Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայաստանի բնակչությունը ծերացող է

Դեկտեմբեր 21,2019 13:30

Միջազգային սանդղակով ծերացող բնակչություն համարվող շեմից Հայաստանի ցուցանիշը 5 կետով բարձր է

Վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Ժողովրդագրական իրավիճակը ՀՀ-ում» ամփոփ զեկույցը: Ըստ այդմ, 2019 թվականի հունվարի 1-ի դրությամբ ՀՀ մշտական բնակչության թվաքանակը կազմել է 2 միլիոն 965 հազար 3 հարյուր մարդ, 2018 թվականի տարեսկզբի համեմատ նվազել է 7,4 հազար մարդով:  Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2019 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ ՀՀ մշտական բնակչության թվաքանակը կազմել է 2 միլիոն 957 հազար 5 հարյուր մարդ. այսինքն՝ այս ցուցանիշները համադրելով, տարեսկզբից մինչեւ հոկտեմբերի 1-ը մշտական բնակչության թիվը 7800 մարդով նվազել է:

Այս տարեսկզբին քաղաքային բնակչության մասնաբաժինը կազմել է 63.9%, իսկ գյուղականը՝ 36.1%: Մշտական բնակչության կառուցվածքում 47.3%-ը տղամարդիկ են, իսկ 52.7%-ը` կանայք: Բնակչության միջին տարիքը տարեսկզբին կազմել է 36.7 տարի, տղամարդկանցը՝ 34.6, իսկ կանանցը՝ 38.5 տարի: Բացի այս, ՎԿ-ն բնակչության կառուցվածքի մասին նաեւ նշել է՝ 2019թ. հունվարի 1-ի դրությամբ 0-15 տարեկան երեխաների տեսակարար կշիռը կազմել է 21.5%, աշխատունակ տարիքինը` 64.4, իսկ աշխատունակ տարիքից բարձր բնակչության տեսակարար կշիռը` 14.1%:

Մի ուշագրավ ցուցանիշ էլ ըստ ՎԿ-ի՝ այս  տարեսկզբին աշխատունակ տարիքի ամեն 1 000 մարդուն բաժին է ընկել 552 մարդ` 0-15 տարեկան եւ կենսաթոշակային տարիքի, 2018-ի նույն ժամանակահատվածում արձանագրված 537 մարդու համեմատ:

Վիճակագրական կոմիտեն անդրադարձել է ժողովրդագրական ծերացմանը, նշելով՝ այս հիմնախնդիրները մեծապես արագացել է հետխորհրդային տարիներին: Նշենք, որ բնակչության ծերացումը կամ ժողովրդագրական ծերացումը ժողովրդագրական փոփոխությունների, բնակչության վերարտադրության, ծնելիության, մահացության եւ դրանց հարաբերակցություններում տեղաշարժերի, նաեւ, մասամբ միգրացիայի հետեւանք է: ՎԿ-ն ընդգծել է՝  ՄԱԿ-ի սահմանած ժողովրդագրական ծերացման սանդղակի համաձայն, եթե երկրի բնակչության կառուցվածքում 65 եւ բարձր տարիքի բնակչության մասնաբաժինը կազմում է 7%-ից ավելի, ապա տվյալ բնակչությունը համարվում է ծերացող: Այս իմաստով, Հայաստանի բնակչությունը ծերացող է, քանի որ, ըստ կոմիտեի հրապարակած ցուցանիշի, այս տարեսկզբին ՀՀ-ում բնակչության կառուցվածքում 65 եւ բարձր տարիքի բնակչության մասնաբաժինը կազմել է 11.9%:

Ժողովրդագրական այս ցուցանիշներում ծնելիության ցուցանիշն էլ ուրախալի չէ. ըստ ՎԿ-ի, նախորդ տարվա համեմատ կենդանի ծնվածների բացարձակ թվաքանակը նվազել է 3.0%-ով, իսկ ծնելիության ընդհանուր գործակիցը, որը բնութագրում է հաշվետու ժամանակաշրջանում կենդանի ծնվածների թվաքանակը 1000 բնակչի հաշվով, կազմել է 12.3%, ինչը նախորդ տարվա արձանագրված ցուցանիշի համեմատ նվազել է 0.3 պրոմիլային կետով:

Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներով՝ 2018-ին գրանցվել է 25 751 մահվան դեպք, գրանցված մահվան ընդհանուր դեպքերից 13 021-ը, կամ 50.6 %-ը կազմել են տղամարդիկ, իսկ 12 730-ը, կամ 49.4%-ը` կանայք: Տղամարդկանց եւ կանանց մահացության տարբեր մակարդակներով պայմանավորված` տարբեր են նաեւ տղամարդկանց եւ կանանց կյանքի սպասվող միջին տեւողության ցուցանիշները ծննդյան պահից: Կյանքի սպասվող միջին տեւողությունը տղամարդկանց համար 72.4 տարի է, կանանց համար` 79 տարի:

Նվազել են ամուսնություններն ու ամուսնալուծությունները: Կոմիտեն հրապարակել է 2018-ի ցուցանիշները՝ ամուսնությունները՝ 14 հազար 822, ինչը 2.6%-ով նվազել է 2017-ի համեմատ, իսկ ամուսնալուծության դեպքերը նվազել են 3.0%-ով եւ կազմել՝ 3 հազար 820:  Տղամարդկանց ամուսնության միջին տարիքը կազմել է 31.3 տարեկանը, իսկ կանանցը՝ 27.7 տարեկանը, առաջին ամուսնության միջին տարիքը տղամարդկանցը՝ 30, կանանցը՝ 26.8:

Միգրացիոն ցուցանիշները ներկայացնելիս կոմիտեն համեմատություն է կատարել 2011թվականի մարդահամարի տվյալների հետ, ըստ որի, ինչպես նշված է զեկույցում՝ 2001-ի մարդահամարի տվյալների համեմատությամբ, ՀՀ մշտական բնակչության թվաքանակը հաշվառման պահի դրությամբ՝ 2011թ. հոկտեմբերի 12-ին, նվազել է շուրջ 195 հազար մարդով  կամ 6%-ով, այսինքն՝ 10 տարում ՀՀ բնակչությունը նվազել է 195  հազարով: Նշված տարիներին, ըստ կոմիտեի, միգրացիայի ցուցանիշը կազմել է՝ 313 հազար մարդ:

Սակայն դրանք, հիշեցնենք, 2001-2011 թվականների ցուցանիշներ են, որոնք իր վերջին զերկույցում գրել է կոմիտեն: Մեկ այլ հրապարակմամբ էլ կոմիտեն 2019-ի հունվար-սեպտեմբերի միգրացիոն կամ սահմանային հատումների ցուցանիշներն է հրապարակել, ըստ այդ նշված ժամանակահատվածում բացասական սալդոն 35 հազար 549 մարդ է, այսինքն՝ նշված ժամանակահատվածում այդքան մարդ դուրս է եկել հանրապետությունից եւ չի վերադարձել, իսկ 2018-ին այդ ցուցանիշը կազմել է 42 հազար 182 մարդ:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
20.12.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031