Կրթական ոլորտի բարեփոխումների թեմայով այսօր խորհրդարանական լսումներ էին կազմակերպվել: ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանն իր ելույթում խոսեց թվերով. «20 տարի առաջ ՀՀ-ն ուներ 603 հազար աշակերտ: Հիմա ՀՀ-ում կա 370 հազար աշակերտ՝ 12 դասարանների հաշվարկով ու եթե 5 տարեկաններին ու 11, 12 դասարանները հանում ենք, ստացվում է ուղիղ 300 հազար աշակերտ: Ուսուցիչների թիվը 20 տարի առաջ 62 հազար էր, անցած տարի գրանցվել է 31 հազար 200 ուսուցիչ: Շրջանավարտները 58 հազարի թիվն իջել է 25 հազարի: Այստեղ շատ կարեւոր դեմոգրաֆիկ ցուցանիշ կա, որը սնում է կրթությանը՝ ՀՀ-ում ամեն 1000 բնակչին ծնելիության առումով ընկնում էր 24 հոգի, հիմա տարեկան ծնվում է 12 երեխա»:
Դպրոցների մասին խոսելով՝ Արամ Մանուկյանն ասաց, որ մեղմ ասած տխուր է վիճակը. «ՀՀ-ում մինչեւ 100 աշակերտ ունեցող համայնքների թիվը կազմում է 29 տոկոս՝ մոտ 380 դպրոց՝ 1400-ից, դրանցից 250-ում կան դասարաններ, որոնք ունեն մինչեւ 5 աշակերտ»:
Արամ Մանուկյանը խոսեց նաեւ ամուսնությունների վիճակագրության մասին՝ 15 հազար ամուսնություն, որից տարեկան 3500-ը ամուսնալուծվում են ու սա այն աղբյուրն է, որը պետք է սնի հանրակրթությանը, տարեկան 27 հազար էլ մահ կա ու այս ցուցանիշների պարագայում խոսել դպրոցում կատարվող բովանդակային բարեփոխումների մասին, բայց հիմնական մարտահրավերի՝ դեմոգրաֆիական խնդրի մասին չխոսել իրավունք չունենք:
Ըստ Արամ Մանուկյանի, քաղաքը կլանում ու ոչնչացնում է գյուղական դպրոցը՝ չնայած դպրոցների 60 տոկոսը գտնվում է գյուղերում: Արամ Մանուկյանը նաեւ ասաց, որ տղամարդ ուսուցիչների վերացում կա գյուղական դպրոցներից, ինչը լրջագույն պրոբլեմ է կրթական համակարգի համար. «Գյուղում 31 հազար 200 ուսուցիչներից այսօր մենք ունենք ընդամենը 4000 տղամարդ ուսուցիչ: Ընդամենը 3 տարի առաջ 5700 էին տղամարդ ուսուցիչները, իսկ հիմա ծաղիկի նման մնացել են միայն ֆիզկուլտուրայի եւ ռազմագիտության ուսուցիչները»:
Կարդացեք նաև
Անդրադառնալով դպրոցների կուսակցականացման, քաղաքականացմանը, Արամ Մանուկյանն ասաց. «Ձեր իշխանությունից առաջ 1400 դպրոցներից 1100-ի տնօրենները ՀՀԿ անդամներ էին, 100-ը՝ ԲՀԿ-ի, դրանից ավելի քիչ՝ ՀՅԴ-ականներ: Էս ցավից պետք է ազատվել, ուսուցիչները պետք է դուրս գան տեղամասերում հանձնաժողովներ ձեւավորելուց, պետք չէ ուսուցիչներին ներքաշել այդ կուսակցական խաղերի մեջ, էս դարդից ուսուցիչներին պետք է ազատել»:
Արամ Մանուկյանն իր լուծումներն առաջարկեց՝ պետք է դադարեցնել դպրոցների օպտիմալացումը. որեւէ գյուղում երբ դպրոցը փակվում է, այդ համայնքը ոչնչանում է: Նա կարեւորեց սոցիալական խնդիրների լուծումը, որն անդրադառնում է կրթական ոլորտի վրա. «Երեխան, որն աղքատ է, կոշիկի, շորի պրոբլեմ ունի, որակյալ ռեֆորմներով կրթություն չես կարող տալ, խնդիրը արտագաղթի մեջ է նաեւ: 30 տարիների ընթացքում Հայաստանում 5-19 տարեկան տղա երեխաների քանակը պակասել է 170 հազարով, այդքան տղա Հայաստանից չքվել է: Այս տղա երեխաներից մեծ մասը բանակից խուսափելու պատճառով է, որ լքում է Հայաստանը: Բանակում պատերազմական վիճակում չծառայելը, դրանից խուսափելը իրականություն է, ու Հայաստանի հիմնական խնդիրը մնալու է ղարաբաղյան հարցի կարգավորման արժանապատիվ լուծման հարցը»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ