Լրահոս
Օրվա լրահոսը

Ռաֆայել Մեհրաբյան. «Ափսոս էր բռնցքամարտում պառակտվածության ժամանակահատվածը, որ իզուր կորսվեց»

Դեկտեմբեր 20,2019 16:25

Բռնցքամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ նշանակվել է Ռաֆայել Մեհրաբյանը: «Կաշվե ձեռնոց» մրցաշարի ողջ ընթացքում նա հետեւում էր մենամարտերին, ինչ-որ նշումներ անում իր մոտ:

Մրցաշարի ավարտին Aravot.am-ը զրուցեց նրա հետ:

-Պարոն Մեհրաբյան: Ի՞նչ գրառումներ եք կատարել ձեր ծոցատետրում:

-Ինձ մի բան է անհանգստացնում՝ այն, որ հավաքականը ես կարող էի առանց այս մրցման էլ ձեւավորել: Ոչ մի փոփոխություն ես չեմ տեսնում: Կային քաշային կարգեր, որտեղ ես ավելին էի սպասում: Հիմա փոխվեց՝ ինձ համար շատ դժվար է լինելու որոշել, թե ով է լինելու առաջինը: Նկատի ունեմ հատկապես 52, 57, 69 քաշային կարգերը: Մնացած քաշերում պարզ է: Ինձ անհանգստացնում է, որ նորություն չեմ տեսնում: Ամեն դեպքում հավաքականի տղաները ցույց տվեցին, որ ճիշտ ենք որոշել, որ իրենք են այսօր առաջինը: Բայց մի բան էլ է անհանգստացնում. շատ մեծ աշխատանք է պահանջվում: Մի օր անգամ չի կարելի կորցնել: Գնում եմ տուն, կրկին դիտում մարտերը ու չեմ կողմնորոշվում, թե ինչ պետք է անել: Օլիմպիական խաղերին շատ կարճ ժամանակ է մնացել: Իմ նպատակն է՝ մարտին՝ Անգլիայում եւ ապրիլին՝ Ֆրանսիայում կայանալիք վարկանիշային առաջին մրցումներից արդեն վարկանիշեր նվաճել: Մտածում եմ, որ օլիմպիական խաղերում կարող ենք ունենալ նվազագույնը՝ 3, առավելագույնը՝ 5 ուղեգիր, ինչը մեր հնարավորությունների սահմաններում է:

-Այս մրցաշարին չմասնակցեցին մեր առաջատար բռնցքամարտիկներից Հովհաննես Բաչկովը եւ Նարեկ Մանասյանը:

-Նարեկ Մանասյանը, որ վնասվածք ունի, վարկանիշի առաջին հավակնորդներից է: Ինձ անհանգստացնում է, թե նա կհասցնի՞ լիարժեք ապաքինվել եւ լիարժեք պատրաստ լինել վարկանիշային առաջին մրցաշարին: Լավ կլիներ, որ տեսնեի Հովհաննես Բաչկովին, որը նույնպես հարգելի պատճառով չմասնակցեց: Բայց ոչինչ: Ամեն ինչ հավաքները ցույց կտան: Համոզված եմ, որ կհասցնենք լավ նախապատրաստվել, եւ դրա համար ոչինչ չեմ խնայի: Վերջին երկու օլիմպիական խաղերից բռնցքամարտիկները վերադառնում են առանց մեդալի: Դա ամոթ է մեզ համար:

-Այսինքն, դուք ոչ միայն Տոկիոյի վարկանիշեր եք ակնկալում, այլեւ օլիմպիական մեդալնե՞ր:

-Անպայման: Համոզված եմ՝ մեդալ լինելու է:

-Հավաքականում ձեզ ովքե՞ր են օգնելու:

-Կան մարզիչներ: Ռոբերտ Պետրոսյանը: Գյումրիից դեռ չեմ որոշել, բայց հավանական է, որ իմ օգնականներից մեկը լինի Մանասյանի մարզիչը՝ Աշիկ Գրիգորյանը:

-Վերջերս Ռուսաստանում միջազգային մրցաշար անցկացվեց, որտեղ նաեւ Հայաստանից բռնցքամարտիկներ հանդես եկան: Նրանց մեջ կայի՞ն այնպիսիք, որոնց մասնակցությունը «Կաշվե ձեռնոցին» ավելի ցանկալի կլիներ:

-Ինձ չի թվում, որ նրանցից որեւէ մեկը կկարողանար ընդգրկվել այս հավաքական:

-Իսկ նրանց հետագայում իրենց դրսեւորելու եւ ազգային հավաքական ընդգրկվելու հնարավորություն կընձեռվի՞:

-Օլիմպիական այս շրջափուլում՝ ոչ: Տոկիոյից հետո, երբ սկսվի հաջորդ շրջափուլը, խնդրեմ: Հուսով եմ, որ արդեն կլինի մեկ ֆեդերացիա, այս անջատվածությունը կանցնի: Կանցկացվի Հայաստանի առաջնությունը եւ հուսով եմ, որ բոլորը կմասնակցեն: Ի միջի այլոց, բռնցքամարտում այս երկու տարվա պառակտվածությունը շատ խանգարեց ու վնասեց մեր մարզաձեւին: Պարզապես, ափսոս էր ժամանակահատվածը, որ անիմաստ կորսվեց:

-Դուք բավականին երկար ժամանակ եղել եք կանանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչը: Այդ թիմին շարունակելո՞ւ եք ուշադրություն դարձնել:

-Անշուշտ: Կփորձեմ աղջիկներին էլ տղաների հետ հավաքներում ընդգրկել, որովհետեւ բացի Անուշ Գրիգորյանից եւ Անի Հովսեփյանից, տեսնում եմ եւս մի քանիսին, որոնք նույնպես կարող են պայքարել օլիմպիական վարկանիշի համար: Պարզապես, նրանց էլ է անհրաժեշտ լավ նախապատրաստվել ու անպայման կանանց  ուղեգիր էլ կունենանք:

-Առաջին հավաքը ե՞րբ է սկսվելու:

-2020 թվականի հունվարի 7-ից Ծաղկաձորում՝ 16 օր, հետո փետրվարի 2-16-ը՝ Ուկրաինայում կամ Լեհաստանում: Դա կախված  կլինի նրանից, թե որտեղ ինչ թիմեր կլինեն, որովհետեւ պլանավորում ենք այդ երկրների հետ մրցամարտեր կազմակերպել: Վերջին 15-օրյա հավաքը կանցկացնենք «Օլիմպավանում» կամ Աբովյանում ու կմեկնենք վարկանիշային մրցաշարեր:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031