«Արդեն երրորդ տարին է, Հայաստանը մասնակցում է Միսս աշխարհ մրցույթին»,- «Սպուտնիկ Արմենիա»-ի մամուլի սրահում կայացած ասուլիսում նշեց «Միսս Արմենիա» համահայկական մշակութային հիմնադրամի նախագահ Գոհար Հարությունյանը:
Նրա խոսքով՝ հիմնադրամը ստեղծվել է այն նպատակով, որպեսզի կազմակերպվեն ազգային գեղեցկության մրցույթներ եւ կարողանանք երկիրը ներկայացնել ամենահեղինակավոր` «Միսս աշխարհ» եւ «Միսս տիեզերք» մրցույթներում:
«Միսս աշխարհ մրցույթի 120 երկրների մասնակիցներից Լիանա Ոսկերչյանը հայտնվեց հնգյակում` «Միսս տաղանդ» մրցույթում: Նա ներկայացրեց հայկական քանոնը, որին չէր տիրապետում եւ հենց մրցույթի համար էր սովորել: Բոլորը հիացած էին: Ցավոք սրտի, ոչ «Միսս աշխարհում, ոչ «Միսս տիեզերքում» մենք մրցանակային տեղեր չզբաղեցրինք»,-ասաց Գոհարը:
Ապա շեշտեց. «Գեղեցկության մրցույթները նախ եւ առաջ երկրների պայքար են, հաղթում են այն երկրները, որոնք ամենաշատն են սատարում իրենց աղջիկներին: 2017-ից ես՝ որպես կազմակերպիչ անընդհատ բախվում եմ հասարակության բացասական քննարկումներին: Անընդհատ վատաբանում են մեր գեղեցկուհիներին»:
Կարդացեք նաև
Նա խոսեց նաեւ «Միսս Տիեզերք» մրցույթում Հայաստանի մասնակից Դիանա Դավթյանի` տարազով ելույթից, որը տհաճ մեկնաբանությունների տեղիք էր տվել, եւ ինչին ֆեյսբուքի իր էջում անդրադարձել էր հենց Դիանան: Գոհար Հարությունյանի խոսքով՝ գեղեցկության մրցույթների տարազով փուլերում պարտադիր չէ ավանդական տարազի առկայությունը, բավարար են մեկ-երկու ազգային տարրերը:
«Օրինակ՝ Չիլին ներկայացրել էր կեռասով, որը խորհրդանշում էր կեռասի արտահանումը, Կանադան՝ կանեփի տերեւներով հովհարով էր ներկայացվել, ինչը մարիխուանայի օգտագործումն օրինականացնելու խորհուրդ ուներ, Կոսովոն, որը մահմեդական երկիր է, բիկինիով ազգային հագուստ էր կրում»,-ասաց «Միսս Արմենիա» համահայկական մշակութային հիմնադրամի նախագահը:
Գոհար Հարությունյանը նեղսրտած հավելեց, որ երբեւէ տիտղոս չեն տա այն երկրին, որտեղ ժողովուրդն իր մասնակցի մեջքին չի կանգնում. «Մեր աղջիկները դա զգում են: Նրանք կոտրված են գնում մրցույթների… 2012 թվականից ի վեր հասարակությունը սպասում է, որ գեղեցկության մրցույթի մասնակիցը սայթաքի, որ բոլորը ծիծաղեն, ծաղրեն, հումորային հաղորդումներում միսս բառի հետ կապված հումոր անեն»:
«Միսս Արմենիա» հիմնադրամի խորհրդի անդամ, դիզայներ Գայանե Մանուկյանն ափսոսանք հայտնեց, որ Հայաստանում գեղեցկության մրցույթներին պետությունը չի աջակցում, ինչն անում է «Եվրատեսիլի» պարագայում, մրցույթի մասնակիցներին, նրա խոսքով՝ ձեռք չեն մեկնում նաեւ տարատեսակ հիմնադրամները:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ