Հետաքրքիր ինքնախոստովանանք էր Փաշինյանի այն հայտարարությունը, թե պետական համակարգն ամբողջովին ընդդիմանում է հեղափոխությանը և հակահեղափոխական է։ Սա իհարկե ամենազավեշտալի ինքնախոստովանությունն էր։ Նկատենք, որ մինչ այդ Նիկոլ Փաշինյանը շեշտում էր, թե երկրում աննախադեպ արդյունքներ են գրանցվել, արդյունավետությունը գերբարձր, աննախադեպ մակարդակի է։ Ընդ որում աննախադեպ բառը նրա բառապաշարում ամենաշատ հանդիպող արտահայտություններից է։ Իսկ դա, որպես կանոն, օգտագործում են հոլովակային բառապաշարում։
Եվ ահա Փաշինյանի կողմից պարբերաբար տարփողվող աննախադեպ տնտեսական արդյունքների ֆոնին նույն ինքը՝ Փաշինյանը, հանկարծ վեր կացավ ու սկսեց ասել, թե պետական ամբողջ համակարգը ընդդիմանում է հեղափոխությանը։ Ամենայն հավանականությամբ, Նիկոլ Փաշինյանը, իմանալով իր կադրերի ունակությունները, ոչ մեկին առանձնապես չի վստահում աշխատանքը, բայց դա չի նշանակում նաև, որ ինքն է կարողանում այդ գործն անել։ Այսինքն՝ նա սահմանել է միանձնյա իշխանության համակարգ. ինքը որոշում է, ինքը հանձնարարում է, հետո տեսնում է, որ իր կադրերը ի վիճակի չեն կատարելու այդ աշխատանքը, փորձում է ինքնուրույն այդ ամենի տակից դուրս գալ՝ բղավելով, պատին ծեփելով, ինչը իհարկե որևէ լուրջ արդյունք չի տալիս։ Եվ քանի որ նրա անձնական վարկանիշը դեռևս բավարարում է, որպեսզի հենց ինքն էլ մաքրի իր ենթակաների տարրական սխալները, շատ դեպքերում անգամ՝ զավեշտալի ու ոչ խելամիտ որոշումները‚ ստիպված է լինում և որոշում ընդունել, և կատարել, և այդ ամենին PR փաթեթավորում տալ։
Փաշինյանը ստեղծել է պետական կառավարման մի համակարգ, որտեղ ամեն ինչ ինքն է անում, այս պայմաններում ինստիտուցիոնալ համակարգի անհրաժեշտություն չկա, և սահմանված խաղի կանոնները չեն նպաստում արդյունավետ համակարգի ստեղծմանը։ Այս ֆոնին հակահեղափոխական ապարատը կոտրելու մասին վարչապետի հայտարարություններն ընկալվում են որպես սովորական բլեֆ։ Նրա՝ պատերին ծեփելու, ասֆալտին փռելու մասին հայտարարությունները ոչ ոք արդեն լուրջ չի ընդունում, նույնիսկ ձերբակալությունների մասին սպառնալիքներն անարդյունավետ են. մարդիկ անգամ հերթ են կանգնել ու պահանջում են իրենց ձերբակալել։ Այսինքն՝ այդ գործիքակազմն այնքան է արժեզրկվել, որ սկսել են ծաղրել վարչապետին։
Նկատենք, որ այսօր պետական կառավարման համակարգը ղեկավարում են Փաշինյանի լավագույն կադրերը, այլ կադրեր զինանոցում չկան, որպեսզի փոխարինի նրանց, ուստի համակարգը կոտրելու մասին հայտարարությունները սին են։ Ցանկացած ջարդ պետք է սկսվի առաջին հերթին նախարարներից, իսկ քանի որ, ըստ վարչապետի, ամբողջ պետական համակարգն է համառորեն դիմադրում հեղափոխությանը, նշանակում է, որ իր սրտի բոլոր նախարարները պետք է փոխվեն։ Մինչդեռ Փաշինյանը անում է հակառակը. նրանց ամեն մի աղմկահարույց քայլ պաշտպանության տակ է վերցնում, ընդհուպ մինչև տրանսգենդերների, սատանիստների պաշտպանություն։ Գուցե Փաշինյանը ցանկանար Արայիկ Հարությունյանի նման նախարարին փոխել, քանի որ շատ լավ հասկանում է, որ նա իր տակ դրված ական է, և պահեստայինների նստարանին խաղացողներ չունի։
Կարդացեք նաև
Սակայն փաստերի արձանագրումն այսքանով չի ավարտվում։ Պարզվում է, որ հակակոռուպցիոն պայքարն էլ, որի մասին այդքան շեշտվում է, ի հեճուկս ուժային կառույցների է։ Ըստ վարչապետի, ստացվում է‚ որ ուժային կառույցներն էլ են դեմ վարչապետին ու «հեղափոխությանը»։ Այս դեպքում իհարկե հասկանալի չէ, թե ովքեր են զբաղվում հակակոռուպցիոն գործունեությամբ՝ «Քաղպայմանագի՞րը», թե՞ Սորոսի հիմնադրամը։
Տարվա ավարտին բոլորը փորձում են ամփոփել անցնող 2019 թվականը։ Այս տարին ամփոփեց անձամբ վարչապետը՝ արձանագրելով, որ իշխանափոխությունից ավելի քան 1,5 տարի անց նոր Հայաստանում չկա արդյունավետ աշխատող, գաղափարախոսություն ունեցող պետական ապարատ, չկա իրավական համակարգ, որը հասկանում է, թե ինչ են իրենից պահանջում, և երրորդ՝ իշխանափոխությունից 1 տարի 8 ամիս անց փաստում ենք՝ վարչապետն արձանագրեց իր ինտելեկտուալ բազայի բացարձակ սնանկությունը և, ըստ էության, իրավունք տվեց բոլորին կասկածի տակ դնելու այսօր ընդունվող օրենքների, հայեցակարգերի, վարչապետի կողմից հնչեցվող վիճակագրական տվյալների իսկությունը։ Այս ամենը կարելի է եզրակացնել վարչապետի շատ կարևոր, բայց ամենայն հավանականությամբ, ոչ հավասարակշիռ վիճակում արված հայտարարությունից։ Այստեղ կա մի դրական հանգամանք. գոնե վարչապետը գիտի երկրում տիրող իրական վիճակը, պարզապես ամիսներ շարունակ այդ պատկերը համառորեն թաքցվում էր, բայց եկավ այն պահը, որ կառավարության ղեկավարը կամա թե ակամա խոստովանեց դա ենթագիտակցության մակարդակում։
Այնպես որ՝ տարին ամփոփելու կարիք այլևս չկա. վարչապետն ինքն ամփոփել է իր իշխանության, իր կառավարման համակարգի, իր Ազգային ժողովի, իր քաղաքական հենարանների աշխատանքի որակը։
Արամ Վ. ՍԱՐԳՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում