Դեկտեմբերի 19-ին, ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում Մնջախաղի պետական թատրոնին տրամադրված շենքի շինարարության վերաբերյալ մամուլի ասուլիս էին հրավիրել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արայիկ Խզմալյանը, Նարինե Խաչատուրյանը, Քաղաքաշինության պետական կոմիտեի ծրագրերի իրականացման վարչության պետ Արսեն Միրզոյանը, Մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը:
Անդրադառնալով Մնջախաղի պետական թատրոնին տրամադրված շենքի շինարարության շուրջ շրջանառվող խոսակցություններին` ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը նշել է. «Այս հրաշալի շենքը, որը բավականին մեծ ծավալ ունի և մի քանի հասցեներ է ներառում իր մեջ՝ հուշարձանների ցանկում է գրանցված: Բայց կառավարության կողմից հաստատված հուշարձանների ցանկում շատ ուշագրավ մի դրվագ կա. Գրապալատի շենքը՝ խնդրո առարկա հասցեն՝ Քոչար 21-ը, որը Իսահակյան, Քոչար և Կորյուն փողոցներով է պարփակված՝ հուշարձանների ցանկում որպես հուշարձանային մաս նշված չի: Այսինքն՝ այստեղ նշված է Տերյան, Իսահակյան, Քոչար 4 հասցեները, իսկ Քոչար 21-ը ներառված չի: Ամեն դեպքում կառավարության 1616 որոշումը արդեն հիմք է, որ առանց գիտամեթոդական նիստի, այս հարցը սովորական ընթացակարգով տարվեր, սակայն ելնելով այն հանգամանքից, որ շենքը ամբողջությամբ պատմամշակութային արժեք է, նախարարությունում որոշում է կայացվել, որ հարցը քննարկվի այն ընթացակարգով, որը կիրառվում է պատմամշակութային հուշարձանների դեպքում: Մենք 2 անգամ այս հարցը դրել ենք գիտամեթոդական հանձնաժողովի նիստին. առաջին անգամ այն չի ընդունվել՝ պակասող փաստաթղթերի հիմքով, կային նաև տարաձայնություններ մասնագետների միջև՝ միևնույն խնդիրների շուրջ: Այդ փաստաթղթերը հետ են ուղարկվել լրամշակման, որից հետո լրամշակված տարբերակը ներկայացվել է»:
Արայիկ Խզմալյանն էլ հավելել է, որ առաջին անգամ վերցնում են տարածք, պետական միջոցներով ստեղծում են մշակութային միջավայր: «Սրա դեմ խոսելը, եթե առավել ևս տակը չկա իրավական որևէ շեղում, կարգի շեղում, ես համարում եմ շատ տարօրինակ: Սա շատ տարօրինակ վիճակ է, և մենք, ստիպված ենք լինում արհեստական օրակարգի դեմ այ այսպես կարևոր, ստրատեգիկ գործերը թողնել և ապատեղեկատվության դեմ պայքարել անընդհատ: Կարծիքներ են հնչում, որ մեզ պետք չի Մնջախաղի թատրոն, այսինքն՝ մեկ, երկուսը որոշել են, որ Հայաստանի Հանրապետությանը Մնջախաղի թատրոն պետք չի, մինչդեռ մշակութային մեր առաջնահերթության մեջ այս թատրոնը, այս հարթակը, որը պիտի ձևավորվի, պիտի դառնա լրջագույն լաբորատորիա բոլոր մյուս թատրոնների համար: Մենք մասնագիտական լուրջ խնդիրներ ենք դնելու այս թատրոնի և այս հարթակի առջև»,- հայտարարել է նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը:
Քաղաքաշինության պետական կոմիտեի ծրագրերի իրականացման վարչության պետ Արսեն Միրզոյանը տեղեկացրել է, որ տվյալ ծրագրի շրջանակում, քաղաքաշինության կոմիտեն հանդիսանում է համաձայն բյուջետային ծրագրավորման և բյուջետային վարման կարգի ստորադաս կարգադրիչ՝ այսինքն կառավարության որոշմամբ պատվիրակված է և հանդես է գալիս որպես կառուցապատող: 2019 թվականի բյուջեով արդեն 45 միլիոն դրամ հատկացվել է տվյալ շենքի շինարարական աշխատանքների համար: «Ի սկզբանե նախագիծը մշակվել է 2016-17 թվականներին: Այստեղ ամենախնդրահարույց հատվածը մուտքային հանգույցին էր վերաբերում: Մեր նախաձեռնությամբ նախագիծը վերանայվել է և մուտքային հանգույցը հանվել է: Նախարարության պահանջով նախագիծը ամբողջությամբ ներկայացվել է որպես հանրապետական նշանակություն ունեցող հուշարձան, այսինքն նախարարության կողմից ընթացակարգը ավելի է խստացվել»:
«Տվյալ պահին հուշարձանի փոփոխության մասով աշխատանքներ չեն իրականացվում. զուտ ամրակայման շինարարական աշխատանքներ՝ լիազոր մարմնի, գիտամեթոդական խորհրդի և պատկան այլ կառույցներից ստացված թույլտվությունների և համաձայնությունների հիման վրա: Այս փուլում կառավարության որոշում պետք չէ»,- հավելել է Արսեն Միրզոյանը:
Կարդացեք նաև
Լրագրողների այն դիտարկմանը, թե սոցիալական ցանցերում շրջանառվում է, որ թատրոնի շենքի համար՝ մեկ հարկ է կառուցվելու եղած շենքի վրա, Արսեն Միրզոյանը պատասխանել է՝ ոչ թե մեկ հարկ են ավելացնելու շենքի վրա, այլ ներսից առաստաղի մի հատվածն են 1.5 մետր բարձրացնելու, որպեսզի բեմը կարողանան այդտեղ տեղակայել։
«Ինչ վերաբերում է հուշարձանի փոփոխմանը նախատեսվում է ձախակողմյան հատվածի պարապետի բարձրացում՝ բեմական տարածքի անհրաժեշտ բարձրությունն ապահովելու նպատակով, որը հարկայնության փոփոխություն չէ, հիմք ընդունելով գիտամեթոդական խորհրդի եզրակացությունը, կազմվել է կառավարության որոշման նախագիծ, ինչի վերաբերյալ արդեն իսկ ստացվել են շահագրգիռ պետական մարմինների դրական կարծիքները, որը ներկայացվում է ՀՀ արդարադատության նախարարություն: Նշված գործընթացի արդյունքում որոշման նախագիծը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ կառավարության հաստատմանը», – հավելել է Ա. Միրզոյանը:
Թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանի խոսքով՝ թատրոնն ունենալով պետական կարգավիճակ 36 տարի է պայքարում է շենք ունենալու համար. «Հիմա, երբ պետությունը մեզ տարածք է տրամադրել, որոշ մարդիկ սկսել են անգամ կարծիք հայտնել, թե արդյո՞ք մեզ պետք է մնջախաղի թատրոն։ Եվ սա այն դեպքում, երբ մենք միակ պետական թատրոնն ենք, որը չունի շենք, բայց միջազգային փառատոներ է անցկացնում»,- ասել է Ժ. Դադասյանը։
ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչություն