Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակից Վարուժան Մկրտչյանն ընդունում է՝ երեկ Ոստիկանության հրապարակած տեսանյութում ինքն էր զրուցում Մարտի 1-ի գործով տուժողի հետ: Զրուցակցին ճանաչում է ավելի քան երեսուն տարի, անունը չի տալիս, քանի որ նախաքննական գաղտնիք է: Իրենց զրույցի մեջ քրեորեն հետապնդելի որևէ բան չի տեսնում, ասում է՝ տուժողն ինքն է իրեն գտել ու ակնարկել իրավապահների կողմից ճնշումների մասին: Մկրտչյանը պնդում է, թե տեսանյութում իր ասածները երաշխիքներ էին, որ Մարտի 1-ի գործով տուժողը դատարանում կրկնի նախաքննության ընթացքում տված ցուցմունքները, ոչ թե փոխի դրանք:
«Ուրեմն, եթե Դուք նորից նայեք այնտեղ, երբ որ իրա նկատմամբ բիրտ ուժեր կկիրառվեն, ինչ-որ բաներ կկիրառվեն, որոնք օրենքի տառից դուրս են, կստիպեն ինչ-որ մի բանի, եթե՝ այնտեղ հստակ ասվում է՝ «եթե քո նկատմամբ կլինեն որևիցե մի ոտնձգություններ, դու էլ էկել ես որպես անձ, ուղղակի, ասում ես՝ սենց չի լինի, ինձի ճնշում են, և այլն, և այլն», – «Ազատության» հետ զրույցում ասաց Վարուժան Մկրտչյանը, հարցին էլ՝ «ասում էր՝ ոստիկաններն են, հա՞, ճնշել, երևի», արձագանքելով․ – «Դե ինչևէ, տենց ինչ-որ, դե ինչ-որ մի բանի մասին երևի կար, չէ՞, դրանից առաջ, ամբողջությամբ տեսանյութը իրա մասով հրապարակված չէ»:
Հարցին՝ մինչ այդ ինչ-որ մեկի հետ զրուցե՞լ էր, քանի որ, ըստ էության, զրուցակցի հետ պայմանավորվածություն է ձեռք բերում, նա արձագանքեց․ – «Ինչ որ ինքը իրա ձեռքում կար, ինչի մասին որ կար, «դու չես հակասելու քեզ», ես նույն բանն եմ ասում, ինչ որ ինքը․․․ ինչի մասին որ [նախաքննական ցուցմունքներում] ասել էր, ես հստակ ասում եմ, չէ՞, ոնց էղել ա, «հո չե՞ս ասելու, որ ոստիկաններն են քեզ հարվածել, չե՞ս փոխելու ցուցմունքդ, ի՞նչ կա, դու չգնաս ոչ մի անօրինական ճանապարհով», այսինքն»:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: