Լրահոս
Օրվա լրահոսը

«Քրեական հեղինակություն» Շալոյի մահափորձի գործով դատախազի միջնորդությունը կլսվի գալիք տարվա հունվարին

Դեկտեմբեր 20,2019 14:30

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վ.Գրիգորյանը (Նոր Նորքի նստավայր) նախորդ օրը հրապարակեց կարատեի մարզիչ Սամվել Այվազյանի պաշտպաններ Ա. Ծառուկյանի եւ Գ.Հովհաննիսյանի կողմից դատախազ Սարգսյանին բացարկ հայտնելու միջնորդության հիման վրա կայացրած որոշման եզրափակիչ մասը: Բացարկը  մերժվեց «հիմնավոր չէ» պատճառաբանությամբ:

Հիշեցնեմ, որ Ս. Այվազյանը մեղադրվում է «մի խումբ անձանց» եւ Եվգենի Կաչակի հետ քրեական հեղինակություն համարվող Շալիկո Մամիկոնյանի՝ Շալոյի մահափորձը կազմակերպելու համար: Վերջինս իրեն ոչ տուժող, ոչ քրեական հեղինակություն չի համարում, դատարան չի գալիս: Եվգենի Կաչակը երկար տարիներ ծառայել է ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության հատուկ նշանակության ջոկատում, ՀՀ ոստիկանության զորքերում, որպես դիպուկահար, ինչի մասին քաջատեղյակ է եղել Սամվել Այվազյանը, քանի որ նախկինում միասին աշխատել են Ղազախստանի Հանրապետությունում՝ Ալմա Աթա քաղաքի «Եվրոպոլիս» ընկերությունում՝ որպես թիկնապահ:

Պաշտպանական կողմի փաստաբանները` Ա. Ծառուկյանն ու Գ.Հովհաննիսյանը բացարկով հայտնել էին, որ մեղադրող Սարգսյանն «ակնհայտ շահագրգիռ անձ է, քանի որ քննիչ Վազգեն Մամիկոնյանն ակնհայտ ապօրինություններ է թույլ տվել, իսկ նա որպես հսկող դատախազ չի օգտագործել իր գործիքակազմը՝ կասեցնելու քննիչի ապօրինությունները: Մինչ քրեական գործ հարուցելը, քննիչը կապի մեջ է գտնվել եւ իր հեռախոսով վայբեռ համակարգի միջոցով աշխատանքային ժամերից դուրս շփվել առանցքային վկայի, Ղազախստանի Հանրապետությունում գտնվող Եվգենի Կաչակի մտերմուհու՝ Ի. Իվանովնայի հետ, նրան ուղարկել որոշակի նախաքննական տվյալ հանդիսացող տեղեկություններ»: Այս մասին նրանք տեղեկացրել են նաեւ ԱԱԾ-ին՝ հանցագործության մասին հաղորդմամբ:

Նկատելի էր, որ լարված էին դատախազ-պաշտպաններ փոխհարաբերությունները:

Չնայած դատախազն ասաց, թե որեւէ մեկին չի ցանկանում վիրավորել, մանավանդ որ՝ «պաշտպաններից մեկն էլ կին է», իսկ կին պաշտպանն էլ նկատեց, որ դատախազը «մեր ներքին մղումներին է գնահատական տալիս»:

Դատական նիստը սկսվելուց տասը րոպե առաջ պաշտպանները դատարանի գրասենյակ էին մուտքագրել գործի վարույթը կարճելու մասին միջնորդություն: Դատավոր Գրիգորյանն իր զարմանքը հայտնեց, մանավանդ որ նիստը սկսվելու էր վայրկյաններ հետո, եւ հորդորեց կողմերին արտադատարանական կարգով այսուհետ, այն էլ նիստը սկսվելուց տասը, հինգ րոպեներ առաջ գրասենյակ չմուտքագրել հայտարարությունները, միջնորդություններ: Պաշտպան Ա. Ծառուկյանը հիշեցրեց, որ նիստից առաջ է այդ միջնորդությունը ներկայացրել՝ արտահերթությունն ապահովելու համար, նաեւ հիշեցրեց, որ դատախազը նախորդ անգամ ասաց, թե «շատ շտապ միջնորդություն» ունի:

Ինչպես նախորդ նիստում, այնպես էլ նախորդ օրը, դատախազն առարկեց, ասելով, թե պաշտպանները ներկայացնում են միջնորդություն, զուտ ներկայացնելու համար:

Իսկ պաշտպաններն ասացին, թե հանցակազմի բացակայության հիմքով պետք է կարճվի այս գործը, քանի որ չկա տուժող, չկա շարժառիթը, թե ինչու է Շալիկո Մանուչարյանին որոշվել սպանել, երբ նրան չեն ճանաչում, «եթե չկա շարժառիթը, մարդիկ գնում են քայլի, նշանակում է մենք գործ ունենք անմեղսունակ անձանց հետ»:

Դատավորը, երբ պատրաստվում էր մտնել խորհրդակցական սենյակ, այդ ժամանակ մեղադրող Սարգսյանն ասաց, թե ունի միջնորդություն, որը նույնպես պետք է լսվի խորհրդակցական սենյակում. պարզվեց՝ այն Ս. Այվազյանի խափանման միջոցին է վերաբերելու:

«Քսան օրում միջնորդություն եք պատրաստում, ցանկանում եք քսան րոպեում կայացնեմ որոշում» ասելով՝ դատավորը հեռացավ խորհրդակցական սենյակ, որոշումը հունվարի 15-ին հրապարակելու համար:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
19.12.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031