«Ես Արցախում մասնատվածություն չեմ տեսնում: Ընդհանրապես, առաջ Սերժ Սարգսյանը կամ Ռոբերտ Քոչարյանն էին որոշում իշխանական թեկնածուին Արցախում, հիմա, քանի որ Երեւանը չի որոշում, թե ո՞վ պետք է լինի իշխանական թեկնածուն կամ ընդհանրապես, ովքեր պետք է լինեն թեկնածուները, իշխանական կուսակցությունների ներսում էլ պայքար է առաջացել, ինչը երեւում է թեկնածուների շատ լինելու տեսքով»,- «Առավոտի» զրուցակիցն է Արցախի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավոր, Արցախի նախագահի թեկնածու Հայկ Խանումյանը:
– «Փաշինյանի այն լոզունգը, թե լուծումը պետք է բավարարի հակամարտության բոլոր կողմերին, դատարկ, ոչինչ չասող խոսք է, միջնորդի պարզմիտ բանաձեւ։ Դա ուղիղ ապացույցն է այն բանի, որ Հայաստանը չունի գործողությունների պլան: Բրատիսլավայում կայացած բանակցությունների վերջին շրջափուլը եւ դրա շուրջ զարգացող իրադարձությունները ցույց տվեցին մեր իշխանությունների բանակցային ռազմավարության բացարձակ սնանկությունը: Արցախը պետք է նախաձեռնությունն իր ձեռքը վերցնի եւ հստակ սահմանի իր դիրքորոշումը կարգավորման հիմնական բաղադրիչների վերաբերյալ: Միայն այդպես է հնարավոր խուսափել անուղղելի հետեւանքներից: Ընդ որում, Արցախը պարտավոր է հենվել իր Անկախության հռչակագրի եւ Սահմանադրության վրա՝ չվախենալով ՀՀ իշխանության հետ տարաձայնություններից»,- «Հրապարակ» թերթին վերջերս տված հարցազրույցում, արցախյան հարցի կարգավորման մասին տեսակետ էր հայտնել այժմ կալանքի տակ գտնվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Ինչպե՞ս կմեկնաբանեք նրա դիտարկումները, համամի՞տ եք, որ Արցախը պետք է նախաձեռնությունն իր ձեռքը վերցնի եւ առավել հստակ սահմանի իր մոտեցումը: Ո՞րը պետք է լինի ըստ Ձեզ, այդ մոտեցումը:
– Երբ ասում են`Հայաստանի իշխանությունները Արցախի հարցում հստակ տեսակետ չունեն, դա այդքան էլ այդպես չէ, որովհետեւ Հայաստանի իշխանությունների քաղաքականությունը հստակ երեւում է: Դա սպառազինությունների հավասարակշռումն է եւ դրա արդյունքում պատերազմի հետաձգումը, դա լարվածության էսկալացիա թույլ չտալն է, ինչպես նաեւ Արցախում ենթակառուցվածքների մեծածավալ շինարարությունն է, ինչը ինքնին կաջակցի վերաբնակեցմանը: Հետեւաբար, Հայաստանի իշխանությունների գործողությունները հստակ երեւում են եւ սպառազինությունների`արդեն իրականացված մեծածավալ գնումները հստակ ցույց են տալիս, որ ՀՀ իշխանությունները հստակ ծրագիր ունեն եւ գնում են այդ ծրագրի ետեւից:
– Սպառազինությունները, որոնց մասին խոսում եք, դեռ նախկինից եկող պայմանավորվածություններ են եւ, որքան տեղյակ եմ, դրանց մի մասը դեռ Հայաստանին չի էլ տրամադրվել: Իսկ սպառազինությունների ձեռքբերման նոր պայմանավորվածությունների մասին հայտարարություններ չեն եղել:
Կարդացեք նաև
– Ոչ միայն նախկինից եկող պայմանավորվածություններ են, առաջիկայում դեռ կլսեք, շատ բաներ դեռ հրապարակայնացված չեն: ՊԲ-ն շատ շուտով կհամալրվի սպառազինությունների նոր խմբաքանակով, կադրերն են վերապատրաստվում զինտեխնիկայի համար: Սպառազինությունների գնման եւ մատակարարման գործընթացը, գոնե հիմա, բավական ինտենսիվ է իրականացվում:
– Այսինքն, դուք կարիքը չե՞ք տեսնում, որ արցախյան հարցի կարգավորման նախաձեռնությունն Արցախի իշխանությունն իր ձեռքը վերցնի:
– Արցախի ներկա՞ իշխանություններն իրենց ձեռքը վերցնեն: Արցախի ներկա իշխանությունները Սերժ Սարգսյանի շարունակությունն են. այն Սերժ Սարգսյանի, որը որ պատրաստ էր յոթ շրջան հանձնել, որը գողություն էր անում բանակից, գումար չէր ծախսում ենթակառուցվածքների զարգացման վրա: Արցախի իշխանություններն այդ մակարդակի իշխանություններ են, Աստված չանի, որ նրանք ինչ-որ հարցով նախաձեռնությունն իրենց ձեռքը վերցնեն:
– Իսկ նոր իշխանությունը կարո՞ղ է նման հավակնություններ ցուցաբերել:
– Ես չգիտեմ մյուս կուսակցությունների դիրքորոշումները եւ չեմ խոսի նրանց անունից, բայց մեզ համար ամեն ինչ հստակ է. արցախյան հարցի լուծումը մենք տեսնում ենք առնվազն այս տարածքով Արցախով եւ բազմակի ավելի բնակչությամբ: Հայաստանի որ իշխանությունն այդ թեզից կշեղվի`կլինի մեր հակառակորդը:
– Առաջիկա ընտրություններում Արցախի նախագահի թեկնածուների քանակությունն, ըստ Ռոբերտ Քոչարյանի, «ոչ թե ժողովրդավարության նշան է, այլ՝ մասնատվածության դրսեւորում», ինչն ինքը մարտահրավեր է համարում Ղարաբաղի անվտանգությանը: Կա՞ մտահոգվելու առիթ:
– Ես Արցախում մասնատվածություն չեմ տեսնում: Ընդհանրապես, առաջ Սերժ Սարգսյանը կամ Ռոբերտ Քոչարյանն էին որոշում իշխանական թեկնածուին Արցախում, հիմա, քանի որ Երեւանը չի որոշում, թե ո՞վ պետք է լինի իշխանական թեկնածուն կամ ընդհանրապես, ովքեր պետք է լինեն թեկնածուները, իշխանական կուսակցությունների ներսում էլ պայքար է առաջացել, ինչը երեւում է թեկնածուների շատ լինելու տեսքով: Եթե Հայաստանում իշխանափոխություն տեղի չունենար, միգուցե 2020 թվականի նախագահի թեկնածուներն Արցախում լինեին Բակո Սահակյանը եւ ես, որովհետեւ Բակո Սահակյանը վստահաբար, էլի ցանկանալու էր Սահմանադրությունը խախտելով` գնալ արդեն չորրորդ ժամկետին եւ նրան սատարած կուսակցություններն ու գործիչները, բնականաբար, էլի սատարելու էին իրեն: Հայաստանում կայացած հեղափոխությունը ազատագրել է նաեւ արցախյան իշխանական կուսակցություններին եւ նրանց ներկայացուցիչներին, որոնք արդեն, այսպես ասած, կամքի ուժ են գտել եւ իրենց թեկնածություններն են առաջադրել:
– Բակո Սահակյանը հայտարարել էր, որ չի պատրաստվում կրկին առաջադրվել:
– Այո, հայտարարել էր հեղափոխությունից հետո, ոչ թե առաջ: Այդ պատճառով եմ ասում, եթե չլիներ հեղափոխությունը, Բակո Սահակյանը կգնար չորրորդ, հինգերորդ… տասերորդ ժամկետի:
– Ընտրություններին «արտաքին ուժերի կողմից ֆինանսավորվող ոչ կառավարական կազմակերպությունների միակցումը» Ռոբերտ Քոչարյանի մոտ եւս հարցեր է առաջացնում: «Այդպիսի կազմակերպություններ եւ պացիֆիստական կրոնական աղանդներ Արցախում չպետք է լինեն ընդհանրապես: Տեղի ունեցողն ավելի վտանգավոր է, քան շփման գծում գրանցվող ռազմական միջադեպերը, քանի որ դրանով ոչնչացվում են հենց այն արժեքները, որոնց շնորհիվ մենք հաղթել ենք»,- ասել է Ռոբերտ Քոչարյանը՝ հավելելով, որ իր աչքերում սա «Ղարաբաղի վզին փաթաթված սցենար է երեւում, եւ թվում է, որ այն իրականացվում է Հայաստանի իշխանությունների մասնակցությամբ»: Նման գնահատականն արդեն նորություն չէ, բայց հետաքրքիր է վերաբերմունքը՝ դա Ռոբերտ Քոչարյանի կողմից հնչելու մասով:
– Արցախում պացիֆիստական որեւէ կազմակերպություն ես չգիտեմ, իսկ կրոնական աղանդները վաղուց կան`1990-ականներից սկսած: Ինչ վերաբերվում է խաղաղաշինական ծրագրերին, ապա դրանք Արցախ են եկել ու ակտիվացել հենց Ռոբերտ Քոչարյանի իշխանության ժամանակ. ժողովրդական դիվանագիտություն կոչվածն ամենաշատը հենց Քոչարյանի իշխանության օրոք է իրականացվել Արցախում`Հայաստանի իշխանությունների գործուն աջակցությամբ եւ նրանց համաձայնությամբ:
– Անուններ չհնչեցնելով, Ռոբերտ Քոչարյանն ասել էր`«Անընդունելի է Ղարաբաղում ունենալ քծնող նախագահ, ով հնազանդորեն տուրք է տալիս որեւէ մեկի, ներառյալ Հայաստանի վարչապետի, քմահաճույքներին: Այդ որակները հատուկ են տկար եւ թույլ անձերին, իսկ այդպիսի «առաջնորդությունը» կարող է աղետալի հետեւանքներ ունենալ Արցախի համար: Այնտեղ պետք են պատերազմով կոփված խիզախ առաջնորդներ: Հուսամ՝ ղարաբաղցիների ընտրությունը հենց այդպիսին կլինի»: Դուք եւս նախագահի թեկնածու եք. ի՞նչ եք կարծում, ո՞ւմ են ուղղված այս որակումները եւ ինչո՞ւ:
– Չգիտեմ Ռոբերտ Քոչարյանն ում նկատի ունի, դա Ռոբերտ Քոչարյանին պետք է հարցնեք, բայց որ Արցախի նախագահի թեկնածուների մեջ կա առնվազն մեկը, որ ակտիվորեն քծնում է ՀՀ իշխանություններին, որեւէ կասկած չի հարուցում: Ակնհայտ է, թե ով է այդ թեկնածուն:
– Ո՞վ է:
– Տարբեր առիթներով հնչեցրել եմ. Արայիկ Հարությունյանի մասին է խոսքը:
– Նա հերքեց`ասելով, որ ինքը երբեք չի քծնել ոչ ոքի:
– Դա եղել է մարդկանց ներկայությամբ, հրապարակային գործունեություն է:
Զրույցը` ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ
20.12.2019