Ամիսներ առաջ Հնդկաստանի քաղաքացիների համար մուտքի դյուրացված ռեժիմ սահմանելու առիթով պաշտոնական հայտարարությամբ ներկայացրել էինք միգրացիայի վերաբերյալ մեր տեսակետները, գործող իշխանությանը հորդորելով.
հրաժարվել նախորդ ապազգային ու հանցավոր ռեժիմի մոտեցումներից, որոնք բխում են օլիգարխիկ-շահադիտական նկատառումներով էժան աշխատուժ ներգրավելու նպատակից և որդեգրել միջազգային-իրավական կարգավորումների համատեքստում ազգային անվտանգության, առաջին հերթին՝ դրա ժողովրդագրական բաղադրիչի, գերակայության վրա հիմնված միգրացիոն ռազմավարություն,
ըստ այդմ՝ մշակել և իրագործել արդյունավետ կերպով վերահսկվող միգրացիոն քաղաքականություն, որը կապահովի թե արտերկրում բնակվող հայության մեծ հայրենադարձություն և թե օտարերկրյա պետությունների հետ տուրիզմի, գործարար ու մշակութային կապերի զարգացում և գիտակրթատեխնոլոգիական փոխանակում, ինչպես նաև օտարերկրյա որակյալ աշխատուժի ներգրավում,
վերահսկելի միգրացիոն քաղաքականությամբ նպաստել մեր ռազմավարական գործընկերների, այդ թվում՝ Իրանի, Հնդկաստանի, Չինաստանի հետ համագործակցության զարգացմանը, ինչի համար այն պետք է իսպառ զերծ լինի կրոնական, էթնիկ կամ մշակութային, մասնավորապես՝ իսլամի հետ կապված, տարբերությունների նկատմամբ անհանդուրժողականության, առավել ևս՝ ատելության, դրսևորումներից՝ զուգահեռաբար սահմանելով այդ պետությունների քաղաքացիների իրավունքները երաշխավորող իրավակարգավորումներ:
Կարդացեք նաև
Մինչդեռ ՀՀ գործող իշխանությունը, ինչպես գրեթե մյուս բոլոր հարցերում, միգրացիայի հարցում ևս անտեսում է ազգային ռազմավարական շահերը և ըստ էության վարում է իներցիոն քաղաքականություն՝ օրեր առաջ արդեն առանց մուտքի արտոնագրի ռեժիմ սահմանելով Չինաստանի քաղաքացիների համար:
Ամենայն հարգանք տածելով բոլոր ազգերի և բոլոր պետությունների քաղաքացիների նկատմամբ, ստիպված ենք արձանագրել, որ այս ընթացքը շարունակելու պարագայում մենք կուլ կգնանք անվերահսկելի միգրացիոն հոսքերին և կկորցնենք Հայաստանի Հանրապետության ազգային ինքնությունը:
Վերը նշվածի հաշվառմամբ հայտարարում ենք, որ ներկայիս Հայաստանի Հանրապետությունը մեր Հայրենիքից մնացած վերջին կտորն է, ուստի պետք է առաջնահերթորեն ծառայի որպես ազգությամբ հայ և ոչ հայ ՀՀ քաղաքացիների ու հայրենադարձության ցանկություն ունեցող մեծաքանակ արտերկրահայության հանգրվան և չի կարող լինել ազատ միգրացիայի երկիր:
«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության քարտուղարություն