Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Նաիրիշին»-ը ամիսներով աշխատավարձ չի վճարել. ընկերության աշխատակիցները բողոքի ցույց են անում

Դեկտեմբեր 20,2019 15:35

Ճանապարհաշինական «Նաիրիշին» ընկերության աշխատակիցներն այսօր բողոքի ցույց էին անում հենց այդ ընկերության տարածքում: Ընկերությունը գտնվում է Կոտայքի մարզի Եղվարդ համայնքում:

Ցույցի մասնակիցներն իրենց աշխատավարձն են պահանջում, ասում են՝ մի քանի ամիս է աշխատավարձ չեն ստացել, մի քանի տարվա արձակուրդային էլ չեն ստացել, աշխատակիցներից յուրաքանչյուրի չստացած աշխատավարձը սկսվում է 1 միլիոն դրամից:

Այս ընկերությունը դեռեւս մայիս ամսին զրկվել է ճանապարհաշինական աշխատանքներ կատարելու պայմանագրից, ասֆալտապատումն անորակ է եղել:

Ընկերությունը սնանկ է ճանաչվել, գույք են վաճառել, աշխատողներին վճարել պարտքի մի մասը, մյուս մասն էլ դատական գործընթացով պետք է լուծվի: Ցույցի մասնակիցներն ասում են՝ իրենցից շատերը ընկերության բաժնետեր են եղել 20 տարուց ավել ու ոչ մի բան դրա դիմաց չեն ստացել. «Պատճառաբանել են՝ էսօր, էգուց կտանք ու չեն տվել: Մենք չգիտենք՝ ինչ անենք, ինչ միջոցների դիմենք, որ մեր հարցը լուծվի: Ասում են՝ փող չկա, բայց միլիոնների գույք են վաճառել: Ասում են՝ 400 տոննա ուտիլ ենք վաճառել՝ աշխատավարձ տվել: Դե թող կանգնի, անվանական ասեն՝ ում են տվել»:

Ցույցի մեկ այլ մասնակից էլ պատմեց՝ դիմել էր բանկ՝ վարկ ստանալու ու հենց բանկում պարզել՝ մի քանի ամիս է աշխատավարձի փոխանցում չկա, բանկը մերժել է վարկ տրամադրել:

Ընկերության աշխատակիցները պարզաբանում էին պահանջում ընկերության ղեկավարից, որն էլ ասաց՝ «Նաիրիշին»-ի աշխատողները բոլորը ստացել են աշխատավարձ, բացի մի քանիսից: Բայց այս ընկերության կազմում կա մեկ այլ ընկերություն էլ՝ «Նաիրիճանշին», այստեղ գրանցված աշխատակիցներն էլ աշխատավարձ չեն ստացել:

Ի վերջո, տնօրենը հայտարարեց՝ չի տալու աշխատավարձերը: Ցուցարարները բորբոքվեցին, բայց տնօրենը հստակեցրեց.«Սնանկի կառավարիչ կա, գործը դատարանում է: Որ կա դատարան, ես ո՞վ եմ: Դատարանը կորոշի»:

Մի քանի րոպե ցուցարարները որոշում էին՝ ճանապարհ փակե՞ն, թե՞ ոչ: «Ճանապարհ փակել չի կարելի»,-ասաց քաղաքացիներից մեկը՝ փոխանցելով տեղում ծառայություն իրականոցնող ոստիկանների հայտարարությունը: «Ճանապարհ փակելը չի կարելի, ոտով եկեք քայլենք, էլի սաղ աշխարհը տեսնելու է, ժողովո՛ւրդ»:

Մի քիչ քայլեցին, կանգնեցին, հետո որոշեցին շարունակել ցույցը:

Ընկերության նախկին աշխատակիցները պատմում էին, որ որոշների անուններն անգամ սնանկության գործերում առկա չէին, որպեսզի պարտքը չստանային, բողոքից հետո պնդել են ներառել:

Այսօրվա ցույցն ավարտվեց պայմանավորվածությամբ՝ երկուշաբթի հանդիպել փոխմարզպետի հետ. սա Եղվարդի քաղաքապետի առաջարկն էր:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031