2017 թվականի ապրիլի երկուսին Սպիտակի բնակիչ Նաիրա Այվազյանը կեսարյան հատումով տղա երեխա է ունեցել հանրապետական ծննդատանը: Չնայած նրա խոսքով, երեխան անհասիկ է ծնվել, բայց բժիշկները երեխայի առողջական վիճակը գնահատել են բավարար. «Ասացին՝ մամա մի անհանգստացի, ձեր բալիկը շատ լավ է, առողջ է, ծնվելու հաջորդ օրը գնացի բալիկիս տեսնելու, չեն թողել տեսակցել, ասացին՝ բժիշկները առավոտյան ժողովի են: Երրորդ օրը մանկաբույժը զանգահարեց ինձ, հետաքրքրվեց՝ ով է ինձ տեսակցելու գալու, ասացի՝ տեքորս կինը, նրա հեռախոսահամարը: Վերցրին: Զանգահարել են նրան, ասել՝ ձեր երեխան մահացավ, ծննդատանն էլ 5 մետր հեռավորությունից ցույց են տվել երեխայիս ակվարիումի մեջ, ու էլ ոչ մի բան: Մենք միշտ էլ կասկածել ենք, որ խաբված ենք»:
Նաիրա Այվազյանը Aravot.am-ին պատմեց՝ իր կասկածների հիմքերի մասին: Ըստ նրա՝ ծննդատանը իր հետ միեւնույն սենյակում Արտաշատից մի ծննդկան կար, նրա պտուղը մահացած էր ծնվել, նույն սենյակից մեկ այլ ծննդկան առողջ երեխա էր ունեցել. «Նրա երեխային վաճառել են, իմ երեխային տվել են իրեն, որովհետեւ այդ մայրիկին դուրս էին գրել, բայց մի ամսի չափ երեխային պահել են վերակենդանացման բաժանմունքում, բայց ինքը նորմալ ծննդաբերել էր, ինչու էին երեխային մեկ ամիս պահում, իսկ մյուս ծննդկանի մահացած երեխային տվել են ինձ:
Մենք դեռեւս այն ժամանակ պահանջել ենք ԴՆԹ, հանցագործության մասին հաղորդում տվել, բայց 6 ամիս անց գործը կարճվեց, ինձ մի հատ կոշիկի տուփ են տվել, պատկերացնում եք՝ մամային տալիս են կոշիկի տուփ, ասում են՝ այստեղ քո երեխան է կտրատված, չես կարող տեսնել նրան, մենք իրենից փորձանմուշներ ենք վերցրել. ես այդ տուփը բերել եմ, հուղարկավորել: Ծննդատան փոխտնօրեն Արշակ Ջերջերյանն էլ, չգիտես ինչու, գնացել, հասել է դատաբժշկական, ասել է՝ մենք լուրջ ֆինանսական խնդիրներ ունենք, չենք կարող գնալ դիակը վերցնել, զանգեն մեզ ասեն՝ համաձա՞յն ենք տանեն դիակը անտերների գերեզմանոցում թաղեն: Ես հիմա ԴՆԹ եմ պահանջում, թող գան, փոսը քանդեն, այդ կոշիկի տուփը հանեն, մեջը ինչ դրել են, հանեն ԴՆԹ անեն: Ես ուղղություն ունեմ, որտեղ է իմ երեխան, թե հետո այդ ծնողի երեխային ոնց պետք է տան իրեն, դա արդեն իրենք գիտեն: Ես ունեմ իրենց facebook-ը, ամեն օր հետեւում եմ այդ երեխայի նկարներին, ես համեմատում եմ ու նմանեցնում մեզ»:
Նաիրա Այվազյանի խոսքով, դիահերձարանից իրենց տրված փաստաթղթերում, որտեղ նշված են եղել իր նորածնի հասակի, քաշի, գլխի չափսերը չեն համընկել հանրապետական ծննդատան տված փաստաթղթերում առկա տվյալներին. «Ոչ մի թիվ իրար չի բռնում»:
Կարդացեք նաև
Նաիրա Այվազյանը դիմել է վարույթ իրականացնող մարմնին՝ գործի վերաբացման պահանջով, գործի վերաբացումն, ըստ նրա, ընթացքի մեջ է:
Հիշեցնենք, որ նախօրեին մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, ծնողներից երեխային ապօրինի բաժանելու կասկածանքով ձերբակալվել է «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ընկերության տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը:
Այսօր Ռազմիկ Աբրահամյանին մեղադրանք առաջադրվեց ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով եւ 200 հոդվածի 3-րդ կետով: Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ: Չնայած առաջադրված մեղադրանքին՝ Ռազմիկ Աբրահամյանը սրտի գանգատներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:
Նշենք նաեւ, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Դավիթ Բալայանի, այսօր ոչ իրավաչափ է ճանաչել Ռազմիկ Աբրահամյանի ձերբակալման որոշումը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Սա հաստատ նույնասեռականերն են արել: Իրենց երազանքն է քայքայել ավանդական հայ ընտանիքը: Երեխաներին վաճառելով փորձում են քարոզել նույնասեռականությունը մեր բարի ավանդական ընտանիքներում: Սա կատակ է իհարկե: