Լրահոս
Օրվա լրահոսը

Տպարանի շենքի փրկության համար սկսված ստորագրահավաքը շարունակվում է

Դեկտեմբեր 20,2019 22:25

Երեւանի Գեւորգ Քոչարի 21 հասցեում Երեւանի Մնջախաղի պետական թատրոնին տրամադրված տարածքի շինարարական աշխատանքների հարցով մտահոգված քաղաքացիները ստորագրահավաք են սկսել: Թատրոնին տրամադրվող տարածքը Հայպետհրատի շենքում է, «Փրկենք տպարանի շենքը» նախաձեռնության անդամները պահանջում են դադարեցնել հանրապետական նշանակության պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանի տարածքում պետական բյուջեի միջոցներով Մնջախաղի պետական թատրոնի շենքի կառուցման աշխատանքները:

Ըստ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանի՝ «Այս հրաշալի շենքը, որը բավականին մեծ ծավալ ունի և մի քանի հասցեներ է ներառում իր մեջ՝ հուշարձանների ցանկում է գրանցված: Բայց կառավարության կողմից հաստատված հուշարձանների ցանկում շատ ուշագրավ մի դրվագ կա. Գրապալատի շենքը՝ խնդրո առարկա հասցեն՝ Քոչար 21-ը, որը Իսահակյան, Քոչար և Կորյուն փողոցներով է պարփակված՝ հուշարձանների ցանկում որպես հուշարձանային մաս նշված չի:

Այսինքն՝ այստեղ նշված է Տերյան, Իսահակյան, Քոչար 4 հասցեները, իսկ Քոչար 21-ը ներառված չի: Ամեն դեպքում կառավարության 1616 որոշումը արդեն հիմք է, որ առանց գիտամեթոդական նիստի, այս հարցը սովորական ընթացակարգով տարվեր, սակայն ելնելով այն հանգամանքից, որ շենքը ամբողջությամբ պատմամշակութային արժեք է, նախարարությունում որոշում է կայացվել, որ հարցը քննարկվի այն ընթացակարգով, որը կիրառվում է պատմամշակութային հուշարձանների դեպքում: Մենք 2 անգամ այս հարցը դրել ենք գիտամեթոդական հանձնաժողովի նիստին. առաջին անգամ այն չի ընդունվել՝ պակասող փաստաթղթերի հիմքով, կային նաև տարաձայնություններ մասնագետների միջև՝ միևնույն խնդիրների շուրջ: Այդ փաստաթղթերը հետ են ուղարկվել լրամշակման, որից հետո լրամշակված տարբերակը ներկայացվել է»:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանի համար էլ տարօրինակ է, որ թատրոնի շենքի կառուցման համար բողոքողներ կան. ըստ նրա՝ առաջին անգամ վերցնում են տարածք, պետական միջոցներով ստեղծում են մշակութային միջավայր, եւ. «Սրա դեմ խոսելը, եթե առավել ևս տակը չկա իրավական որևէ շեղում, կարգի շեղում, ես համարում եմ շատ տարօրինակ: Սա շատ տարօրինակ վիճակ է, և մենք, ստիպված ենք լինում արհեստական օրակարգի դեմ այ այսպես կարևոր, ստրատեգիկ գործերը թողնել և ապատեղեկատվության դեմ պայքարել անընդհատ:

«Հայպետհրատի» շենքը նախագծվել է 1935 թվականին՝ ճարտարապետներ Մ. Մազմանյանի եւ Հ. Մարգարյանի կողմից, որի շինարարական աշխատանքները շարունակվել են մինչեւ 1960-ականներ: Նախաձեռնող խմբի հայտարարության մեջ ասված է, որ այն տարբեր տարիներին կրելով փոփոխություններ, հանդիսանում է խորհրդային ճարտարապետության լավագույն նմուշներից մեկն իր բազմաշերտ ժամանակագրությամբ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Կարինե Ա. says:

    Ճարտարապետական եսիմ ինչ չի, ամոթ է, էդ խեղճ մնջախաղի թատրոնի վրա մի՛ կռռացեք:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031