Լրահոս
Օրվա լրահոսը

«Նախորդ իշխանության ժամանակ, երբ ինքը նման ապօրինի քայլեր էր կատարում, դա ինչի՞ մասին էր վկայում»

Դեկտեմբեր 20,2019 15:00

Նիկոլայ Բաղդասարյանը դատավոր Ալեքսանդր Ազարյանին հորդորում է նախ հիշել, թե ինչ է արել անգիտակից ամբաստանյալի հետ, նոր խոսել արդարադատությունից:

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը «Փաստինֆոյի» հետ զրույցում ասել էր, որ իհարկե, Հայաստանում դատաիրավական ոլորտի բարեփոխումների անհրաժեշտություն կա, բայց տարի ու կես է՝ խոսում են բարեփոխումներից, իսկ բարեփոխումների նշույլ անգամ չկա: Ըստ նրա, դատավորներին ներկայացվող տարիքային շեմն իջեցնելով՝ իշխանություններն ուզում են, որ թոշակի ուղարկած  դատավորներին փոխարինեն երիտասարդ, յուրային կադրերով. «Յուրայինը քաղաքական իշխանության համար ցանկալի դատավորն է՝ անկախ նրանից, թե նրանք ինչ կյանքի փորձ ունեն, ինչ ռեյտինգ ունեն»: Նա խոսել է դատավորների, մասնավորապես, իր եւ Դավիթ Գրիգորյանի նկատմամբ իշխանությունների ճնշումների, «մատ թափ տալու, դատական համակարգում վախի մթնոլորտի մասին՝ ասելով, թե՝ «դատական իշխանությունն արդեն տարի ու կես է, անկախ չէ։ Ինչի՞ մասին է խոսքը, եթե երկրի վարչապետի կողմից  բացահայտ հրապարակային ճնշում է գործադրվում դատական իշխանության՝ դատարանների ու դատավորների նկատմամբ, ի՞նչ անկախության մասին է խոսքը։ Իմ կողմից շատ հարգված մի դատավոր ինձ հարց ուղղեց, ասաց՝ եթե հիմա այդ որոշումը կայացնելիս լինեիր, ռիսկ կանեի՞ր ազատել։ Պատկերացնո՞ւմ եք վախի մթնոլորտը դատական համակարգում։ Ի՞նչ անկախության մասին է խոսքը, հիմա կամիկաձեներ են, անկախ դատավորը, որն այդ քայլին գնա, հիմա կամիկաձե կհամարվի»:

Այս առնչությամբ «Առավոտի» հետ զրույցում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանն ասաց. «Մի հարցադրմանը թող ինքը պատասխանի՝ երբ որ ես դեռեւս փաստաբան էի, իմ վստահորդներից մեկը, ով ծանր հիվանդությամբ էր տառապում (խոսքը ՌԴ-ում ադրբեջանցի գործարարի կողմից հետապնդվող Սուրեն Խաչատուրովի մասին է), իր իսկ վարույթում գտնվող քրեական գործով պետք է որոշվեր Ռուսաստանին հանձնման խնդիրը: Տվյալ դեպքում ես, որպես փաստաբան, հայտարարել եմ, որ իմ վստահորդի մոտ գիտակցության կորուստ է առաջացել, հետեւաբար խնդրել եմ բժշկական օգնություն անհապաղ հրավիրել, ընդհատել դատական նիստը, նա մերժել է: Ղատավարությունը շարունակել է իրականացնել անգիտակից մեղադրյալի, ամբաստանյալի մասնակցությամբ: Ես դուրս եմ եկել դահլիճից: Էդ քրեական գործի ժամանակ պաշտպանի մասնակցությունը եղել է պարտադիր եւ իմ՝ դահլիճից դուրս գալուց հետո նա պարտավոր էր դատական նիստն ընդհատել: Բայց նա չի հետաձգել: Նիստը ինքը դռնփակ է արել՝ մամուլի ներկայացուցչին թույլ չտալով մտնել: Դա տեղի է ունեցել ամողջությամբ նախորդ իշխանության ժամանակ: Ես ուզում եմ հարցնել՝ էդ նախորդ իշխանության ժամանակ, երբ ինքը նման ապօրինի քայլեր էր կատարում, դա ինչի՞ մասին էր վկայում: Այ, թող սկզբից դա պատախանի, նոր խոսի արդարադատությունից»:

Մենք ճշտեցինք, այսինքն, այնպես չի, որ մեկուկես տարի է, ինչ դատարաններն անկախ չեն՝ Նիկոլայ Բաղդասարյանն ի պատասխան պնդեց. «Թող ինքը փաստերով պատասխանի: Այդ գործը գտնվում է ՄԻԵԴ-ում, ՄԻԵԴ-ը կասեցրել է  իր իսկ կայացրած որոշման կատարումը, որվհետեւ Վճռաբեկ դատարանը վարույթ չընդունեց էդ  բողոքը: Թող ինքը հիմնավորի, այդ գործով իր ձեռնարկած քայլերը ինչի  մասին են վկայում: Որ մեղադրյալին անգիտակից վիճակում իրականացնում է դատավարությունը, պաշտպանը չի մասնակցում դատական նիստին, դուրս է գալիս դահլիճից ու ինքը շարունակում է, դռնբաց դատական նիստը դռնփակ է անում: Այ, թող բացատրի, ինչով էր նա ուզում պարտադիր նման որոշում կայացնել: Դա  արդարադատության շահերից բխո՞ղ որոշում էր, որը հետագայում ՄԻԵԴ-ը կասեցրեց դրա կատարումը, միեւնույն է, այդ անձին չհանձնեցին, խափանման միջոցը վերացավ, իրեն ազատ արձակեցին, էս պահին կոմունիկացիայի մեջ են, սպասում են ՄԻԵԴ որոշմանը, էդ ինչի՞ց էր»:

Մեր դիտարկմանը՝ նա պնդում է, որ ոչ մի գրամ չի զղջում Քոչարյանի գործով կայացրած որոշման համար, որովհետեւ գտնում է՝ ժամանակը ցույց կտա, որ ինքը ճիշտ որոշում է կայացրել՝ Նիկոլայ Բաղդասարյանն արձագանքեց. «Կարծում եմ՝ ոչ մի դատավոր ոչ մի խնդիր չունի: Եթե նա իրականացրել է արդարադատություն, օրենսդրությունը հետեւյալն է ասում՝ դատավորը պետք է լինի անկախ եւ որոշում կայացնի՝ ելնելով օրենքի շահից, եւ եթե ինքը եղել է անկախ, որոշումը կայացրել է օրենքի շահից ելնելով, դա նորմալ երեւույթ է: Մի դատավոր կարող է մի որոշում կայացնել, որը վերադաս մարմնի կողմից վերացվի: Իր նկատմամբ ի՞նչ ճնշում է եղել»: Ըստ Ազարյանի, ամենատհաս դատավորն անգամ կհասկանա, թե ինչ է  ցանկանում Քոչարյանի գործով Նիկոլ Փաշինյանը՝ Բաղդասարյանն արձագանքեց. «Թող ինքը սկզբից իմ հարցին պատասխանի, նոր կանդրադառնանք դրան: Ես կոնկրետ փաստերով գործ եմ բերում, որն իր վարույթում է գտնվում, կան վիդեոնյութեր, թե ինչպես են տվյալ անձին տանում հիվանդանոց»: Բաղդասարյանն ասաց, որ սա միակ գործը չէ, որով առնչվել է դատավոր Ազարյանի հետ. «Մյուս գործը իմ վերաբերյալ քրգործն էր, երբ որ ինքը մի որոշում կայացրեց, իսկ իր գործընկեր, այլ դատավոր նույն իրավիճակում 180 աստիճան այլ որոշում կայացրեց: Թող ինքը պարզաբանի: Ես ասում էի, որ գլխավոր դատախազը ժամկետանց, ժամկետը լրանալուց հետո նոր վերացրել է իմ նկատմամբ քրեական հետապնդումը չիրականացնելու մասին որոշումը, ես բողոքել էի իրեն, ինչի՞ ինքը էդ բողոքը թողեց առանց քննության»:

Հարցին՝ այդ դեպքում ինչո՞ւ Ազարյանի նկատմամբ կարգապահական վարույթ չի հարուցվել՝ Բաղդասարյանը պատասխանեց. «Դե գիտեք ինչ, ես անձամբ շատ  հազվադեպ եմ դիմել էդ գործիքակազմին, բացառություն է եղել մի դեպք: Խնդիրը հետեւյալն է, որ էդ կարգապահական վարույթները որեւէ արդյունք չէին տալիս, որովհետեւ դեռեւս նախորդ Վճռաբեկ դատարանի նախագահի օրոք ինչ էր տեղի ունենում. մենք դիմում էինք ինչ-որ դատավորին կարգապահական վարույթ հարուցելու, նա կանչում էր էդ դատավորին, եթե գալիս էր համաձայնության, ասում էր՝ տես, դիմումը կմերժեմ, մի հատ բեմականացման իրավիճակ էր ստացվում, որտեղ քեզ օգտագործում էին՝ որպես գործով կոնկրետ դատավորին ճնշելու: Դա երբեւիցե արդյունք չի տվել՝  ո՛չ քննիչների նկատմամբ, ո՛չ դատավորների նկատմամբ, ո՛չ փաստաբանի: Մթնոլորտը այնպիսին էր, չկար գիտակցություն, որ  կարգապահական վարույթ հարուցելու պայմաններում դուք համարվում եք խաղի կանոնները խախտած անձ, հակառակը, էն մոտեցումն էր, որ էն մարդկանց են ենթարկում կարգապահական պատասխանատվության, ով չէր ենթարկվում էդ կառույցի ղեկավարի հանձնարարություններին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
19.12.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031