Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումը չի կարող ընթանալ ռազմական հռետորաբանության եւ լարվածության աճի պայմաններում

Դեկտեմբեր 20,2019 18:50

Տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի միջազգային գործերով կոմիտեի համատեղ նիստը

Դեկտեմբերի 18-ին Երեւանում տեղի է ունեցել ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի միջազգային գործերով կոմիտեի համատեղ 5-րդ նիստը՝ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի եւ ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի միջազգային գործերով կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովի համանախագահությամբ:

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը, ողջունելով ռուս խորհրդարանականների այցը ՀՀ Ազգային ժողով, կարեւորել է խորհրդարանական մակարդակում համագործակցության նմանատիպ ձեւաչափի առկայությունը՝  որպես արդյունավետ խթան Հայաստանի եւ Ռուսաստանի խորհրդարանական կապերի կայուն եւ դինամիկ զարգացման համար:

Հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը, անդրադառնալով հայ-ռուսական միջխորհրդարանական հարաբերությունների բարձր մակարդակին, կարեւորել է Գյումրիի «Սեւ բերդ» ամրոցում նոյեմբերի 6-ին կայացած ՀՀ ԱԺ եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 32-րդ նիստի անցկացումը, որի ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ շրջանակում ազգային օրենսդրությունների ներդաշնակեցմանն ու մոտարկմանը, ինչպես նաեւ երկու երկրների միջեւ մշակութային, մարդասիրական համագործակցությանը վերաբերող հարցեր:

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը կարեւորել է նաեւ Հայաստանի եւ Ռուսաստանի համակարգված փոխգործակցությունը միջազգային տարբեր հարթակներում:

Հանձնաժողովի նախագահն ընդգծել է Ռուսաստանի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի ջանքերը եւ դերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման եւ տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ապահովման հարցում:

Ողջույնի խոսքով հանդես է եկել նաեւ ՌԴ ԴԺ Դաշնության Խորհրդի միջազգային գործերով կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովը: Կարեւորելով համատեղ նիստի անցկացման ավանդույթը՝ կոմիտեի նախագահը գոհունակությամբ ընդգծել է պրոֆիլային հանձնաժողովների համագործակցության արդյունավետությունը բաց եւ թափանցիկ քննարկումներ ունենալու հնարավորությամբ պայմանավորված:

Նմանատիպ ձեւաչափում համատեղ նիստի անցկացման ավանդույթը կարեւորել է նաեւ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը:

Հանձնաժողովների համատեղ նիստի օրակարգում ընդգրկված հարցերը վերաբերել են Հարավային Կովկասում գլոբալ եւ տարածաշրջանային անվտանգության մարտահրավերներին, ահաբեկչության, թմրանյութերի ապօրինի շրջանառության եւ անօրինական միգրացիայի, ինչպես նաեւ քիմիական եւ կենսաբանական ահաբեկչական գործողությունների դեմ պայքարին, եվրասիական ինտեգրացիոն գործընթացների օրենսդրական ապահովմանը վերաբերող հարցերին: Հայրենական մեծ պատերազմի 75-ամյակի տոնակատարությունների նախապատրաստման համատեքստում քննարկվել են նաեւ պատմության խեղաթյուրմանը, նացիզմի հերոսականացմանը, ինչպես նաեւ նեոնացիզմի դրսեւորումների դեմ պայքարին առնչվող հարցեր, որոնք նպաստում են այլատյացության եւ անհանդուրժողականության աճին:

Զեկուցմամբ հանդես են եկել ՀՀ Աժ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը, անդամներ Էդմոն Մարուքյանը, Արման Աբովյանը, Անուշ Բեղլոյանը, ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի միջազգային գործերով կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովը, նույն կոմիտեի անդամներ Վլադիմիր Լակունինը, Բաիր Ժամսուեւը:

Նիստում քննարկվել են նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Համատեղ նիստի արդյունքներով կողմերն ընդունել են համատեղ հայտարարություն:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՐՏԱՔԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԴԱՇՆԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԿՈՄԻՏԵԻ
ՀԱՄԱՏԵՂ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
18 դեկտեմբերի, 2019 թիվ, ք. Երեւան

Ոչ պաշտոնական թարգմանություն

ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի (այսուհետ` Կողմեր) համատեղ հինգերորդ նիստը, համաձայն նախապես ձեռք բերված պայմանավորվածությունների, տեղի է ունեցել 2019 թվականի դեկտեմբերի 18-ին Երեւանում:

Նիստի ընթացքում կողմերը նշել են, որ անցած ժամանակահատվածում երկու պետությունների միջեւ  փոխըմբռնումը եւ փոխգործակցությունն ինչպես երկկողմ մակարդակում, այնպես էլ միջխորհրդարանական եւ միջազգային հարթակներում հասել է բարձր մակարդակի:

Համատեղ նիստի ընթացում քննարկվել են միջազգային օրակարգի այնպիսի արդիական հարցեր, ինչպիսիք են միջազգային եւ տարածաշրջանային անվտանգությունը, այդ թվում՝ պայքարն ահաբեկչության, թմրանյութերի շրջանառության եւ անօրինական միգրացիայի դեմ: Քննարկվել են նաեւ տեղեկատվական անվտանգությանն, եվրասիական ինտեգրացիոն գործընթացների օրենսդրական ապահովմանը եւ միջազգային խորհրդարանական հարթակներում փոխգործակցությանը վերաբերող հարցեր:

Կողմերը վերահաստատել են իրենց հանձնառությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը՝ ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներին եւ սկզբունքներին, ինչպես նաեւ Հելսինկյան եզրափակիչ ակտի դրույթներին համապատասխան՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության, ժողովուրդների իրավահավասարության եւ ինքնորոշման իրավունքի սկզբունքների հիման վրա:

Կողմերը նշել են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը չի կարող ընթանալ ռազմական հռետորաբանության եւ լարվածության աճի պայմաններում: Այս համատեքստում կողմերն ընդգծել են ռազմական գործողությունների դադարեցման եւ հրադադարի ռեժիմի հաստատման հետ կապված՝ Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի միջեւ 1994 եւ 1995 թվականներին կնքված համաձայնագրերի խիստ պահպանման կարեւորությունը:

Կողմերն ընդգծել են միջադեպերի հետաքննության ԵԱՀԿ մեխանիզմի ներդրման, ինչպես նաեւ հրադադարի ռեժիմի վերաբերյալ մոնիտորինգի արդյունավետության բարձրացման առաջնահերթությունը, այդ թվում նաեւ  ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ընդլայնման միջոցով: Կողմերն ընդգծել են այլատյացության դրսեւորումների անթույլատրելիությունը եւ կարեւորել ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու ու բանակցային գործընթացին նպաստող մթնոլորտի ձեւավորմանն ուղղված ջանքերը:

Կողմերը քննարկել են հայ-ռուսական դաշնակցային ռազմավարական համագործակցությանը վերաբերող արդիական հարցեր: Կողմերը գոհունակությամբ նշել են, որ փոխհարաբերությունները Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ թելադրվում են ինչպես երկու ժողովուրդների միջեւ դարավոր բարեկամությամբ, այնպես էլ այդ հարաբերություններն ամրագրող բազմաթիվ միջազգային պայմանագրերի եւ համաձայնագրերի ամրագրմամբ, որոնք կարգավորում են երկկողմ հարաբերությունները եւ ապահովում այդ հարաբերությունների կայուն զարգացումը: Թե՛ Հայաստանի եւ թե՛ Ռուսաստանի անվտանգության ապահովման շահերից ելնող երկկողմ համագործակցությունը բխում է երկու պետությունների երկարաժամկետ ռազմավարական շահերից:

Անդրադառնալով գլոբալ անվտանգության եւ տարածաշրջանային մարտահրավերներին՝ կողմերը նշել են, որ ինչպես եվրասիական տարածաշրջանում, այնպես էլ ամբողջ աշխարհում կայունության պահպանման կարեւորագույն պայման է առկա տարածաշրջանային ինտեգրացիոն կառույցների շրջանակում համագործակցության հետագա զարգացումը, միջազգային ահաբեկչության եւ ծայրահեղականության գաղափարախոսության դեմ պայքարի գործում ջանքերի ավելացումը, քաղաքացիական հասարակության ինստիտուտների, ԶԼՄ-ների եւ կրոնական կոնֆեսիաների մոբիլիզացիան: Առանձնահատուկ ընդգծվել է ահաբեկչության եւ ծայրահեղականության ֆինանսավորման աղբյուրների հուսալիորեն արգելափակման ուղղությամբ ջանքերի կարեւորությունը՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պրոֆիլային բանաձեւերի եւ ՖԱՏՖ միջազգային ստանդարտների հիման վրա:

Կողմերն ընդգծել են ինչպես միջազգային, այնպես էլ տարածաշրջանային մակարդակում համագործակցության շարունակական ամրապնդման կարեւորությունը՝ նպատակ ունենալով հակազդել ծայրահեղականությանը եւ անօրինական միգրացիային, ինչպես նաեւ պայքարել ահաբեկչության եւ թմրանյութերի, արգելված այլ դեղամիջոցների անօրինական շրջանառության դեմ:

Կողմերն անհանգստություն են հայտնել միջազգային անվտանգության ճարտարապետությանը եւ սպառազինությունների վերահսկողությանը  սպառնացող միտումների առնչությամբ:

Կողմերն ընդգծել են միջազգային եւ տարածաշրջանային անվտանգության հարցերում Եվրասիական տնտեսական միության եւ ՀԱՊԿ անդամ-պետությունների դիրքորոշումների փոխհամաձայնեցման մեխանիզմի ստեղծման կարեւորությունը:

Բացի այդ, Կողմերն աջակցություն են հայտնել ՀԱՊԿ շրջանակում միացյալ ջանքերին՝ ուղղված ազգային եւ միջազգային մակարդակում կազմակերպության դրական կերպարի ձեւավորմանը՝ օգտագործելով հանրային դիվանագիտության գործիքակազմը:

Կողմերն իրենց աջակցությունն են հայտնել 2019 թվականի նոյեմբերի 5-ին Երեւանում կայացած ՀԱՊԿ Խորհրդի եւ խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նիստի որոշումներին, ինչպես նաեւ 2019 թվականի նոյեմբերի 27-ին Բիշքեկում կայացած՝ ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին ընդունած փաստաթղթերին:

Անդրադառնալով եվրասիական ինտեգրացիոն գործընթացին՝ Կողմերն ընդգծել են տնտեսական ինտեգրման հետ կապված հարցերի ամբողջ շրջանակի զարգացման կարեւորությունը՝ նպատակ ունենալով հասնել Եվրասիական տնտեսական միության՝ որպես ժամանակակից, արդյունավետ եւ մրցակցային միավորման, նպատակներին եւ խնդիրներին, որոնք նպաստում են ինտեգրացիոն փոխգործակցության ամրապնդմանը եւ նրա կազմի մեջ մտնող պետությունների տնտեսությունների առավել աճին:

Կողմերը նաեւ գոհունակությամբ անդրադարձել են Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստի արդյունքներին, որոնք տեղի են ունեցել 2019 թվականի հոկտեմբերի 1-ին Երեւանում: Մասնավորապես, Ազատ առեւտրի մասին համաձայնագրեր են կնքվել Սինգապուրի Հանրապետության (1-ը հոկտեմբերի) եւ Սերբիայի միջեւ (25 հոկտեմբերի): Ուժի մեջ է մտել Իրանի հետ ազատ առեւտրի գոտու ժամանակավոր համաձայնագիրը (27 հոկտեմբերի), ինչպես նաեւ ԵՏՄ-ի եւ Չինաստանի միջեւ առեւտրի եւ տնտեսական համագործակցության մասին համաձայնագիրը (25 հոկտեմբերի):

Կողմերը կարեւորել են Եվրասիական տնտեսական միության առկա ներուժի առավելագույն կիրառումն արդյունաբերական զարգացման եւ արդիականացման գործընթացների խթանման համար՝ նպատակ ունենալով ապահովել կայուն սոցիալ-տնտեսական զարգացումը եւ երկու պետությունների ժողովուրդների բարեկեցության բարձրացումը:

Վերլուծելով միջազգային խորհրդարանական հարթակներում երկկողմ համագործակցության ներկայիս վիճակը՝ (ԱՊՀ ԽՎ, ՀԱՊԿ ԽՎ, Միջխորհրդարանական միություն, ՍԾՏՀ ԽՎ, ԵԱՀԿ ԽՎ, ԵԽԽՎ, Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողով) Կողմերը կարեւորել են միջազգային եւ տարածաշրջանային կազմակերպություններում ռազմավարական համագործակցության ավելացումը՝ նպատակ ունենալով  ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափերում ապահովել ընդհանուր շահերի պաշտպանությունը:

Կողմերը գոհունակություն են հայտնել 2019 թվականի հոկտեմբերի 13 – 17-ը Բելգրադում կայացած Միջխորհրդարանական միության 141-րդ վեհաժողովի  շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունների հետեւողական իրականացման վերաբերյալ:

Կողմերն ընդգծել են նեոնացիզմի եւ այլատյացության դեմ պայքարում համատեղ ջանքերի կարեւորությունը եւ նշել ցանկացած ծայրահեղականության դեմ պայքարում իրենց հանձնառության մասին:

Կողմերը հաստատել են, որ փոխըմբռնման, երկխոսության եւ երկու խորհրդարանների ուշադրությունը պահանջող հարցերի շուրջ փոխադարձ աշխատանքի մթնոլորտում համատեղ նիստեր անցկացնելու ավանդույթը վկայում է կողմերի հաստատուն մտադրության մասին՝ համագործակցությունը եւ փոխգործակցությունն առեւտրատնտեսական, մարդասիրական եւ այլ ոլորտներում բարեկամական փոխգործակցության ոգով զարգացնելու հետ կապված:

Կողմերը պայմանավորվել են հաջորդ համատեղ նիստն անցկացնել Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում՝ 2020 թվականի առաջին կեսին:

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռ. Ռուբինյան

ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի նախագահ Կ. Կոսաչով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031