«Մշակույթ, ժառանգություն ասելով ուզում եմ անդրադառնալ մեր լեզվին՝ հայերենին, որը մեր ինքնության պահպանման ամենակարևոր էլեմենտն է։ Ես ուզում եմ, որ այսուհետ, երբ ասենք հայոց լեզու փորձենք այլևս չտարանջատել արևելահայերենն ու արևմտահայերենը, այլ ընկալենք որպես մեկ միասնական լեզու․ գիտենք, որ արևմտահայերենն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Աշխարհի վտանգված լեզուների ատլասում», կենսունակ հայրենիք չունենալու պատճառով», «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը` հավելելով, որ նախարարության կարծիքով արևմտահայերենի պահպանման և սերունդներին փոխանցելու համար պատասխանատու է արևելահայերենով խոսող Հայաստանի Հանրապետությունը։ Եվ որպես խնդրի լուծում տիկին Խաչատուրյանն առաջ բերեց մի քանի տարբերակ, օրինակ՝ թանգարաններում արևմտահայերենին տիրապետող էքսկուրսավարների պարտադիր առկայությունը, թատրոններում արևմտահայերենով ներկայացումների բեմադրումը։
Անդրադառնալով նախարարության գրանցած միջազգային հաջողություններին նախարարի տեղակալն ընդգծեց դեռ անցած տարի ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2018-2019 թվականների օրացույցում Հովհաննես Թումանյանի և Կոմիտասի 150-ամյա հոբելյանների ներառումը, որը Խաչատուրյանի խոսքով մշակութային տեսանկյունից Հայաստանի համար վարկանիշի բարձրացման հարցում շատ մեծ դեր ունեցավ։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում՝ Փարիզում, տեղի ունեցավ մեծանուն բանաստեղծին նվիրված ցուցադրություն, որին հաջորդեց երագահանին նվիրված համերգը։ 2020- 2021 թվականների օրացույցում մեր երկիրը նույնպես ներառված կլինի, այս անգամ հոբելյարները մեծանուն կինոռեժիսոր Անրի Վերնոն (100-ամյակ) և կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանն են (150-ամյակ)։
Գերատեսչության աշխատանքների տարեկան ամփոփման ժամանակ տիկին Խաչատուրյանը, խոսելով երկար ժամանակ թանգարաններում, թատրոններում և համերգասրահներում գործարկվող աբոնիմենտային ծրագրից առանձնացրեց թանգարանների հաճախելիության ցուցանիշները։ Այս պահի դրությամբ 161,628 աբոնեմենտ է մարվել, որը աշակերտության մոտավորապես 50 և ավելի տոկոսն է։
«Մենք գրում ենք «Թանգարանների մասին» օրենք և եկող տարի անպատճառ պիտի շրջանառենք․ աշխատում ենք նաև հուշարձանների և հնագիտության մասին օրենքների վրա՝ ոչ թե ամբողջական, այլ փուլային փոփոխություններ կմտցնենք։ Մենք շատ մեծ նշանակություն ենք տալու գանձագողությունը կանխարգելելուն։ Նախնական պայմանավորվածություն ունենք Իտալիայի հետ․ նրանք շատ լավ փորձ ունեն հուշարձաններ պահպանողների հետ, որոնք զինված ստորաբաժանումներ են և գործում են Պաշտպանության նախարարության ներսում, իրենց առաքելությունը միայն պատմական հուշարձաններ պահպանելն է, և կարծում եմ Հայաստանը պետք է այս մոդելը վերցնի։ Խոսել ենք ոստիկանության հետ, որը նույնպես համամիտ է և հակված է համագործակցության։ Մարտ ամսին իտալացիները կգան ու մեզ որոշակի կվերապատրաստեն կամ կծանոթացնեն իրենց աշխատելաոճին», ասաց նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը։
Կարդացեք նաև
Ոլորտի պատասխանատուի խոսքով հուշարձանների պահպանության հարցում մեծ է խնդիրը կապված մարդկանց գիտակցական աստիճանի հետ․ տարրական գիտելիքների պակաս կա, թե ինչ է կարելի կամ արգելված է անել հուշարձանների մերձ հատվածներում։ Եվ հարցին լուծում տալու համար նախարարությունը սկսել է իրազեկման աշխատանքներ, որոնք արդեն իրականցվել են երկրի հարավային հատվածում՝ Սյունիքում, Վայոց ձորում նաև Արարատում։ Համայնքապետերի հետ հանդիպմանը ներկայացվել են, թե որոնք են հուշարձաններն ու դրանց պահպանման գոտիները, ինչպես նաև, որ հնարավոր պատասխանատվության կենթարկվեն իրավախախտները։
Մարիամ ԱՎԱՆԵՍՅԱՆ