Լրահոս
Օրվա լրահոսը

Վարձակալած ավտոտնակում ի պահ տրված գույքի մի մասը չկա՝ «զիբիլչիկներին» են տվել

Դեկտեմբեր 21,2019 13:00

Ուղիղ մեկ տարի առաջ Հռիփսիմե Ոսկանյանը ճանաչվեց տուժող:

Այս տարվա հունիսի 13-ին ՀՀ քննչական կոմիտեի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի ավագ քննիչ Հ.Հովսեփյանը կասեցրեց հարուցված քրեական գործի վարույթը:

Հռիփսիմե Ոսկանյանն այսօր էլ բողոքում է քննիչի եւ հսկողությունն իրականացրած դատախազի որոշումների դեմ, պահանջում է վերացնել այդ որոշումները, հարուցել քրեական գործ:

Տուժողի հետ զրույցից պարզում եմ, որ նա անցյալ տարվա մայիսի 22-ին «list.am» հայտարարությունների կայքից տեղեկացել է ավտոտնակը վարձակալության հանձնելու մասին: Նա զանգում է ավտոտնակի տիրոջը, պայմանավորվում են, եւ Հռիփսիմեն իր ամբողջ տան գույքը, իր ասելով՝ մոտ հինգ միլիոն դրամ արժողության, տեղափոխում է նշյալ ավտոտնակը:

Յուրաքանչյուր ամսի համար Հռիփսիմեն պարտավորվում է վճարել տասնհինգ հազար դրամ:

Ավտոտնակում գույքը տեղավորելուց հետո, բանալիները մշտապես գտնվել են սեփականատիրոջ մոտ:

«Ես ունեի առողջական լուրջ խնդիրներ եւ հինգ ամիս ի վիճակի չեմ եղել այցելել ավտոտնակ: Այդ ամիսների ընթացքում ավտոտնակի տերը, նրա կինը զանգում էին ինձ՝ գույքը այնտեղից դուրս բերելու եւ ազատելու պահանջով»,-պատմում է Հռիփսիմեն,  նաեւ տեղեկացնում, որ վերջին զանգից հետո տերը երեք օր ժամանակ է տալիս իրեն՝ գույքն ազատելու համար:

Տուժողի զարմանքը մեծ է լինում, երբ գնալով ավտոտնակ, տեսնում է՝ իր գույքը չկա: Չկա սառնարանը, լվացքի մեքենան, պահարանը, բազմոցը, սպասքեղենը, փոշեկուլը, անկողինը, տերն անվրդով ասում է՝ «տվել է զիբիլչիկներին»:

Նա դիմում է ոստիկանություն:

Հետագայում պարզում է, որ Լ.Դավթյանն ու ամուսինը՝ Ա.Գաբրիելյանը, առանց վարձակալի գիտության, նշյալ տարածքը տվել են վարձակալության Իրանի Հանրապետության քաղաքացիներին, որոնք ցանկացել են բացել կահույքի արտադրամաս:

«Շատ ծանր տարա, երբ ոտատակ ընկած տեսա իմ անձնական նկարների ալբոմները: Պայուսակներս չկային, ուրիշի իրեր կային թափթփված: Հուզմունքս ահավոր էր: Մինչդեռ, ես տուն պետք է տեղափոխվեի, եւ իմ իրերի գերակշիռ մասն օգտագործված էլ չէին»,-պատմում է տուժողը:

Փորձաքննության էր տրվել սառնարանը՝ LG տեսակի, եւ ըստ ոստիկանության փորձագետ Ե. Էլոյանի, սառնարանը վնասելու հետեւանքով պատճառված նյութական վնասի չափի ընդհանուր շուկայական արժեքը կազմել է տասնհինգ հազար դրամ, գորգը, ծածկոցն ու հախճապակուց տարան՝ քսաներեք հազար դրամ, հեռուստացույցը ենթակա էր վերանորոգման, ինչպես ներկայացված էլեկտրական վառարանը: Բացի նշյալ երեք ապրանքներից, ապրանքատեսակների ընդհանուր մինչվնասվածքային շուկայական արժեքը, առկա արտաքին տեսքի հաշվառմամբ՝ գնահատվել է երկու հարյուր հիսունվեց հազար դրամ:

Ըստ բողոքաբերի, իրականացվել է թերի նախաքննություն, քննիչին չի հետաքրքել, թե ինչ հիմքերով է ավտոտնակի տերը զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, որպես անհատ ձեռներեց արդյոք գրանցվա՞ծ է եղել, թույլտվություն ունեցե՞լ է անշարժ գույքի վարձակալության, դրանից շահույթ ստանալու համար. «Ինձ հետ նույնիսկ պայմանագիր չի կնքել վարձակալության տալու համար», ու այս ամենը կրել է պարբերական բնույթ:

Ըստ բողոքաբերի, վարձակալելուց հետո վարձատուն չպետք է խախտեր իր վարձակալած տարածքի եւ անձնական գույքի անձեռնմխելիության իրավունքը:

Հռիփսիմեն ասում է. «Նրանք իրենց մոտ եղած բանալիով մուտք են գործել այնտեղ եւ հափշտակել սեփականության իրավունքով պատկանող գույքս, մոտ չորս միլիոն դրամի»: Այն, որ տնակի տերերը բացել են ավտոտնակի դուռը, իրենք էլ բացատրություն տալիս հայտնել էին, թե ոչ պիտանի պահածոներն ու ցեցոտված անկողինն են դուրս բերել, եւ սակայն առանց այդ ապրանքներն ի պահ տվածի մասնակցության:

Ի դեպ, գործի քննությամբ էլ պարզվել է, որ պահածոներ չի ունեցել Հռիփսիմեն:

Զրուցակիցս ասում է, եթե կար որեւէ խնդիր, ինչու նրանք չեն դիմել ոստիկանություն, չեն պահանջել ոստիկանների եւ իր ներկայությամբ գույքագրում՝ ընդունման-հանձնման մասին:

Թե ինչ ապրանք է դրվել ավտոտնակում, կարող էր ասել տուժողի նախկին բնակության վայրի այն հարեւանը, որի հետ փաթեթավորել էին իրերը ավտոտնակ բերելուց առաջ, բեռնատարի վարորդը, որը ոչ միայն տեղափոխել է, այլ օգնել ավտոտնակում տեղավորելուն: Սակայն այս վկաներն էլ չեն հարցաքննվել:

Նշենք, որ ըստ գործի նյութերի, նախաքննության փուլում քննիչի կողմից կատարվել է զննում, կար համապատասխան արձանագրություն:

Ուշագրավն այն է, որ ավտոտնակում հայտնաբերված իրերը չեն ճանաչվել իրեղեն ապացույց, չեն առգրավվել, ի պահ չեն տրվել: Ըստ էության, չի հստակեցվել. կոնկրետ ինչ արժողության ինչ իրեր են անհետացել, մանավանդ որ, տուժողն ասում է, որ կան մշակութային արժեք ներկայացնող իրեր էլ՝ պատից կախված արծաթե սուր, նկարներ:

Ըստ վերահսկող դատախազի որոշման պատճառաբանական մասի. «Նյութերի նախապատրաստման ընթացքում փաստական տվյալներ ձեռք չեն բերվել Ա. Գաբրիելյանի կողմից Հ. Ոսկանյանին պատկանող գույքը դիտավորությամբ վնասելու եւ ոչնչացնելու վերաբերյալ: Հ. Ոսկանյանի գույքը չի օգտագործվել, որի հետեւանքով բնական ճանապարհով փոշոտվել եւ կեղտոտվել է, բացի այդ, Ա. Գաբրիելյանը որեւէ պարտականություն չի կրել վերը նշված գույքի պահպանման եւ խնամքի համար»:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
20.12.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031