Դեկտեմբերի 16-18 կարճատև աշխատանքային այցով Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում գտնվող Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը մայրաքաղաք Կահիրեում հանդիպումներ է ունեցել գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ։
ԱԳ նախարարը ներկայացրել է Արցախում հարկային քաղաքականությունը և խոշոր ներդրողների համար գործող արտոնյալ պայմանները։ Տեղի է ունեցել մտքերի փոխանակում Արցախի տնտեսության որոշ ոլորտներում ներդրումների իրականացման հեռանկարների շուրջ։
Այցի շրջանակներում Մասիս Մայիլյանը հանդիպում է ունեցել Եգիպտոսի Հարավային Սինայի նահանգապետ Խալեդ Ֆուդա Սիդիք Մուհամադի հետ։
ԱԳՆ ղեկավարը բարձր է գնահատել Եգիպտոսի իշխանությունների կողմից հայկական համայնքի նկատմամբ ավանդական բարեկամական վերաբերմունքը՝ նշելով երկրի զարգացման գործում հայերի ունեցած կարևոր ներդրումն ու դերակատարությունը։
Հանդիպմանը Մասիս Մայիլյանը ներկայացրել է Արցախի Հանրապետությունում տնտեսական զարգացման առաջնահերթ ուղղությունները։ Այս համատեքստում ԱԳՆ ղեկավարը, հատկապես առանձնացնելով զբոսաշրջության ոլորտը, անդրադարձ է կատարել Արցախի զբոսաշրջային գրավչության բարձրացմանն ուղղված հանրապետությունում իրականացվող տարաբնույթ նախաձեռնություններին, որոնք բավականին գոհացուցիչ արդյունքներ են ապահովում։
Կարդացեք նաև
Հանդիպման արդյունքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել զբոսաշրջության, մշակույթի և սպորտի բնագավառներում համագործակցության հաստատման և զարգացման շուրջ։
Կահիրեում Մասիս Մայիլյանը նաև այցելել է Եգիպտոսում Հայաստանի Հանրապետության դեսպանություն, ինչպես նաև Հայ առաքելական եկեղեցու Եգիպտոսի թեմի առաջնորդանիստ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի և հանդիպումներ ունեցել ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Կարեն Գրիգորյանի և թեմի առաջնորդ Աշոտ եպիսկոպոս Մնացականյանի հետ։
ԱՀ ԱԳՆ