Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե սուր անկյունները չհարթվեն, հարաբերական խաղաղությունը չի կարող շարունակվել. ICG-ն զեկույցը՝ Արցախի վերաբերյալ

Դեկտեմբեր 20,2019 20:30
stepanakert

Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցություններում բացված թույլ հնարավորությունները փակվելու ռիսկի տակ են: Եթե դա տեղի ունենա, Բաքուն ու Երևանը կարող են ոչ միայն կորցնել այն ձեռքբերումները, որոնց հասել են վերջերս, այլև որոշ ժամանակով թաղել խաղաղության գործընթացը: Երևանն ու Բաքուն լավ կանեն արագ գործեն: Նրանք կարող են սկսել զրուցել այն փակուղի բերած հարցերի շուրջ. Լեռնային Ղարաբաղին հարող տարածքների ապագան, որոնց վրա հայ վերաբնակեցվածները իրենց տներն են կառուցել, միջազգային խաղաղապահ ուժերի պոտենցիալ դերը, և ամենաառանցքային հարցը՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը: Այս մասին ասվում է Միջազգային ճգնաժամային խմբի (ICG) հրապարակած նոր զեկույցում:

ԼՂ հարակից տարածքներում նոր վերաբնակեցման ժամանակավոր դադարը՝ Ադրբեջանի կողմից միջազգային իրավական գործողությունները կամ նոր պատժամիջոցները կասեցնելու խոստման դիմաց, կարող է զսպել տանջող խնդիրը և օգնել բանակցություններ սկսել առանցքային անհամաձայնությունների շուրջ: Ինչ վերաբերում է խաղաղապահների հեռանկարին, ԵԱՀԿ Բարձր մակարդակի պլանավորման խումբը (ԲՄՊԽ), որը ստեղծվել էր 1990-ականներին նման առաքելությունների համար, կարող է տարբերակները նորովի գնահատել: Կողմերի դիրքորոշումները խստորեն տարբերվում են Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ, բայց այնուամենայնիվ, արժե սկսել զգույշ, ոչ ֆորմալ բանակցություններ, կարծում են զեկույցի հեղինակները:

2019թ. սկզբին առաջընթացը թվում էր ակնհայտ: Հայաստանի նոր կառավարությունն ասում էր, որ պատրաստ է փոխզիջումային լուծում փնտրել: Բաքուն ավելի բաց էր թվում՝ ճանապարհներ փնտրելու վեճը լուծելու համար: Երկու երկրների հարաբերությունները,  որոնք սրվել էին 1992-1994թթ. պատերազմի հետևանքով և հետագայում վնասվել 2016թ. բախումներում (որոնց զոհ գնացին 100-ավոր մարդիկ), մի փոքր հալվել են, ասվում է զեկույցում: Երկու երկրների միջև դիվանագիտական շփումների վերսկսում և առավել բարենպաստ պայմաններ բանակցությունների համար: Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունները համաձայնել են սկսել մարդասիրական նախագծեր շփման գծում և թույլ տալ լրագրողներին և հարազատներին այցելել գերեվարված անձանց համապատասխան մայրաքաղաքներում:

Բայց մերձեցումը չհանգեցրեց վերսկսված խաղաղության բանակցությունների: Լեռնային Ղարաբաղի մասին երկու կողմերի միջև քննարկումները հիմնական անհամաձայնությունների շուրջ կասեցված են եղել ավելի քան մեկ տասնամյակ: Օտարացման տարիներն ամրապնդել են դիրքերը. Երևանը, Բաքուն և Լեռնային Ղարաբաղի փաստացի իշխանությունները շարունակում են ոչ փոխզիջումային պահանջներ ներկայացնել ԼՂ ճակատագրի վերաբերյալ: Ավելին, վերջին ամիսներին հայ-ադրբեջանական հարաբերությունները կրկին սառել են, քանի որ առաջնորդներից յուրաքանչյուրը փոխադարձ մեղադրանքներ էին հնչեցնում, որը մյուսը կողմն ընկալում էր որպես սադրանք: Եթե երկու կողմերը չկարողանան հարթել սուր անկյունները, հարաբերական խաղաղությունը կարող է երկար չշարունակվել:

Փոխզիջումներ գտնելու վերսկսված ջանքերը կարող են օգնել կանխել կրկին ակտիվացող լարվածությունը: Մասնավորապես, կողմերը կարող են վերադառնալ այն երեք հարցերին, որոնց շուրջ տարաձայնություններ ունեին 1992-1994թթ-ից: Առաջինը վերաբերում է Լեռնային Ղարաբաղին հարող տարածքների ճակատագրին: Պատերազմի ժամանակ ադրբեջանցիները հարկադրված տեղահանվել էին այդ շրջաններից: Այստեղ վերաբնակեցվածները հիմնականում հենց Ադրբեջանից հարկադիր տեղահանված էթնիկ հայեր են, որոնք զգալի ներդրում են ունենում անջատված շրջանի տնտեսության մեջ, հիմնականում շնորհիվ գյուղատնտեսության բուռն զարգացման և ամուր կապեր ունեն այն տների և համայնքների հետ, որոնք իրենք զրոյից են ստեղծել: Առաջ շարժվելու ուղիներ փնտրելը, որը կհամապատասխանի ինչպես վերաբնակեցվածների, այնպես էլ հարակից շրջաններից տեղափոխվածների շահերին, ինչպես նաև կենթադրի այդ տարածքների վերադարձ Ադրբեջանին, փոքր մարտահրավեր չի լինի:

Բանակցությունների համար պայմաններ ստեղծելու տարբերակներից մեկը կարող է լինել այն, որ Հայաստանը համոզի Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո իշխանություններին կասեցնել վերաբնակեցման նոր ծրագրերը, որի դիմաց Ադրբեջանն էլ կխոստանա վերաբնակեցման հետ կապված բողոքներ չուղարկել միջազգային դատարաններ կամ չպարտադրել հետագա պատժամիջոցներ սահմանված ժամկետով: Երևանը պնդում է, որ վերաբնակեցման ընդլայնման վերաբերյալ որոշումները Ստեփանակերտի ձեռքում են: Իրականում, սակայն, Հայաստանը զգալի ազդեցություն ունի՝ որպես Լեռնային Ղարաբաղի անվտանգության հիմնական երաշխավոր, որպես նրա բյուջեի մոտ կեսի մատակարար և նրա ապրանքների հիմնական շուկա: Իր հերթին, Բաքուն կարծես թե դեմ է նման փոխադարձ քայլերի՝ վախենալով, որ վերաբնակեցման սառեցման վերաբերյալ իրավական գործողությունների դադարեցման դեպքում ռիսկ կա, որ արդեն գոյություն ունեցող բնակավայրերը կընդունվեն այն պահին, երբ Երևանը կզգա, որ ավելի մեծ միջազգային աջակցություն ունի: Բայց Ադրբեջանը կարող է հրապարակայնորեն հաստատել իր դիրքորոշումն առ այն, որ վերաբնակեցումը հակասում է միջազգային օրենսդրությունը, նույնիսկ եթե պարտավորվել է դադարեցնել նոր պատժամիջոցները կամ իրավական գործողությունները, և դրանով իսկ ազդանշան տալ, որ մերժում է գոյություն ունեցող բնակավայրերի շարունակական գոյությունը, ասվում է զեկույցում:

Երկրորդ հարցը վերաբերում է հնարավոր միջազգային խաղաղապահ կամ դիտորդական առաքելության կազմին և մանդատին: Նման առաքելությունը կարող է օգնել նվազագույնի հասցնել բռնությունը, պայմաններ ստեղծել խաղաղ պայմանավորվածությունների համար և վերահսկել կամ ապահովել, որ այդ պայմանավորվածություններին հետևեն, եթե և երբ դրանք ձեռք բերվենի: Չնայած 1994թ-ից ի վեր որոշակի ընդմիջումներով նման առաջարկները շրջանառվում են, մասնավորապես Ռուսաստանի կողմից, նման որևէ առաքելություն չի տեղակայվել: Կողմերից երկուսն էլ, որպես կանոն,  հակադրվել են ռազմական ուժին: Նմանատիպ առաքելությունների պլանավորման համար 1990-ականներին ձևավորվել է ԵԱՀԿ ԲՄՊԽ, որը, սակայն, տապալվել է բանակցությունների առաջընթացի բացակայության պայմաններում: Կողմերի աջակցությամբ ԵԱՀԿ-ն կարող էր վերականգնել այն և նրան օժտել որոշակի, սահմանափակ ժամակահատվածով (գուցե մեկ տարի) մանդատով՝ սահմանելու տարբերակները: Հետագայում սա կարող է կողմերի համար հիմք դառնալ՝ նման առաքելության շուրջ քննարկումների համար:

Վերջին հարցը Լեռնային Ղարաբաղի անկախության պահանջն է, որն ընկած է հակամարտության հիմքում և ամենաբարդն է լուծման տեսանկյունից: Հայաստանը և Ստեփանակերտը պնդում են, որ այն պետք է ունենա պետականություն: Բաքուն առավելագույնը, որ պատրաստ է, Լեռնային Ղարաբաղին ինքնավարություն առաջարկելն է Ադրբեջանի կազմում: Չնայած կողմերը հիմքերում շատ քիչ ընդհանրություններ ունեն, կան առաջընթացի զգուշավոր նշաններ: Ադրբեջանում բարձրաստիճան պաշտոնյաները սկսել են մանրամասն ուսումնասիրել, թե ինչ է հետևանքներ կարող է ունենալ տարածաշրջանին ինքնավարություն շնորհելը և ինչպես կարող է կազմակերպվել կարգավիճակի վերաբերյալ հանրաքվեն: Նրանց գաղափարները շատ հեռու են այն մոտեցումներից, որոնք կարող են ընդունելի լինել Երևանի կամ Ստեփանակերտի համար, դրանք նաև չեն արտացոլում Լեռնային Ղարաբաղում այսօրվա կյանքի և կառավարման վերաբերյալ իրական պատկերը: Այնուամենայնիվ, նրանք կարող էին առաջարկել սկսել քննարկումներ: Հաշվի առնելով խնդրի զգայունությունը և կողմերի միջև դիրքորոշումների տարբերությունը՝ կարգավիճակի վերաբերյալ ցանկացած բանակցություն, ամենայն հավանականությամբ, պետք է սկսել զգույշ և կիսապաշտոնական ձևաչափով:

Չնայած նախկինում երկխոսությունները հիմնականում ձախողվել են կողմերի միջև տարաձայնությունների և անվստահության պատճառով, կարծես թե չի օգնել անգամ այն փաստը, որ այս երեք հարցերը մշտապես քննարկվել են միասին՝ մեկ փաթեթում: Երեք հարցերը փոխկապակցված են, և դրանցից յուրաքանչյուրի առաջընթացը պահանջում է  (և կարող է խթանել) առաջընթաց մյուսների մասով: Բայց կողմերը դանդաղ են գործել առաջին երկուսի՝ վերաբնակեցման և միջազգային խաղաղապահների կամ դիտորդների հնարավոր դերակատարության մասով` վախենալով, որ դրանք կարող են ազդել երրորդի՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հետագա քննարկումների վրա: Այս խոչընդոտները մեղմելու համար կողմերը կարող են խոստանալ, որ ձեռք բերված ցանկացած համաձայնագիր չի վնասի այլ հարցերի շուրջ բանակցություններին:

Կողմերի միջև ուղղակի բանակցությունները անխուսափելիորեն ռիսկեր են պարունակում: Դրանք կարող են ընդգծել երկու կողմերի դիրքորոշումների միջև եղած հեռավորությունը՝ դրանով իսկ ավելացնելով փոխադարձ զայրույթը և հետ շրջելով անցած ամիսների ձեռքբերումները: Բայց տարիներ շարունակվող փակուղին ավելի է հեռացրել հնարավոր լուծումը, իրարից մեկուսացրել հայերին ու ադրբեջանցիներին: Որքան ավելի շատ ժամանակ անցնի, այնքան ավելի շատ փաստերը տեղերում կարմատանան, այնքան դժվար կլինի դրանց հակադարձել, և այնքան ավելի կծանրանա պատերազմի վտանգը: Եթե վտանգ կա, որ բանակցությունները կարող են ավելի վատթարացնել իրավիճակը, ապա դրանց շարունակական բացակայությունը հաստատ ավելի կվատթարացնի իրավիճակը: Սեղանի շուրջ վերադառնալը դժվար կլինի, բայց այն միակ ճանապարհն է, որով Հայաստանն ու Ադրբեջանը կարող են դուրս գալ փակուղուց, կարծում են զեկուցի հեղինակները:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031