Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս մասշտաբային նախաձեռնությունը արժանացել է ամուսնուս հավանությանը»

Դեկտեմբեր 20,2019 13:30

Ջութակահարուհի Անուշ Նիկողոսյանը՝ օրերս մեկնարկող իր «Դասականը բոլորի համար» նախագծի մասին

Հայաստանյան պետական երաժշտական  կոլեկտիվները երբեմն ներկայացնում են համաշխարհային երաժշտական գրականությունից հանրամատչելի նմուշներ՝ փորձելով հանդիսատեսին մոտեցնել դասական երաժշտարվեստին: Ճանաչված ջութակահարուհի Անուշ Նիկողոսյանը Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը դեկտեմբերի 20-ին իր հեղինակային նախագծով՝ «Դասականը բոլորի համար», կմեկնարկի դասական հանրամատչելի երաժշտության համերգաշար:

«Առավոտի» հետ զրույցում երիտասարդ արվեստագետը մանրամասնելով ստեղծագործական կյանքում իր առաջին նախագիծը՝ ասաց. «Սա համերգաշար է՝  մեկ տարի տեւողությամբ, կազմված դասական երաժշտական ժառանգության գլուխգործոցներից, որոնք շատ սիրված ու մեծ ժողովրդականություն են վայելում ողջ աշխարհում: Նախագծի առաջին երեկոյին կհնչեն Վիվալդիի «Տարվա եղանակները», Բախի Բրանդենբուրգյան կոնցերտները եւ այլն:

Ծրագիրը հատուկ ընտրված է այնպես, որ ընկալելի, սիրելի լինի յուրաքանչյուր հանդիսատեսի համար: Նախագիծ եմ հրավիրել  նորաստեղծ «Ասոնանս» անսամբլին (հիմնադրվել է 2018թ., գեղարվեստական ղեկավարն է կոմպոզիտոր, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոռեկտոր Արամ Հովհաննիսյանը), որի բարձրակարգ երաժիշտներից յուրաքանչյուրը հայտնի անուններ են:

«Ասոնանսի» երաժիշտները

Նշեմ նաեւ, որ համերգները կուղեկցվեն հանդիպում-քննարկումներով, որոնց ժամանակ երաժիշտները կներկայացնեն կատարվող ստեղծագործությունների պատմությունը, առանձնահատկությունն ու մշակութային արժեքը եւ որ ամենակարեւորն է՝ նախագծի շնորհիվ ցանկանում ենք մասնակցություն ունենալ մարզերի մշակութային կյանքի աշխուժացման գործում: Վստահեցնում եմ, որ «Դասականը բոլորի համար»-ը կշրջի հայաստանյան բոլոր մարզերով»: Հետաքրքրությանը՝ բնականաբար, կհնչեցնեն նաեւ հայ հեղինակների ստեղծագործություններ, մեր զրուցակցի պատասխանը հետեւյալն էր. «Անշուշտ, բայց տեղեկացնեմ, որ «Ասոնանսում» ստեղծագործում են երիտասարդ հիանալի կոմպոզիտորներ Արամ Հովհաննիսյանն ու Արթուր Ավանեսովը: Այսինքն՝ չի բացառվում, որ մատուցենք նաեւ մեր երիտասարդ կոմպոզիտորների գործերից եւս»: Հարցին, թե տեւական նախագիծն ունի՞ հովանավոր, ջութակահարուհին բարձրաձայնեց ավստրալահայ մեր հայրենակցուհի Ռիտա Լեփեջյանի անունը ու ընդամենն ասաց, որ տիկինը մեկուկես տարի ձեռք է մեկնում նաեւ հայաստանյան մշակույթին եւ շուտով Ավստրալիայի գլխավոր հեռուստատեսությամբ կցուցադրվի նրա հովանավորությամբ նկարահանված  Հայաստանի մասին վավերագրական ֆիլմ: Իսկ մտավախություն չունի՞, որ մեկ տարի ձգվող նախագիծը հնարավոր է խնդիրներ ստեղծի՝ կապված իր եւ «Ասոնանսի» հյուրախաղերի հետ: Մեր զրուցակիցը հավաստիացրեց, որ դա բացառվում է, քանի որ արտասահմանյան հյուրախաղերը շուրջ մեկ տարի առաջ են պլանավորվում:

Դիտարկմանը, թե իր ամուսինը՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը համերգաշարերի եւ փառատոների կազմակերպման եւ անցկացման մեծ փորձ ունի, հետեւաբար կարելի էր նրա հետ համատեղ իրականացնել նախագիծը, Անուշ Նիկողոսյանն ընդամենն ասաց. «Այս մասշտաբային նախաձեռնությունը արժանացել է ամուսնուս հավանությանը եւ հետո՝ նա ոգեւորում է իմ յուրաքանչյուր ստեղծագործական նախաձեռնություն»: Կեսկատակ-կեսլուրջ ռեպլիկին՝ միայն ստեղծագործակա՞ն, մեր զրուցակցի պատասխանը ժպիտն էր…

Զրույցի ընթացքում անդրադարձ եղավ ջութակահարուհու մասնակցությամբ միջազգային մրցույթներին, փառատոներին եւ իհարկե՝ իր պրոֆեսորներին: Նա  առաջինը հիշեց Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի լուսահոգի ուսուցչին՝ Պետրոս Հայկազյանին, որի դասարան է ոտք դրել 5 տարեկանում, հետո թվարկեց Երեւանի կոնսերվատորիայի դասախոսի՝ Էդուարդ Թոփչյանի, Մյունխենի երաժշտության եւ թատրոնի բարձրագույն  դպրոցի պրոֆեսոր Քրիստոֆ Պոպենի, աշխարհահռչակ ջութակահար Ջուլիա Ֆիշերի անունները:  Հարցրինք, թե ի՞նքն է նախաձեռնել  Պետրոս Հայկազյանի հիշատակին նվիրված երեկոն, Անուշ Նիկողոսյանը ժխտեց, ասաց, որ նախաձեռնողը Պյոտր Ասատուրովիչի դասարանում ուսանած՝ բելգիաբնակ ճանաչված ջութակահար եւ պրոդյուսեր Խաչատուր Ալմազյանն է, թվարկեց, իր խոսքերով՝ մեծանուն մանկավարժի դասարանում ուսանած, այսօր, առանց չափազանցության՝ աշխարհին հայտնի անուններ, այդ թվում՝ Սերգեյ Խաչատրյան, Դիանա Ադամյան, Սյուզի Երիցյան, Անի Կուրտիկյան եւ այլն:

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
19.12.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031