Լրահոս
Օրվա լրահոսը

Արայիկ Հարությունյանը՝ իր առջեւ դրված ուլտիմատումների մասին, թե ԳԱԱ-ն պիտի մնա. «Պետք է իմանանք վերջնանպատակը, էդ ճանապարհին ովքեր կբացվեն, ովքեր կփակվեն՝ երկրորդական է»

Դեկտեմբեր 20,2019 13:46

Կրթության ոլորտի բարեփոխումների թեմայով ԱԺ լսումների ժամանակ այսօր ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը խոսեց առջեւ դրված ուլտիմատումների մասին. «Օրինակ, ասում են՝ ինչ ուզում եք արեք, էս կառույցը պիտի մնա, օրինակ, Գիտությունների ազգային ակադեմիան, թեպետ մենք ԳԱԱ-ն փակելու մասին ոչինչ չենք ասել: Բայց այսպիսի ուլտիմատիվ եւ նախապայմաններով որեւէ բարեփոխում առաջ չի գնում, այդ բարեփոխումներն իրականացնելիս մենք բոլորս մեր մտքում պետք է իմանանք վերջնանպատակը, էդ ճանապարհին ովքեր կբացվեն, ովքեր կփակվեն, ինչ տեղի կունենա, դա երկրորդական է ընդհանրապես, եթե մենք շատ հստակ էդ համակարգը կառուցենք՝ այդ նպատակին հասնելու համար»:

Նախարարն ասաց, որ գիտության ոլորտում անընդհատ կարող ենք լսել, որ այստեղ փոփոխություններ տեղի չեն ունենում: Ռազմավարական փոփոխությունները 2020-ին են լինելու. «Գիտության ոլորտում աննախադեպ փոփոխություններ են տեղի ունեցել ու աննախադեպ ծրագրեր են իրականացվել, զուտ ֆինանսական հատկացումները վերցնենք: Այս տարի գիտական սարքերի գնմանը հատկացվել է լրացուցիչ 420 մլն միայն բյուջեով եւ 300 մլն-ից ավելի ԳԱԱ խնայողություններից՝ սարքեր գնելու համար, դա անգամներ ավելի է, քան նախորդ տարիները միասին վերցրած»:

Նախարարը, խոսելով գիտական ոլորտի բարեփոխումների մասին, ասաց, որ այսօր ունենք ինստիտուտներ, որոնք, մեղմ ասած, լավ արդյունքներ ցույց չեն տալիս, բայց ունենք նաեւ ինստիտուտներ, որոնք առաջատար են ոչ միայն տարածաշրջանում, այլեւ ավելի մեծ ռեգիոններում ու պետք է նրանց վրա հենվենք, նաեւ հետազոտական աշխատանքը ուժեղացնենք բուհերում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել