Լրահոս
Օրվա լրահոսը

Արարատի մարզպետը հետեւողական է լինելու, որ բիզնես ու ավտոմեքենա ունեցողը չմտնի նպաստառուների ցուցակ, իսկ կարիքավորը՝ դուրս մնա

Դեկտեմբեր 20,2019 13:27

Այս տարի Արարատի մարզին նպաստի եւ հրատապ այլ օգնությունների նպատակով տրամադրվել է 3 միլիարդ 263 միլիոն դրամ: Այսօր այս մասին ասաց Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը: Նա մարզպետարանում ասուլիս էր հրավիրել՝ կատարված աշխատանքները ներկայացնելու: Մարզպետն ասաց, որ հետեւողական են լինելու, որպեսզի նպաստի կարիք չունեցող քաղաքացիները չհայտնվեն ցուցակներում՝ ինչպես որ նախկինում եղել է. «Մարդն ունի օրինակ՝ խանութ, արտասահմանյան լավ մեքենա, լավ տուն, բայց ո՜չ մեքենան ո՜չ բիզնեսն իր անունով գրանցված չեն: Ունեն անչափահաս երեխաներ, բայց քանի որ գրանցված աշխատանք չունեն, ստանում են նպաստ: Նրանք մեր համայնքներում, գյուղերում են եւ այդ մարդկանց շատ լավ գիտենք, նրանք մեր կողքն ապրում են: Եվ մյուս դեպքում անարդարացի է, երբ մարդն ունի խորհրդային տարիներից պահպանված մեքենա, բայց ունի անչափահաս երեխաներ, չունի աշխատանք, եւ այդ քաղաքացին զրկվում է նպաստ ստանալու իր իրավունքից, քանի որ նրա բալերը չեն հերիքում իսկ հարեւանությամբ հարուստ ապրող դրկիցը կարողանում է օգտվել նպաստից»:

Գարիկ Սարգսյանի տվյալներով, մարզում այս տարվա ընթացքում ներդրումային մի քանի ծրագիր է մեկնարկել: Երեւան-Երասխ միջպետական ավտոճանապարհի վրա կառուցվում է մանրածախ եւ մեծածախ գյուղմթերքի շուկա՝ 4,5 միլիոն դոլարի ներդրումով: Այն կգործի Մխչյան համայնքի հարակից տարածքում՝ 11 հեկտար տարածքի վրա:

Ծրագիրը «Իմ քայլը հանուն Արարատի» բիզնես ներդրումային համաժողովին է առաջարկվել: Գործարարը Ռուսաստանի դաշնությունից է: Մարզպետի խոսքով, եկող տարվա առաջին կեսին շուկան բացված կլինի. «Նախատեսվում է կառուցել պահեստներ, սառնարաններ, տաղավարներ նաեւ հյուրատուն»:

Ըստ նրա, Քաղցրաշեն համայնքում խաղողի այգիներ կտնկվեն, որին կից գինու եւ կոնյակի գործարան կկառուցվի: Արտադրանքը նաեւ կարտահանվի: Մարզի տարբեր համայնքներում սոյա կաճեցվի, որը վերամշակելու համար գործարան կբացվի: Արարատի մարզում 2019-ին բամբակ են ցանել. գործարանը գրեթե պատրաստ է՝ մոտ 300 աշխատատեղով:

Գարիկ Սարգսյանը կոչով դիմեց գործարարներին՝ նշելով. «Մենք բոլոր մեր հայրենակիցներին ցանկացած հարցով պատրաստ ենք աջակցելու, օգնելու, նրանց ծրագրերը կառավարության դատին հանձնելու ու, եթե կարիք լինի, ինչ-ինչ արտոնություններից օգտվեն»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031