Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱԱԾ գեներալ-մայոր. «Գաղտնալսեցինք եւ արգելափակեցինք Արթուր Բաղդասարյանի գործունեությունը, արգելափակեցինք Սամվել Բաբայանի գործունեությունը, Արամ Կարապետյանի գործունեությունը». «Ժողովուրդ»

Դեկտեմբեր 20,2019 11:44

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԱԾ Սահմանադրության, հասարակական կարգի պահպանության, ահաբեկչության դեմ ուղղված պայքարի գլխավոր վարչության նախկին պետ գեներալ-մայոր Տիգրան Բարսեղյանի հետ, որը աղմկահարույց բացահայտումներ է արել։

– Ի՞նչ նոր բացահայտումներ եք պատրաստվում ներկայացնել՝ ազգային անվտանգության գործունեության հետ կապված։

– Ոչնչացված փաստաթղթերը, որոնց վերաբերյալ մենք տեղեկացրել ենք, վերաբերում էին ոչ միայն Մարտի 1-ին, այլ նաեւ պետության անվտանգությանը վերաբերող շատ հարցերի։ Կարծում եմ՝ այդ փաստաթղթերի առնչությամբ որոշակի հետաքրքրություն կա նաեւ երկրի ներկայիս ղեկավարների կողմից, քանի որ այդ հարցերն առնչվում են մեր երկրին եւ արդիական են։.Ոչնչացված փաստաթղթերն ունեն իրենց պատմությունը։ Այս փաստաթղթերում ներառված է Հայաստանի Հանրապետության շատ կարեւոր պատմության ընթացքը, որն այսօր էլ կարող է նշանակություն ունենալ մեր երկրի զարգացումների վրա։ Դրանք վերաբերում են 2 հիմնախնդրի՝ 1-ին՝ երկրի ռազմաքաղաքական-տնտեսական հարցերին, եւ 2-րդը՝ Արցախի հիմնահարցին։

Խոսքը վերաբերում է 2003թ.-ից հետո Ռոբերտ Քոչարյանի 2-րդ իշխանության գալուց հետո երկրում ընթացող երկու ուղղությունների վերաբերյալ։ Հարցը նրանում է, որ արտերկրի կենտրոնները, օժանդակելով ՀՀ-ում տարբեր քաղաքական ուժերի, փորձում էին իրենց դերակատարումն ունենալ մեր երկրի զարգացումների վրա։ ԱԱԾ-ն, լինելով երկրի անվտանգության հիմնաքարը՝ ի դեմս Սահմանադրական կարգի պահպանման եւ ահաբեկչության դեմ պայքարի գլխավոր վարչության, որտեղ ես աշխատել եւ ղեկավարել եմ, ամբողջ ընթացքում հետեւել եւ ուշադիր սկզբունքներով նայել է, թե ինչ է կատարվում այդ փաստաթղթերի առումով եւ, ընդհանրապես, զարգացումների առումով։

Մենք գիշեր-ցերեկ տեղեկատվություն ենք հավաքել երկրում ընթացող զարգացումների վերաբերյալ։ Ամբողջ ընթացքում այդ տեղեկատվությունը հավաքվել է ոչ միայն արտերկրի դիվանագիտական կառույցների ներկայացուցիչների, այլ, ընդհանրապես, մեր երկրում գործող տարբեր հասարակական, քաղաքական կազմակերպությունների եւ արտերկրի կապերի, նրանց միջնորդությունների, ազդեցությունների, հնարավոր գործարքների, ամբողջի վերաբերյալ։

2005թ. սկսած՝ ԱԱԾ խնդիր դրվեց, որպեսզի ապահովվի աստիճանաբար Ռոբերտ Քոչարյանից Սերժ Սարգսյանին իշխանության փոխանցումը։ Բայց դա պետք է արվեր այնպես, որ իշխանության փոխանցման ընթացքում երկրի տնտեսական, քաղաքական զարգացման եւ Արցախի հիմնախնդրի վերաբերյալ Ս. Սարգսյանը կարողանար իր զարգացումներն ապահովեր, պայմանավորվածություններն ապահովեր։ Պաշտոնապես ասում եմ, որ դրանք շատ բարդ եւ վտանգավոր էին երկրի համար։ ԱԱԾ-ն ամեն ինչ արել է, որ Ս. Սարգսյանը չկարողանա իրացնել այն վտանգավոր, ազգասպան, ազգակործան ծրագրերը, որոնք իրենք փորձում էին իրականացնել։

Ամբողջ ընթացքում հարցը վերաբերում էր 2 ուղղության.

1-ին՝ երկրի տնտեսական-քաղաքական զարգացումը։ Մենք գաղտնալսում էինք եւ օպերատիվ-հետախուզական, գործակալական արտաքին դիտարկման ամբողջական աշխատանք էինք իրականացնում բոլոր այն խնդիրների առնչությամբ, որոնք վերաբերում էին երկրին։ Կոնկրետ կարող եմ ասել, որ բավականին լուրջ տեղեկատվություն էր ստանում, օրինակ, ԱՄՆ դեսպանատանը աշխատող հայազգի Լիլիթ Օհանյանի բնակարանից, որտեղ գաղտնալսման սարքեր էին տեղադրված, եւ որտեղ հավաքվում էին ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները, մասնավորապես՝ ԱՄՆ դեսպանատան քաղաքական-տնտեսական բաժնի ղեկավար Սթիվեն Բենքս եւ ԱՄՆ փոխդեսպան Ժոզեֆ Փենինգտոնը։ Նրանք իրենց բոլոր զեկույցներում, սկսած 2008թ. Սերժ Սարգսյանի ընտրվելուց այնուհետ, զեկուցում էին, որ երկրում տիրում է թալան։ Մենք դրա վերաբերյալ զեկուցում էինք Գորիկ Հակոբյանին, որն էլ զեկուցում էր Սերժ Սարգսյանին։ Այդ ֆինանսական յուրացումների եւ, ընդհանրապես, երկրում օրինականության սահմանափակման առնչությամբ Ս. Սարգսյանի պատասխանատվությունը այնքան էր մեծացել, որ ամերիկյան եւ, ընդհանրապես, միջազգային կառույցներն աղմկում էին դրա վերաբերյալ իրենց ղեկավարներին։

Գաղտնի, բոլորը իրենց զեկույցներում, որոնց մենք ընթացքում գաղտնալսում էինք, նրանք զեկուցում էին իրենց ղեկավարությանը, որ Հայաստանը հետընթաց է ապրում, եւ անհրաժեշտ է Հայաստանին պատժել։ Եվ այդ պատիժը եղավ։ Հայաստանի համար սահմանափակվեցին ֆինանսական անհատույց հնարավորությունները։ Թողեցին միայն վարկեր, դրա վերաբերյալ մենք զեկուցում էինք, բայց Ս. Սարգսյանը ոչինչ չի իմանում։

Էս ամբողջը նախապատմություն ունի. Սերժ Սարգսյանի իշխանության ամբողջ տարիներից առաջ դեռ ԱԱԾ-ն արգելափակեց արտերկրի կողմից օժանդակվող տարբեր հասարակական, քաղաքական կազմակերպությունների գործունեությունը Հայաստանում։ Պաշտոնապես ասում եմ, որ գաղտնալսեցինք եւ արգելափակեցինք Արթուր Բաղդասարյանի գործունեությունը, արգելափակեցինք Սամվել Բաբայանի գործունեությունը, Արամ Կարապետյանի գործունեությունը, 2007թ. սահմանափակեցինք ու արգելափակեցինք Ալիկ Արզումանյանի կողմից հեղափոխության նախապատրաստումը, որը կոչվում էր «ցախավելների հեղափոխություն» եւ ֆինանսավորվում էր Մոսկվայից։ Արգելափակեցինք Ժիրայր Սեֆիլյանի գործունեությունը։ Մի խոսքով, ամբողջությամբ արգելափակեցինք այդ գործողությունները, որպեսզի Սերժ Սարգսյանը գա իշխանության։ Եվ 2008թ. Սերժ Սարգսյանը եկավ իշխանության, ու սկսեց երկրի համար վնասակար այն շրջանը, որը տեւեց 10 տարի, եւ որի արդյունքները մենք դեռ քաղելու ենք, մինչեւ կարողանանք դրա դեմն առնել:

Զրուցեց Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

 Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    Հետաքրքիր է՝ Ալիկ Արզումանեանը հիմա ո՞ւմ է զեկուցում՝ Լաւրովին թէ՞ Mr. Hard Talk-ին: Իսկ գուցէ վիկինգների՞ն 🙂
    #ԱԱԾի_Նման_Մի_Կուռ_Կառոյց_Էլ_ԱԳՆն_է

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031