Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեռնեմ Փաշինյանին, որ թողնեն աշխատի կարգին, Հայաստանը կծաղկեցնի»․ դատարկված Խարկով գյուղի 83-ամյա միակ բնակչուհի

Դեկտեմբեր 20,2019 19:11

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր Շիրակում տարեվերջյան ամփոփիչ մարզխորհրդի նիստը սկսվեց պատմական պահով․ Անի մայրաքաղաքից ընդամենը մեկ ձորով բաժանվող դատարկված Խարկով գյուղի միակ բնակչուհուն՝ 83-ամյա Վահանդուխտ Մելքոնյանին շնորհակալագիր հանձնվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից։

Հիշեցնենք, որ սահմանամերձ այս գյուղ մտնելու համար անհրաժեշտ է ռուս սահմանապահների թույլտվությունը , նույնիսկ տեղաբնակները օրեր առաջ անցագիր են հանում ծննդավայր գնալու համար։ Գյուղն ամբողջապես դատարկվել է, իսկ Վահանդուխտ տատը, սկեսրոջը պատգամը պահելով, չի լքում սիրելի բնակավայրը։ «Հաց թխելու ալյուր էլ չունենաք՝ թոնիրը վառեք, թող ծուխ դուրս գա, ու թշնամին տեսնի, որ գյուղում մարդ է ապրում, չուրախանա դատարկվելուց»,-պատգամել էր սկեսուրը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Հայրենի հողին անմնացորդ նվիրումի և անխոնջ, երկարամյա աշխատանքի համար» շնորհակալագիր էր ուղարկել Վահանդուխտ տատին։

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն այն հանձնելիս՝ ասաց․ «Երկրի պաշտպանը հենց Վահանդուխտ տատիկն է, ով տարիներ շարունակ սահմանապահ ու ծուխ պահող է։ Ես այսօր պատմական շատ մեծ առաքելություն ունեմ նաև տատիկի մոտ՝ վարչապետի անունից, վարչապետի կողմից ստացած համաձայնությամբ հայտարարել, որ մեր վարչապետի, տարածքային կառավարման նախարարի, շատ շահագրգիռ կազմակերպությունների, կառույցների և մեր համեստ մասնակցությամբ ունենք որոշում․ հաջորդ տարի Անիի սահմանը բացվում է հայ մարդու, հայ այցելուի համար և տատիկին արդեն առանց այլևայլ բարդությունների ցանկացած մեկդ կարող եք այցելել։ Մենք հաջորդ տարի սահմանային ռեժիմի փոփոխություն կունենանք այդ հատվածում, ինչը մեր մարզի ու տատիկի առաքելության համար կարծում եմ ամենամեծ գնահատականն է»։

Վահանդուխտ տատը մարզպետին խնդրեց սարքել ճանապարհները։

Խարկով գյուղի միակ բնակչուհին լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրեն պահում է Անի մայրաքաղաքը ու նախնիների՝ գյուղը չլքելու, ապրելու բազմանալու, թշնամուն չուրախացնելու պատգամը։

«60 տարի է՝ հարս եմ գյուղում, սկեսուրս ինձ ասում էր՝ լաո, սաղ կմնամ, քզի կտանիմ մեր էրգիր, կբացվի հո էս ճամփեն, ես ու դու կերթանք, կտանիմ քեզ Մշո Խաս գյուղ , կտեսնիս ինչ գյուղ է, ինչ հարստություն, ինչ բերք ու բարիք․․․

Հույսով ապրում եմ, որ Խարկովի բնակիչները հետ կգան, Աստված օղորմած է, թող գան, գյուղը շենանա, առավոտ ելնենք, մեկս մյուսիս երես տեսնենք։ Մենակության արդեն սովորել եմ, բայց գիտեք քանի մարդ է բարև, բարի լույս տալիս, ծառայության գնացող զինվորներն ամեն առավոտ հարցնում են՝ տատիկ ո՞նց ես։ Գալիս, հարցնում են, հետս զրուցում են, եթե ժամանակ են ունենում։

Ամառն էլ թոռներս, ծոռներս գալիս են գյուղ, սիրում են գյուղը, սկսվում է եռուզեռ, ճանապարհները սարքեն․․․ Տուրիստները որ գալիս են, քանի կիլոմետր հեռավորության վրա են մնում, ոտքով գալիս են գյուղ՝ Անին նայելու։ Տուրիստիներից ովքեր ուզում են, գալիս են իմ տուն, հյուրասիրում եմ, շատ գոհ գնում են, Ամերիկայից են, Ֆրանսիայից»։

Վահանդուխտ տատն ասում է՝ գյուղը միանգամից չի դատարկվել, մարդիկ հետզհետե լքել են՝ ելնելով պայմաններից, հիմնական պատճառը եղել է դպրոցի փակվելը․ դպրոցին ուսուցիչներ չեն հատկացրել։ Գյուղում, ըստ մեր զրուցակցի, բազմաթիվ գրագետ, խելացի մարդիկ կային։

Ըստ Խարկովի միակ բնակչուհու, ռուս սահմանապահների առկայությունը չի նպաստել գյուղի դատարկմանը, հատկապես գյուղի բնակիչների համար ոչ մի խոչընդոտ չի եղել, երբ ուզել՝ գնացել ու վերադարձել են։

Վահանդուխտ տատիկն ասաց, որ առաջին անգամն է ուշադրության արժանանում։

«Մեռնեմ Փաշինյանին, Փաշինյանին չեն թողնում, որ թողնեն աշխատի կարգին, էս կողմից, էն կողմից բան չանեն, Փաշինյանը Հայաստանը կծաղկեցնի։ Էսքան տարի, էսքան փողեր, էսքան բաներ կերել են, հիմա Հայաստանը ինչ էր դարձել․․․

Վահանդուխտ տատիկը զբաղվում է գյուղատնտեսությամբ, թվարկում է․ «Մեղու ունեմ, խոզ ունեմ, ոչխար ունեմ, ոնց պարապ նստեմ, այս հասակում եմ, բայց բոլոր գործերն անում եմ»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031