոսքում մի «վտանգավոր» հայտարարություն արեցիք, որն էլ փոխանցում ենք ձեզ՝ պատասխանի ակնկալիքով: Դուք ասացիք՝ Ավետ Գաբրիելյանը, որ դարձյալ հիանալի մարզավիճակում էր, վստահելով ինձ առաջին ջութակի դերը, վստահեց նաեւ ամենաթանկը՝ Գվարներիի իր անձնական ջութակը: Կներեք, իհարկե, բայց գալու է նաեւ այն օրը, երբ դուք եթե ոչ անձնական ջութակը, ապա ձեր տեղը պետք է զիջեք: Կա՞ այդ թեկնածուն:
– Իհարկե՝ մտածել եմ, եւ այդ օրը պետք է գա: Ե՞րբ՝ չեմ կարող ասել: Այս պահին մի բան հաստատ կարող եմ ասել՝ առաջին ջութակի կամ գեղարվեստական ղեկավարի պարագայում պետք է համատեղվեն տաղանդը, նվիրվածությունը, համբերությունը, զոհաբերությունը, նույնիսկ ընտանիքի ու անձնական հետաքրքրությունների հաշվին քառյակը պահպանելը:
– Թույլ տվեք պնդել՝ կա՞ համապատասխան թեկնածու, ասենք, օրինակ՝ ձեր եղբորորդին՝ արտասահմանում գործունեություն ծավալած բարձրարվեստ երաժիշտ Զոհրաբ Թադեւոսյանը, գուցե դրսում ստեղծագործող ձեր սաներից…
– Իսկ դուք գիտե՞ք, որ ինձ մոտ եղել են պահեր, որ ցանկացել եմ հեռանալ քառյակից: Թույլ տվեք ավելին չասել: Այս պահին այդ մեկը չկա:
– Հեռվից այն տպավորությունն է, թե ձեր քառյակում սերնդափոխությունը ընթանում է շատ հանգիստ…
– Դուք հենց հիմա ամեն կերպ ուզում էիք լսել այն երաժշտի անունը, որին ես կվստահեմ: Լինել Կոմիտասի քառյակի գեղարվեստական ղեկավար եւ առաջին ջութակ, ու լինել միայն բարձրակարգ երաժիշտ՝ դեռ բավարար չէ, պետք է գերիշխեն լիդերի կամային հատկությունները, քանի որ նման պատասխանատու դերը իսկապես ավելի քան պարտավորեցնող է:
Զրուցեց Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ
Հ.Գ. Կոմիտասի անվան ազգային լարային քառյակում 11 տարի երկրորդ ջութակահարն է Սյուզի Երիցյանը, 30 տարի՝ ալտահար Ալեքսանդր Կոսեմյանը եւ 3 տարի՝ թավջութակահարուհի Անժելա Սարգսյանը:
«Առավոտ» օրաթերթ
20.12.2019