Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահությունն արդյունավետ էր՝ Միության արտաքին տնտեսական կապերի ընդլայնման առումով»

Դեկտեմբեր 20,2019 20:02

ՀՀ վարչապետի հայտարարությունը Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստի արդյունքների վերաբերյալ

Աշխատանքային այցով Սանկտ Պետերբուրգում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստի աշխատանքներին:

Նիստից հետո Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի հետ հանդիպել է զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին և հանդես եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, նշել է.

«Զանգվածային լրատվության միջոցների հարգելի ներկայացուցիչներ,

Կոլեգիայի հարգելի նախագահ
Ավարտվեց Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի հերթական նիստը: Մենք քննարկեցինք մեր ինտեգրացիոն միավորման օրակարգի մի շարք կարևոր հարցեր:
Նախ, Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհուրդը հաստատել է Միխայիլ Վլադիմիրի Մյասնիկովիչի թեկնածությունը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահի պաշտոնում: Ինչպես գիտեք, Տիգրան Սարգսյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է 2020 թվականի փետրվարի 1-ին, և այս պաշտոնում նրան կփոխարինի պարոն Մյասնիկովիչը, ով նախկինում զբաղեցրել է մի շարք բարձրաստիճան ղեկավար պաշտոններ, այդ թվում՝ Բելառուսի Հանրապետության վարչապետի և Բելառուսի Ազգային ժողովի Հանրապետության խորհրդի նախագահի պաշտոնը:

Հաստատվել է նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նոր կազմը։
Շնորհավորում եմ Միխայիլ Վլադիմիրի Մյասնիկովիչին և Կոլեգիայի բոլոր անդամներին նշանակման կապակցությամբ: Վստահ եմ, որ նրանք իրենց ներդրումը կունենան

Հանձնաժողովի և ընդհանրապես մեր Միության գործունեության արդյունավետության հետագա բարձրացման գործում:
Բացի այդ, մենք քննարկեցինք «Մինչև 2025թ. եվրասիական ինտեգրացիայի զարգացման ռազմավարական ուղղությունների» մի քանի սկզբունքային հարցեր:
Ստորագրեցինք Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների աշխատողների կենսաթոշակային ապահովման մասին համաձայնագիրը, ինչը նշանակալի առաջընթաց է Միության միասնական աշխատաշուկայի արդյունավետ գործունեության համար պայմանների ստեղծման գործընթացում:
Մենք քննարկեցինք նաև ԵԱՏՄ անդամ երկրների կողմից Միության ներքին շուկայի գործունեության շրջանակում խոչընդոտների վերացման ուղղությամբ աշխատանքների ընթացքը: Անհրաժեշտ ենք համարում շարունակել համատեղ ջանքերը՝ դեռևս առկա խոչընդոտները վերացնելու և նոր խոչընդոտների առաջացումը կանխող մեխանիզմներ ստեղծելու ուղղությամբ:

Ընդունեցինք Եվրասիական տնտեսական միության շրջանակում առանձին ոլորտների ծառայությունների ազատականացման ծրագրերի իրականացման մասին հրամանագիր:

Այսօրվա նիստը նշանակալի էր նաև նրանով, որ այն վերջին նիստն էր Հայաստանի նախագահությամբ: Մենք հնարավորություն ունեցանք ամփոփել անցնող տարին և խոսել Հայաստանի նախագահության ընթացքում ձեռք բերված արդյունքների մասին:

Ակնհայտ է, որ Հայաստանի նախագահությունը բավական արդյունավետ էր Միության արտաքին տնտեսական կապերի ընդլայնման առումով: Ինչպես գիտեք, ուժի մեջ են մտել Չինաստանի հետ առևտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագիրը և Իրանի հետ ազատ առևտրի գոտու ձևավորման մասին համաձայնագիրը:

Ազատ առևտրի մասին համաձայնագրեր են ստորագրվել Սինգապուրի և Սերբիայի հետ, ինչպես նաև համաձայնագիր է ստորագրվել Չինաստանի հետ մաքսային տեղեկատվության փոխանակման մասին:

Այս տարվա հոկտեմբերին Երևանում հիմք դրվեց Եվրասիական տնտեսական համաժողովի անցկացման ավանդույթին: Նման միջոցառումներ այսուհետ ամեն տարի կանցկացվեն նախագահող երկրում:

Ընդունվել են մի շարք որոշումներ, որոնք նպաստում են մեր երկրների միջև համագործակցության խորացմանը և ինտեգրացիոն ինստիտուտների կատարելագործմանը:
Հավանության է արժանացել Միության էլեկտրաէներգիայի ընդհանուր շուկայի ձևավորման մասին միջազգային համաձայնագիրը, հաստատվել է ԵԱՏՄ միասնական ֆինանսական շուկայի ձևավորման հայեցակարգը, գործարկվել է եվրասիական ցանցի առաջին թվային նախագիծը, և առաջընթաց է գրանցվել ոսկերչական ապրանքների ընդհանուր շուկայի ստեղծման գործում:
Եվ, վերջապես, այսօր Հայաստանը հանդես է գալիս նախաձեռնությամբ՝ առաջարկելով մեր երկրներից յուրաքանչյուրին իր վերահսկողության տակ վերցնել խոշոր ինտեգրացիոն նախագծերից որևէ մեկը: Մենք պատրաստակամություն հայտնեցինք համակարգել Եվրասիական միության ոսկերչական ապրանքանիշի ձևավորման ծրագրի իրականացումը:

Եզրափակելով խոսքս՝ ցանկանում եմ նշել, որ 2020 թվականին Միության նախագահությունը փոխանցվում է Բելառուսի Հանրապետությանը: Այս կապակցությամբ ցանկանում եմ շնորհավորել Ալեքսանդր Լուկաշենկոյին և հաջողություն մաղթել մեր բելառուս գործընկերներին այս կարևոր առաքելության մեջ:
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Տիգրան Սարգսյանին ԵԱՏՀ Կոլեգիայի նախագահի պաշտոնում կատարած աշխատանքի համար և մաղթել ամենայն բարիք»:

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031