Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը հայտարարություն է տարածել, որտեղ իշխանություններին մեղադրում է գանձագողության, հովանավորչության, օֆշորներում հարստություն կուտակելու, ժողովրդին աղքատության մատնելու, բռնապետական հակումների եւ էլի շատ հոռի արարքների մեջ:
Անցած 12 տարիներին խորհրդարանում գործադիր իշխանության հենարան հանդիսացած կուսակցություններից, ԱԺ պատգամավորներից արձագանք չկա: Մի՞թե այդքան արագ մոռացել են նախագահ Բակո Սահակյանի հետ անցած ճանապարհը: Մի՞թե քաջություն չունեն հակադարձելու այդ մերկապարանոց մեղադրանքներին, հիշելու եւ հիշեցնելու, թե ինչ «ժողովրդավարություն» էր Արցախում մինչեւ 1999թ. կեսերը, ու՞մ ձեռքում էր կենտրոնացած տնտեսությունը, ովքե՞ր էին անտոկոս-անվերադարձ պայմանով տասնյակ հազարավոր դոլարի վարկեր ստանում «Արցախինվեստ» հիմնադրամից:
Ու՞մ էր պատկանում «Յուպիտեր» կոնցեռնը: Ո՞վ ուներ Արցախ բենզին եւ դիզվառելիք ներկրելու մենաշնորհ: Ո՞վ էր զբաղվում մետաղի «ջարդոնի» արտահանմամբ եւ ինչպե՞ս այդ անվան տակ ապամոնտաժվեց Աղդամ-Ստեփանակերտ երկաթգիծը, դատարկվեցին մետաքսի եւ շինանյութերի կոմբինատի արտադրամասերը, ավերվեցին գյուղատնտեսական մեքենաների, կոնդեսատորների գործարանները, դատարկվեցին գինու-կոնյակի, սպիրտի պահեստարանները… Մեկը չկա՞՝ թվարկի, թե անցած երկու տասնամյակում ինչ ծավալի շինարարություն է իրականացվել Արցախում: Ինչ ենթակառուցվածքներ են ստեղծվել: Արտադրական հզորություններ: Չկա՞ մեկը՝ հիշեցնի եւ այսօրվա Շուշին համեմատի 1990-ականների ուրվական քաղաքի հետ: Օրվա իշխանությունը, եթե ոչինչ չարած էլ լինի, միայն այն, որ նախագահ Բակո Սահակյանի անձնական նախանձախնդրությամբ հիմնավորապես վերափոխվել, վերահայացվել է Շուշին, բավական է, որ պատմությունը նրան հիշի որպես Շինարար նախագահի: Է՜յ, ո՞վ կա այդտեղ, պարոնայք, ինչու՞ եք լռում: Ձեզ ձեռք չի տալիս խոսել, որովհետեւ այդ տարիներին վարչապետ է եղել Արայիկ Հարությունյա՞նը: Որովհետեւ ստիպված եք լինելու նաեւ նրա ներդրու՞մն ընդգծել: Մի տատամսկեք, այդ տասնամյակի հաջողությունները մի որոշ մասով նաեւ ձերն են: Քանի որ եթե ոչ նախաձեռնող, ապա գոնե նախաձեռնությունների քաղաքական ուղեկից եք եղել: Ավելի լավ է խոսել՝ չուրանալով անցյալը, քան լռել: Որովհետեւ այդ դեպքում ձեզ վրա եք վերցնում ՊԲ նախկին հրամանատարի ներկայացրած մեղադրանքը:
Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյան