Լրահոս
Օրվա լրահոսը

Վատ չէր լինի, եթե նախարարը մտցներ նաեւ հիվանդության հարկ

Դեկտեմբեր 21,2019 12:30

Բժշկական ապահովագրության թեման բնավ նորություն չէ, այն այսօր ներդրված է աշխարհի բազմաթիվ երկրներում եւ գնալով էլ ավելի են ընդլայնում ու զարգացնում այս ոլորտը, քանի որ խորքում մարդն է եւ նրա առողջությունը, որից ավելի մեծ արժեք հազիվ թե գտնվի: Գաղտնիք չէ, որ շատ ու շատ ձեռքբերումների կողքին, մարդկության թիվ մեկ նվաճումը ժողովրդավարությունն է, իսկ դրա թիվ մեկ կրողը մարդն է եւ հետեւաբար այդ ամենն անիմաստ կլինի, եթե մարդն առողջ չէ: Իհարկե,  ամեն ինչ պետք է արվի, որպեսզի մարդն ապրի առողջ եւ  հնարավորիս երկար:

Հայաստանում եւս, արդեն տասնյակ տարիներ ի վեր խոսվում է առողջապահական ապահովագրության ներդրման անհրաժեշտության մասին, որը, սակայն, մինչ այս պահը խոսքից այն կողմ չի անցել: Շատ այլ հանգամանքների կողքին, հավանաբար նաեւ վերջնական կողմնորոշումն է բացակայել. կամավոր, թե պարտադիր ապահովագրություն, որի պատճառով այդ գործընթացը մինչեւ այսօր կոնկրետ լուծում չի ստացել: Կարծես օրինաչափություն է դարձել, այս խոսակցությունները հատկապես ակտիվանում են, երբ նշանակվում է առողջապահության հերթական նախարարը, քանզի նրանք հենց ամենասկզբից փորձում են ժողովրդին ցույց տալ, որ ոլորտին հրաշալի տիրապետելուց բացի, իրենք նաեւ ուշի-ուշով հետեւում են արտերկրում ներդրված բազմապիսի համակարգերի առանձնահատկություններին եւ միաժամանակ փորձում են նրանց փորձը ու մեր երկրի առանձնահատկությունները համադրելով, օր առաջ այստեղ եւս ներդնել առողջապահության ապահովագրության  համակարգ:

Այս օրերին՝ նախկին նախարարների համեմատ մի քիչ ավելի ակտիվ Ա. Թորոսյանը փորձում է վերակենդանացնել ու առարկայացնել այդ համակարգի ներդրման վերաբերյալ խոսակցությունները եւ առաջարկում է ներդնել շատ ավելի հավակնոտ պարտադիր ապահովագրության համակարգ եւ ամենակարեւորը՝ բավականին բարձր ամսական տոկոսադրույքով՝ աշխատավարձի 6 տոկոսի չափով: Եթե սրան էլ ավելացնենք մնացած պահումները՝ եկամտային հարկ՝ աշխատավարձի մոտ 23 տոկոսը, կուտակային սոցիալական վճար՝ 2,5 տոկոսը եւ 1000 դրամ դրոշմանիշային վճար, ապա աշխատավարձի 31,5 տոկոսից մի քիչ ավելին պարտադիր պահվում է, որն ինքնին խայտառակ մեծ թիվ է:

Բնավ գաղտնիք չէ, թե ինչ համատարած աղքատություն է տիրում մեր երկրում եւ մարդիկ ծայրը ծայրին հասցնելով, մի կերպ գոյատեւում են: Ժողովրդի մի ստվար հատվածը յոլա է գնում աշխատող հատվածից պարտք վերցնելով կամ չնչին ողորմություն ստանալով, քանզի ժողովրդի այդ շերտից համարյա բոլորն արդեն սեւ ցուցակներում են եւ չեն կարողանում վարկեր վերցնել: Նման իրավիճակում, եթե աշխատող բնակչության աշխատավարձի 6 տոկոսն էլ լրացուցիչ հարկվի, ապա ինչ կլինի այդ աշխատողների  եւ այն մարդկանց վիճակը, ովքեր դժվարությամբ պարտք էին վերցնում կամ փոքրիկ օգնություն ակնկալում տվյալ պահին աշխատանք ունեցող այդ մարդկանցից: Իհարկե, հայտնի  իրողություն է, որ աշխարհն արդեն գնում է նրան, որպեսզի աղքատներն ապրեն հարուստների հաշվին, սակայն մեր երկրի ցածր աշխատավարձերի պայմաններում, եթե աշխատավարձից հարկվող այդ չարաբաստիկ 6 տոկոսն էլ ավելանա, ապա տակն ինչ կմնա, որ նրանք գոյատեւեն ու հլա մի հատ էլ օգնեն կամ պահեն աղքատներին: Այլ խոսքով, այս նախագիծը կյանքի կոչվելու դեպքում, ինչպես ասում են՝ հոնքը դնելու փոխարեն աչքն էլ կհանեն:

Ընդհանրապես, ցանկացած նոր բան նախաձեռնելիս,  կարծես նպատակ է դրվում շատ  թե քիչ լավացնել ժողովրդի վիճակը, սակայն ինչպես վերեւում պարզորոշ ու հասկանալի ներկայացվեց, այս նախագծով փաստացի էլ ավելի կվատանա եղած վիճակը: Չգերագնահատելով ժամանակի մեծագույն դերը ցանկացած հարցում, տեսնում ենք, որ այս նախագծի ներդրումը՝ այն էլ այսքան բարձր տոկոսադրույքով, ժամանակավրեպ է եւ բնավ չի բխում հասարակության շահերից: Իհարկե, առողջապահական ապահովագրությունն այն հրամայականն է, որի կարիքը իրականում կա եւ վաղ, թե ուշ երբեւէ այն ներդրվելու է, սակայն ժամանակի ընտրությունն այսօր բնավ բարենպաստ չէ, քանզի մեծ հաշվով, այս պարագայում ընդհանրական կորուստներն ավելի մեծ կլինեն, քան օգուտները: Որեւէ բանից ուշանալը, երբեք չի արդարացնում շտապելու արդյունքում դրա բերած մեծ վնասների գոյանալը: Վախենամ Ա. Թորոսյանի վստահ կեցվածքը կարող է շփոթության մեջ գցել պատգամավորներին, որոնք էլ հանկարծ  կողմ քվեարկեն ու անցնի այդ նախագիծը եւ հերթական ցնցումն առաջացնի հասարակության ներսում…

Տարաբնույթ հաշվարկները ցույց են տալիս, որ հատկապես ցածր եւ միջին աշխատավարձ ստացողների աշխատավարձի մոտ 60-65 տոկոսը ծախսվում է միայն սննդի վրա եւ եթե սրան էլ ավելացնենք վերը հաշվարկված 31,5 տոկոսը, ապա մարդուն մնում է աշխատավարձի 3,5-ից 8,5 տոկոսը եւ նա պետք է կարողանա մի ամբողջ ամիս հոգալ մնացած հազար ու մի ծախսերը, որը լրիվ աբսուրդ է:

Սրանից հետո մնում է, որպեսզի պարոն Թորոսյանը մշակի ու ներկայացնի հիվանդության հարկի վերաբերյալ նախագիծ, որը չափազանց մեծաթիվ շահառուներ կունենա, քանզի ամբողջ ազգս հիվանդ է: Միաժամանակ պետք է հուսանք,  որ իր կերպ մտածող այլ պաշտոնյաներ եւս չեն փորձի ներկայացնել իրենց բնագավառի նմանատիպ նախագծեր, որը հերթական հարվածը կդառնա հասարակության գլխին…

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ
Հայաստանի Ճարտարագիտական ակադեմիայի թղթակից անդամ

Առավոտ» օրաթերթ
20.12.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031