Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այցելել է ՀՀ ԱՆ նարկոլոգիական հանրապետական կենտրոն` ծանոթանալու մատուցվող ծառայություններին և անձնակազմին:
Նարկոլոգիական հանրապետական կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Սուրեն Նազինյանը նախարարին մանրամասն ներկայացրել է մատուցվող ծառայությունները, գործունեության ընթացքում առաջացող խնդիրները, ինչպես նաև կենտրոնի հետագա զարգացման հեռանկարները:
Արսեն Թորոսյանը շրջել է կենտրոնի կլինիկական-տոքսիկոքիմիական լաբորատորիայում և դիսպանսեր բաժանմունքում: Ներկայացվել է նաև դիսպանսեր բաժանմունքում իրականացվող մեթադոնային փոխարինող բուժման ծառայությունը։
Այնուհետև Արսեն Թորոսյանն այցելել է կենտրոնի ստացիոնար բաժանմունքներ, որտեղ վերանորոգման աշխատանքներ են իրականացվում:
Կարդացեք նաև
Շրջայցի ավարտին նախարարը հանդիպել է Նարկոլոգիական հանրապետական կենտրոնի անձնակազմին և պատասխանել նրանց հուզող հարցերին` աշխատանքային պայմանների, բժշկական ծառայությունների մեթոդաբանության վերանայման վերաբերյալ և այլն:
Արսեն Թորոսյանը նշել է, որ առողջապահության նախարարությունը կենտրոնի տնօրինության հետ քննարկումների արդյունքում որոշում է կայացրել` «Նարկոլոգիական հանրապետական կենտրոնը» վերանվանել «Կախվածությունների բուժման ազգային կենտրոն»: Նա նաև շեշտել է, որ հանրապետության մասնագիտացված միակ կենտրոնն ունի ռազմավարական կարևոր նշանակություն, զարգացման մեծ պոտենցիալ և մշտապես գտնվելու է առողջապահության նախարարության ուշադրության կենտրոնում:
«Մենք փաստացի կախվածությունների էպիդեմիայի մեջ ենք` տարբեր տեսակի, թե նյութական կախվածությունների, թե ոչ նյութական: Վերաբերմունքը պետք է լինի պատշաճ», – ասել է նախարարը:
ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ