Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Անցանկալի մազերից ազատվելու միջոցները

Դեկտեմբեր 20,2019 12:30

Ցանկացած կնոջ երազանքը մազածածկույթից վերջնականապես ազատվելն է։ Ներկայիս կոսմետոլոգիան առաջարկում է մաշկի խնամքի եւ գեղեցկանալու բազմաթիվ նոր մոտեցումներ: Տարիներ շարունակ կանանց կողմից պահանջված կոսմետոլոգիական պրոցեդուրաներից է համարվել մազահեռացումը։ Առաջարկվող տարատեսակ մեթոդներից ներկայումս մեծ տարածում է ստացել  մազահեռացման էլոս էպիլյացիայի տարբերակը: Հայաստանում բազմաթիվ կենտրոններ են բացվել, որտեղ էլոս  համակարգն են օգտագործում. տեխնոլոգիա, որը հիմնված է ֆոտո եւ լազերային էպիլյացիայի համակցության վրա:

Էլոս էպիլյացիայի մասնագետ Լիլիան ասում է, որ էպիլյացիայի արդյունավետ լինելը կախված է մազից. «Եթե մազը հաստ է եւ սեւ, ապա ցանկալի է դիմել էլոս էպիլյացիայի։ Ճիշտ մասնագետ ընտրելու դեպքում եւ սարքի լամպերը պարբերաբար փոխելով՝ էլոս էպիլյացիան շատ արդյունավետ է։ Եթե մազը ակտիվ է, ուրեմն լույսից կարող է պասիվանալ եւ նոսրանալ։ Ասեմ, որ ցանկացած լուսային մազահեռացում՝ լինի դա լազերային, էլոս, թե դիոդային լազեր, վերջնականապես մազերից ազատվել չի լինի։ Էլոս էպիլյացիայի կուրսը բաղկացած է 6-8 անգամից, եւ վերջացնելուց հետո, եթե մնում են բարակ եւ նոսր մազեր՝ մոտ 10%, այդ դեպքում խորհուրդ եմ տալիս դիմել ասեղային էպիլյացիայի, քանի որ ասեղային էպիլյացիայի դեպքում կարող եք ամբողջովին ազատվել:  Ճիշտ է, դա ավելի դանդաղ ընթացք է, սակայն արդյունավետ է»:  Իսկ հարցին՝ արդյո՞ք ճիշտ է, որ մազահեռացման լուսային տարբերակները կարող են վնաս հասցնել առողջությանը, Լիլիան ասում է. «Եթե մարդը չունի որոշակի հիվանդություններ՝ բացառվում է, որ վնաս հասցնի առողջությանը, քանի որ էլոս էպիլյացիան 2 մմ է թափանցում մինչեւ մազարմատ, իսկ լազերայինն ավելի շատ ՝ 3-4 սմ, քանի որ լազերայինն ավելի երկար մազի վրա են կատարում, իսկ էլոսը պարտադիր պետք է մազը սափրած լինի։ Չի կարող վնասել, եթե անձը խնդիրներ չունի՝ մաշկային հիվանդություններ, բարդ ընթացող քրոնիկական հիվանդություններ, շաքարային դիաբետ, օնկոլոգիական հիվանդություններ, էպիլեպսիա, արյան հիվանդություններ, կրծքագեղձի հետ կապված խնդիրներ եւ հորմոնալ տարբեր խանգարումներ։ Այս եւ մի շարք այլ հիվանդությունների դեպքում էլոս էպիլյացիան հակացուցված է»:

12-16 տարեկան աղջիկները նույնպես ցանկություն են ունենում դիմել մազահեռացման միջոցների։ Արդյո՞ք տարիքային սահմանափակում կա։ Մասնագետը պատասխանում է.  «Հիմնականում 16 տարեկանից սկսած է թույլատրվում, քանի որ մինչեւ դա հորմոնները դեռ ակտիվ են եւ եթե հասունացման վաղ շրջանում էպիլյացիայի դիմեն, ապա կարող է ավելի վատ ազդեցություն ունենալ։ Էպիլյացիան պետք է անել պարտադիր դաշտանային ցիկլը սկսելուց երկու տարի հետո»: Հղիության ընթացքում կնոջ օրգանիզմն առավել զգայուն է արտաքին միջամտությունների հանդեպ, սակայն անցանկալի մազածածկույթից ազատվելու պահանջը, այնուամենայնիվ, կա: «Ես ասում եմ, որ ցանկալի չէ, բայց չեմ ասում, որ չպետք է անել։ Կարելի է անել, սակայն պարտադիր պետք է խորհրդակցեն իրենց բժիշկների հետ, քանի որ կարող է ծանր հղիություն լինել եւ վատ անդրադառնա առողջության վրա», – ասում է Լիլիան։ Էլոս էպիլյացիան թույլ է տալիս առավելագույն անվնաս եւ անցավ հրաժարվել անցանկալի մազերից:

Մերի ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
19.12.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031