Այսօր վառվել են Գյումրու կենտրոնական Վարդանանց հրապարակում տեղադրված տոնածառի լույսերը։ Սակայն մինչ հանդիսավոր արարողության սկսվելը, Գյումրու պատմական Աբովյան ճեմափողոցից տասնյակ մանկահասակ ձմեռ պապիներ «Անի» փողային նվագախմբի ելույթի տակ շարժվել են դեպի հրապարակ՝ տոնական շունչ հաղորդելով քաղաքին։ Ձմեռ պապիների գեղեցիկ պարի ներքո էլ սկսվել է կարևոր իրադարձությունը։ Եղել է նաև հրավառություն։
Նշենք, որ Գյումրու քաղաքապետարանի բյուջեից տոնածառի ու քաղաքի տոնական արդուզարդի համար բավական համեստ գումար է տրամադրվել․ Գյումրու քաղաքապետի մամլո խոսնակ Սոնա Առաքելյանի տեղեկացմամբ՝ 27 մետր բարձրություն ունեցող տոնածառի համար սոճու ճյուղերը բերվել են Լոռու մարզից: Գլխավոր եղևնու մետաղական կոնստրուկցիայի մոնտաժման, ապամոնտաժման, դեկորների վերանորոգման համար հատկացել է մոտ 3 մլն դրամ: Եվս 900.000 դրամ հատկացվել է տոնածառի ձևափոխման (ներքևի հատվածում), մոտ 10 մլն դրամ էլ՝ հիմնանորոգված փողոցների տոնական ձևավորման համար:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարները՝ Գյումրու քաղաքապետարանի