Լրահոս
Օրվա լրահոսը

Սկսնակ ղեկավարները թե՛ ժամանակի, թե՛ նաև վատ մենեջմենթի պատճառով չկարողացան ձևակերպել, ձևավորել այն գաղափարը, թե պետությունն ինչի կարիք ունի. «Փաստ»

Դեկտեմբեր 20,2019 10:47

Անցնող տարվա տնտեսական իրավիճակի բնութագիրը գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը ոչ թե զուտ թվային ցուցանիշների, այլ ավելի շատ ոլորտների փոխկապակցվածության, մենեջմենթի խնդրի և առաջարկվող փոփոխությունների համատեքստում է դիտարկում։

«Փաստի» հետ զրույցում նա ներկայացրել է 2019թ. դրական միտումները, խոսել նաև դեռևս լուծում չստացած հարցերի մասին։

Հեղափոխությունից հետո ընկած ժամանակահատվածը որոշակի սպասողական իրավիճակ է առաջացնում, որովհետև ներդրողը չգիտի, թե վաղը որ օրենքը կփոխեն, ստուգումների համակարգը կլավացնեն, թե ոչ։ Այս ամենից զատ կա նաև Ամուլսարի պատմությունը, իսկ որոշ խոշոր բիզնեսների նկատմամբ ստուգումները սկսում են անհանգստացնել, որովհետև դրսի ներդրողը չգիտի, թե այդ քայլերի հիմքերը որքանով են օբյեկտիվ կամ սուբյեկտիվ։ Քանի դեռ փոփոխությունների գործընթաց կա, նրանք չեն շտապի։

Զուգահեռ, այդուհանդերձ, պետք է հասկանալ, թե որ ոլորտներում պետք է խոշոր մասշտաբի ներդրումներ արվեն։ Այս առումով, երբ կառավարությունը չի ստեղծում այն ներդրումային փաթեթները, որոնք իրեն են անհրաժեշտ, հնարավորություն է կորցնում։ Ներդրողները հաճախ ոչ թե գաղափարը, այլ փողը ձեռքներին են գալիս։ Բայց մեզ մոտ դեռ չկա այն ավանդույթը, երբ պետությունն ինքը պատվիրող կլինի։ Պատճառն այն է, որ սկսնակ ղեկավարները թե՛ ժամանակի, թե՛ նաև վատ մենեջմենթի պատճառով չկարողացան ձևակերպել, ձևավորել այն գաղափարը, թե պետությունն ինչի՞ կարիք ունի։ Բացի այդ, մենք չունենք գերակայություններ»։

Գագիկ Մակարյանը տնտեսության զարգացման լուրջ խոչընդոտ է համարում նաև մարդկային կապիտալի խնդիրը։ «Տարիների ընթացքում բազմապիսի իրավիճակները, էկոլոգիական հարցերը լուրջ խնդիրներ առաջացրեցին։ Ստացանք մի պատկեր, երբ մեզ մոտ հետզհետե շատացան ծանր հիվանդությունները։ Առողջապահության ոլորտում այդ առումով ավելի շատ կանխարգելիչ հատվածը պետք է ուժեղացվի, ինչը ենթադրում է հասանելի բժշկություն, տարեկան համատարած ստուգումներ։ Նշված խնդիրը բեռ է, ու քանի որ միգուցե հասկանում, բայց չեն կարողանում լուծել այդ բեռը, մտածում են առողջապահական ապահովագրության 6 տոկոս հարկ մտցնելու մասին, ինչին ես դեմ եմ։

Հիմա տնտեսական վիճակը նոր է սկսում առողջանալ, ու այդ բեռը կարող է բավականաչափ փոխել այդ բալանսը։

Մի կողմից ուրախանում ենք, որ եկամտահարկը մոտ 23 տոկոս պետք է դառնա, որ մինչև 24 մլն դրամ շրջանառություն ունեցող միկրոբիզնեսը չի հարկվում, որ նվազագույն աշխատավարձը բարձրացավ, բայց, մյուս կողմից, սրանով միանգամից բեռը փոխում ենք: Բացի այդ, հասկանալի չէ, թե այդ գումարը ինչպե՞ս պետք է ծախսվի։ Մեխանիզմը հղկված չէ, վերլուծության կարիք կա»,-ընդգծեց Գ. Մակարյանը՝ պետական ապարատում առկա խնդիրները ևս դասելով չլուծված ու խոչընդոտ հանդիսացող երևույթների շարքին։

Մեր զրուցակիցը, որպես տնտեսության շարժիչ ուժ, կարևոր բաղադրիչ է համարում նաև բանկերի հասանելիությունը, որը, ըստ նրա, ավելի պետք է մեծանա. «Սուբսիդավորումներով, երաշխիքային հիմնադրամներով կամ ռիսկերի կառավարման մոդելով տոկոսադրույքները պետք է իջեցվեն, որ էկոնոմիկան փող վերցնի։ Տեսեք, հիմա փողը որտեղի՞ց է գալիս. արտադրանք-վաճառք, միջազգային աջակցման ծրագրեր, արտահանման ուղիներ, օտարերկրյա ներդրողներ։ Բայց մենք այս բոլոր հարցերում խեղճանում ենք, առաջատար չենք։ Իսկ ակտիվ ձեռնարկությունների թիվը տիպիկ տնտեսական ցածր մոդելի արդյունք է, որոնք մեկ փակվում են, մեկ՝ բացվում։ Միջինը 80 հազար է այդ թիվը, որի 75 տոկոսը միկրոձեռնարկություններ են, որոնք հիմնականում զբաղվում են առևտրով։

Այսպիսի ցածր մակարդակի վրա գտնվող էկոնոմիկան, ցածր արտադրողականությունն ու միկրոբիզնեսների նման հսկա քանակը տնտեսական աճի, մրցունակության ցուցանիշ չեն։ Դրանք իրականում վատ ցուցանիշներ են։ Իհարկե, տուրիզմը բերեց փոքր բիզնեսի զարգացմանը, բայց էկոնոմիկան պետք է կառուցել ավելի ամուր սյուների վրա, և այդ առումով միջին ու խոշոր բիզնեսի դերակատարությունն է շատ կարևոր։ Այդուհանդերձ, այսօր նաև կառավարության ներսում երբեմն արտահայտված տրամադրություն կա դեպի խոշոր բիզնեսը, բայց պետք է հասկանալ, որ խոշոր բիզնեսն է իր ուսերին կրում տնտեսության սյուները։

Ավելին, այդ սյուներն իրենք են, և խոշոր բիզնեսին պետք է զգուշորեն վերաբերվել։ Ամփոփելով՝ Գագիկ Մակարյանը շեշտեց, որ ցածր տոկոսներով առաջ գնալը մեզ ձեռնտու չէ, ավելի մեծ քայլերով պետք է առաջ գնալ. «Ես 2020թ. բյուջեն համարել եմ մուտքերի բյուջե։ 2020 թվականը Հայաստանի համար կարող է նմանվել մի վիճակի, երբ մարզիկը գնում է տրամպլինից ցատկելու, բայց մինչ այդ շունչ է քաշում, ներշնչում է իրեն։

2020թ.-ն այդ ներշնչանքի ու թռիչքին պատրաստվելու ժամանակաշրջանը պետք է լինի՝ ամեն ինչ ճիշտ ձևով շարունակելու դեպքում։ Ճիշտ ձևով շարունակել ասելով՝ նկատի ունեմ այն, որ որոշ նախարարություններում, պետական մարմիններում պետք է փոխվի մենեջմենթը, կադրերի որոշակի համալրում պետք է լինի, երկխոսությունը պետք է լավացվի, ամբիցիաները, չլսելը, սեփական գերատեսչության շահերը գերադասելը պետք է բացառվի»։

Աննա ԲԱԴԱԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031