Այսօր Էրեբունու քննչական բաժնի քննիչի կողմից կարճվել է ՀՀ ՊՎԾ լիազորությունները կասեցված պետ Դ.Սանասարյանի կողմից ներկայացված շորթման հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործի վարույթը՝ հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:
Հիշեցնեմ, որ Դ.Սանասարյանը պնդում էր, թե իր կողմից վրաերթի ենթարկված 9-ամյա տղայի մայրը իրենից շորթել է 300.000 դրամ՝ իբր վթարի մասին իրավապահներին չհայտնելու համար:
Նախ` պետք է նշեմ, որ նման բան չի եղել և հաղորդումը ամբողջությամբ ստահոդ էր և դրա իրական նպատակը, իմ կարծիքով, վրաերթի գործով պաշտպանվել էր:
Հաշվի առնելով հաղորդում ներկայացրած անձի հանրային կերպար լինելը, նման վարքագծի բարոյական կողմի մասին դատողությունները թողնում եմ հանրությանը:
Պետք է նաև նշեմ, որ նույնիսկ, եթե Դ.Սանասարյանի հաղորդումը համապատասխաներ իրականությանը, ապա այդ դեպքում էլ շորթման հանցակազմը կբացակայեր, քանի որ խոսքը գնում է մասնավոր մեղադրանքի գործի մասին, այսինքն՝ տուժողի կողմից վնասի հատուցում պահանջելը՝ մասնավոր բողոքի գործով հաղորդում չներկայացնելու համար, կրում է միանգամայն օրինական բնույթ:
Կարդացեք նաև
Սա էլ թողնեմ հաղորդման հեղինակի և նրա խորհրդատուների մասնագիտական խղճին:
Նշեմ, որ ամենասկզբից չէի կասկածում, որ այս քրեական գործը ունենալու է նման վախճան և թող դա դաս լինի բոլոր նրանց համար, ով զազրելի չի համարի ստահոդ հաղորդումներ ներկայացնելը երկու փոքրիկ տղաների մայր հանդիսացող կնոջ դեմ:
Հ.Գ.Վրաերթի քրեական գործով նախաքննությունը շարունակվում է, մեղադրյալներ այս պահին դեռ չկան:
Փաստաբան Տիգրան Աթանեսյան