Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վարդան Օսկանյանի հետ «ռանդեվուները» կարոտած Մամեդյարովի պոռթկումը

Դեկտեմբեր 20,2019 12:00

Հայկական կողմն իր «կարմիր գծեր» քաշելիս ոչ մի պարագայում չպետք է վերածվի բանակցություններում ոչ կառուցողական կողմի

Անցյալ շաբաթ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը ադրբեջանական CBS հեռուստաընկերությանը եւ «Ինտերֆաքս-Ազերբայջան» գործակալությանը տված հարցազրույցներում ծավալուն անդրադարձ է կատարել ղարաբաղյան հակամարտության կարգավորման թեմային:

Նա տեղեկացրել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները կհանդիպեն եկող տարի հունվարին, եւ այս ժամկետից առաջ, ըստ ամենայնի, պաշտոնական Բաքուն որոշել է քարոզչական լուրջ աշխատանք տանել՝ հայկական կողմին բանակցային գործընթացի տապալման մեղավոր հռչակելու ուղղությամբ:

Մամեդյարովն ասում է, թե իբր հայկական կողմը բանակցություններին ներկայացրել է «Լավրովի պլանը», եւ որ այսօր բանակցություններում քննարկվում են կոնկրետ կետեր, բանակցությունների օրակարգում ղարաբաղյան խնդրի կարգավորման փուլային տարբերակն է:

Սկսենք «Լավրովի պլանից»: Պաշտոնական Երեւանը արդեն մի քանի անգամ հայտարարել է, որ կոնկրետ փաստաթուղթ բանակցություններում չի քննարկվում: «Լավրովի պլանի» մասին դեռ տարիներ առաջ էին ընթանում ակտիվ խոսակցություններ: Պաշտոնական Երեւանն այն ժամանակ էլ համառորեն պնդում էր, որ «Լավրովի պլան» գոյություն չունի:

Հիմք ընդունելով պաշտոնական Երեւանի համառ մերժումը, կարելի էր ենթադրել, որ «Լավրովի պլանը» հայկական կողմի համար գոյություն չուներ: Այսինքն՝ եթե անգամ նման տարբերակ առաջարկվել էր հայկական կողմին՝ Հայաստանի այն ժամանակվա իշխանություններն ուղղակի մերժել էին դրանք, ինչն էլ հիմք էր տալիս նրանց անվերջ հայտարարել, որ «Լավրովի պլան» գոյություն չունի: Ի դեպ, տեւական ժամանակ անց, ինքը Լավրովն էլ մի առիթով ստիպված եղավ հայտարարել, որ նման տարբերակ չկա:

Հիմա Բաքուն, վստահաբար, ոչ պատահական, ակտիվացրել է «Լավրովի պլանի» թեման: Երեւանը դարձյալ դրա գոյությունը հերքում է: Մոսկվան ու Բաքուն, շատ հնարավոր է, որ ցանկանում են կարգավորման սեղանին տեսնել հենց այդ տարբերակը, որը, ըստ ամենայնի, կարող է լինել հին սկզբունքների վրա կառուցված՝ նոր մոտեցումներով համեմված ինչ-որ մի տարբերակ:

Մոսկվան էլ վերջին շրջանում որոշակի ակտիվություն է ցուցաբերում, ինչը թույլ է տալիս ենթադրելու, որ «Լավրովի պլանի» աշխուժության հիմքեր Ռուսաստանի եւ Ադրբեջանի իշխանությունների մոտ, այնուամենայնիվ, կան:

Դատելով CBS հեռուստաընկերությանը տված Մամեդյարովի հարցազրույցում նրա պահվածքից, ընդհանուր առմամբ, տպավորություն է ստեղծվում, որ նա բավական ջղաձիգ է: Հայկական կողմին զգացմունքայնության մեջ մեղադրելով, ինքը՝ Ադրբեջանի արտգործնախարարը, բավական լարված է, ակնհայտ զգացվում է, որ նա բանակցային գործընթացի ընթացքից բավական դժգոհ է: Պատահական չէր հենց Բրատիսլավայում նրա գնահատականը, թե բանակցությունները Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ բավական ծանր են եղել: Մամեդյարովը միամիտ դիվանագետ չէ. նա մեկ ասպարեզ նետեց «Լավրովյան պլանի» թեման, մեկ խոսքի մեջ ակնարկում էր, թե բանակցությունները կարող են շարունակվել, զուգահեռ՝ պատերազմ էլ կարող է բռնկվել:

Որքան էլ ծավալուն Ադրբեջանի իշխանության որեւէ ներկայացուցիչ ներկայացնի ղարաբաղյան կարգավորման գործընթացի «նրբերանգներն» ու «մանրամասները», պարզ է մեկ բան՝ պաշտոնական Բաքվի դիրքորոշման մեջ որեւէ փոփոխություն տեղի չի ունեցել. նրանք կողմնակից են հիմնախնդրի կարգավորման փուլային տարբերակին. առաջին փուլում, ինչպես իրենք են պնդում՝ «զորքերի դուրսբերում» են ակնկալում, ապա պետք է տեղի ունենա՝ «ադրբեջանական բնակչության վերադարձ Լեռնային Ղարաբաղ», որից հետո, նոր պետք է կայանան բանակցություններ, եւ պարզ չէ, թե հայկական կողմին էլ ինչ է մնալու օգտագործել որպես՝ «բանակցությունների առարկա», եթե բավարարվում են Բաքվի բերված պահանջները:

Ուշագրավ է, որ Մամեդյարովը վստահեցնում է, թե Հայաստանի հետ բանակցություններում քննարկվում են կոնկրետ հարցեր, սակայն մյուս կողմից՝ Բաքուն իր պահանջներն է ներկայացնում: Եթե կողմերը քննարկում են «կոնկրետ հարցեր»՝ Բաքվին այլեւս պետք չէ հայկական կողմին հրապարակային ծանոթացնել այդ պահանջների հետ: Նշանակում է հանդիպումներում, շփումներում, կոնսուլտացիաներում, կամ՝ նույնիսկ բանակցություններում, պաշտոնական Բաքվի ոչ բոլոր պահանջներն են լսելի դառնում հայկական կողմի համար, այդ իսկ պատճառով պաշտոնական Բաքուն՝ ի դեմս բանակցող Մամեդյարովի, ստիպված է անընդհատ հիշեցնել իրենց պահանջների մասին:

Ի դեպ, խիստ հետաքրքրական էր, որ Մամեդյարովը Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի մասին խոսում էր բավական ակնածանքով, նրան ներկայացնելով որպես ավելի՝ կառուցողական արտգործնախարար: Այստեղ առանձնապես զարմանալու բան չկա, քանի որ Ռոբերտ Քոչարյանի եւ Վարդան Օսկանյանի իշխանության տարիներին հայկական կողմը ադրբեջանական կողմի հետ քննարկում էր «Ընդհանուր պետություն» կոչված կարգավորման տարբերակը, ինչպես նաեւ՝ Մեղրիի փոխանակման հարցը: Հետեւաբար, միանգամայն հասկանալի է Ադրբեջանի արտգործնախարարի կողմից Վարդան Օսկանյանին որպես ամենակառուցողական արտգործնախարար ներկայացնելու ձգտումներն ու նրան կարոտով վերհիշելը:

Ի դեպ, ադրբեջանական քարոզչության հիմնական «մեխերից» է հետեւյալը, երբ նրանք հայկական կողմին հարց են ուղղում՝ «ասեք առնվազն մեկ փաստարկ, որ դուք շահել եք Ադրբեջանի հետ հակամարտությունից, սկսե՞լ եք ավելի լավ ապրել, միացե՞լ եք նախագծերի կամ  ինչ-որ այլ բաների», նորից կրկնել է Մամեդյարովը։

Նույն հարցը հայկական կողմը պետք է ուղղի Ադրբեջանին՝ ի՞նչ է շահել Ադրբեջանը՝ պատերազմ սկսելով Ղարաբաղում, բացի կորցնելուց… Եթե կա նման հարց, ապա առաջինը պատերազմը հրահրող կողմը պետք է այս հարցին պատասխանի, ընդ որում, ոչ միայն 90-ականների սկզբին պատերազմ բռնկելու համար, այլեւ՝ 2016թ. ապրիլին:

Ինչեւէ, ամփոփելով Մամեդյարովի անցյալ շաբաթվա երկու հարցազրույցները՝ պետք է արձանագրենք, որ եթե «Լավրովի պլանը» հայկական կողմին ներկայացվել է, կամ ներկայացվելու է մոտ ապագայում՝ պաշտոնական Երեւանը դրա ընդունելի-ոչ ընդունելի լինելու մասին պետք է արտահայտվի բաց ու հստակ:

Բացի այդ, հայկական կողմը՝ կարգավիճակ եւ անվտանգություն թեզերի վրա շեշտը դնելիս՝ պետք է բացի փակագծերը. կարգավիճակը՝ ե՞րբ, ինչպե՞ս որոշելով, անվտանգությունը՝ եւս, ինչպե՞ս եւ ումո՞վ:

Վերջին շրջանում առավել շատ քննարկվող Ղարաբաղի «համայնքների» թեման եւս հայկական կողմի համար բավական վտանգավոր է: Այդ դաշտ չպետք է մտնել: Արցախի իշխանությունները 1994թ. զինադադարի փաստաթուղթ ստորագրած, ավելի վաղ՝ բանակցություններին մասնակցած կողմ են: Եթե այսօրվա իշխանությունները Արցախի իշխանություններին բանակցությունների վերադարձնելու քաղաքականություն են տանում՝ դա Արցախի նախկինում ներկայացվածության աստիճանից ցածր չպետք է լինի: Այսինքն, Ղարաբաղի «ադրբեջանական համայնք» խցկելը, հարվածելու է Ղարաբաղի իշխանությունների մասնակցության մակարդակին, ինչը կլինի Բաքվի երազանքը՝ դնել հավասարության նշաններ՝ Արցախի իշխանությունների եւ «ադրբեջանցի փախստականների» միջեւ:

Ինչ վերաբերում է Մամեդյարովի կողմից մի քանի անգամ շեշտած՝ «բանակցություններում պետք է կարմիր գծեր քաշվեն, մնացածում՝ նոր խաղալ», Բաքվի «կարմիր գծերը» վաղուց պարզ են ու անփոփոխ: Հայկական կողմն իր «կարմիր գծեր» քաշելիս ոչ մի պարագայում չպետք է վերածվի բանակցություններում ոչ կառուցողական կողմի: Մշտապես «գնդակը» ադրբեջանական դաշտում թողնելու քաղաքականությունը պետք է գործի՝ միեւնույն ժամանակ Ադրբեջանին խաղաղություն պարտադրելու սկզբունքը գործի դնելով:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 19.12.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Aha says:

    Ի՞նչ շահեց Հայաստանը: Ակնհայտ է, ղարաբաղցիները դեռ ողջ են!

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031