«Հարցը ճիշտ եւ սխալ լինելու մեջ չէ: Այդ քաղաքացիները եւ մշակույթի գործիչներն օգտվել են օրենքով սահմանված իրավունքից: Ես խնդիր չեմ տեսնում, որ մշակույթի գործիչներն իրենց խոսքի ազատությունից են օգտվում: Հարցն ուրիշ տեղում է»,-լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով Մարտի մեկի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազատության համար ստորագրահավաքին մշակույթի եւ արվեստի գործիչների մասնակցությանը, ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
Նրա խոսքով. «Հասկանալի չէ այն հանգամանքը, որ ռուսաստանաբնակ մշակույթի գործիչներն ու առանձին լրագրողներ են նման ակտիվություն ցուցաբերում իրենց դիրքորոշումն արտահայտելու համար: Հասկանալի չէ, որովհետեւ մենք երբեւէ նրանց կողմից որեւէ հարցի վերաբերյալ դիրքորոշում չենք տեսել»: Մակունցը շեշտեց, որ ՌԴ-ում այս պահին հետախուզման մեջ գտնվողներ կան, եւ այդ փաստի մասին Քոչարյանի համար ստորագրածները դիրքորոշում չեն հայտնել. «Դիրքորոշում չեն հայտնել նաեւ ՀՀ ազգային անվտանգությանն առնչվող հարցերի վերաբերյալ»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ