Ոստիկանությունը շարունակում է թմրանյութերի անօրինական շրջանառության և օգտագործման դեմ հետևողական պայքարը: Օրերս հերթական դեպքը ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողները բացահայտեցին: Դեկտեմբերի 19-ին, ժամը 1-ի սահմաններում, քրեական հետախույզները ստացված տեղեկություններն իրացնելով, թմրամիջոց պահելու կասկածանքով, Վանաձորի Տիգրան Մեծի փողոցից իր «ՎԱԶ-2103» մակնիշի մեքենայով բերման ենթարկեցին Օձուն գյուղի 24-ամյա մի բնակչի:
Մեքենայից, նաև կասկածվողի անձնական խուզարկությամբ, հայտնաբերվել է ապակե գլանակ և երկու փաթեթ յուրահատուկ հոտով, դեղնականաչավուն, չորացված մանրացված զանգված: Հայտնաբերված բուսական զանգվածն ուղարկվել է փորձաքննության: Հանգամանքները պարզվում են: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
ՀՀ ոստիկանություն